Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 11:12 02-10-2023

Փաշինյա՛ն, թող հայրենիք փրկենք, դրա հավանականությունն այսօր կա․ Օսկանյան

Երեսուն տարի երբևէ լսե՞լ եք, որ ԼՂ-ի հետ կապված մեկը տեռորիզմի մասին խոսի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը նույնիսկ նման բան չի խոսել։

«Ուզում եք ասել, որ Մինսկի խմբի համանախագահող երեք գերտերությունների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, երբ գալիս էին տարածաշրջան, հանդիպում ԼՂ ղեկավարության հետ՝ խոսում էին տեռորիստների հե՞տ, իսկապե՞ս։ Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում։ Ո՞ւր է ԱԳՆ-ն, ինչո՞ւ ձայն չեք հանում»։

Նա նաև ընդգծում է, որ նույնիսկ շատ ավելի դաժան պայմաններում Արցախը չի դատարկվել․

«Սա ՀՀ իշխանության վարած սխալ քաղաքականության արդյունքն է։ Վերջին հինգ տարիներին, յուրաքանչյուր ճակատագրական փուլում, մինչև Փաշինյանն իր ճակատագրական սխալն անելը, նրան խորհուրդներ են տրվել հրապարակային ու կուլիսային, չի լսել։ Նրան խոհուրդ է տրվել ԱԹՍ-ների հետ կապված՝ արհամարհել է։ Ունեցել ենք այս վիճակը։ Զոհ ենք մի մարդու տգիտությանը, անգործությանը։ Չի կարողանում։ Այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ են, մի նոր ճակատագրական փուլ ենք մտնում։ Փաշինյա՛ն, դու խորհրդի կարիք ունես»։

Օսկանյանը հավատացնում է, որ այսօր հնարավոր է դեռևս ինչ-որ բան անել, անելիք ունենք դիվանագիտական դաշտում։

«Թող հայրենիք փրկենք, դրա հավանականությունն այսօր կա։ Չեմ ուզում փակագծեր բացել, կարող եմ հինգ կետերով ներկացանել՝ ինչ պետք է անել։ Կա այդ հնարավորությունը, հիմա այնքան զգայուն են խնդիրները, որ չեմ կարող այդ կետերը բացել»,- ասաց Օսկանյանը և կոչ արեց այս ճակատագրական վիճակում սթափվել ու մտածել առաջարկի մասին։