copy image url
Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 17:00 28-09-2023

Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Ադրբեջանը չպետք է արդարանալու հնարավորություն ստանա

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացված վերջինս ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտը ստիպված եղավ ընդունել Բաքվի բոլոր պահանջները՝ կազմալուծել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները և հանձնել առկա ողջ սպառազինությունը, ինչպես նաև բանակցություններ սկսել՝ Ադրբեջանին ինտեգրվելու օրակարգի շուրջ։ Ստեղծված իրավիճակի հետևանքով Արցախի բնակչությունը ստիպված եղավ լքել իր ծննդավայրը և տեղափոխվել Հայաստան․ վերջին տվյալներով Արցախից Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը գերազանցում է 70 հազարը։

Հայաստանում նման իրավիճակ ստեղծվել էր նաև 1990-ական թվականներին, երբ Ադրբեջանում բնակվող շուրջ 500 հազար հայեր ստիպված եղան լքել իրենց տները և գալ Հայաստան։ Սակայն տարբեր հանգամանքների հետևանքով վերջիններս չինտեգրվեց հայ հասարակությանը, և նրանց մեծ մասը ստիպված եղավ Հայաստանից հեռանալ և հաստատվել տարբեր երկրներում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ այն ժամանակ Բաքվի հայ բնակչությունը մեծամասամբ ռուսախոս էր և քաղաքաբնակ ու չհարմարվեց Հայաստանում, իսկ իշխանություններն էլ համապատասխան ձևով չկարողացան տնտեսապես ինտեգրել նրանց։ Նա հիշեցրեց, որ վերջիններիս չտրամադրվեց փախստականի կարգավիճակ՝ այդ դեպքում, երբ ադրբեջանցիները պահում էին ճամբարներ, որտեղ տեղակայել էին ադրբեջանցի կեղծ փախստականների, հիմնական տարբերությունը սա էր։

Դիտարկմանը, թե հնարավոր է արցախցիները նույնպես չինտեգրվեն և չմնան Հայաստանում՝ Մանասյանը նշեց, որ չպետք է այդպիսի թեզեր շրջանառության մեջ դնել ու նման ընթացք կանխորոշել։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խոսել, ոչ թե նրանց դուրս գալու հնարավորության, այլ որևէ տարբերակով այստեղ նրանց կարգավիճակը պահպանելու տարբերակների մասին։

Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը, որպեսզի նման բան տեղի չունենա՝ քաղաքագետը պատասխանեց, որ ՀՀ-ն նախևառաջ պետք է խոսի այն մասին, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում ցեղասպանություն է, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի զրկվել իր հայրենիքում ապրելու իրավունքից, նրան պարզապես բռնությամբ դուրս են մղել, արտաքսել են իր հազարամյա բնակության վայրերից։ «Սա պետք է ասել և որևէ կերպ թույլ չտալ և չնպաստել, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը ստանան արդարացի բնույթ, և վերջինս արդարանալու կռվաններ ստանա»,- կարծում է նա։

Ալեքսանդր Մանասյանն ընդգծում է, որ 30 տարի շարունակ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցում էին Ադրբեջանի և Արցախի հետ, և Արցախի հետ խոսում էին որպես հակամարտության կողմի հետ՝ նրանց մեջ չտեսնելով ահաբեկիչների։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ադրբեջանն իր գործողություններն անվանում է հակաահաբեկչական՝ այն դեպքում, երբ իր քայլերն են ահաբեկչական։

«30 տարի Արցախը եղել է կոնֆլիկտի կողմ, և միջազգային հանրությունն Արցախի վարքում ու քայլերում չի տեսել ահաբեկչության որևէ հետք։ Իսկ ահաբեկիչ պետությունն ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովրդի դեմ իրականացնում է ահաբեկչական գործողություն։ Ինքն է ահաբեկիչը»,- նշեց նա։

Մեր հարցին, թե Հայաստանի իշխանությունները ցանկանո՞ւմ են արցախցիներին ինտեգրել, քանի որ վերջիններս կարող են իրենց համար խնդիրներ ստեղծել՝ Ալեքսանդր Մանասյանը պատասխանեց, որ այս հարցի հասցեատերը իշխանությունն է, անհրաժեշտ է հարցն իրենց ուղղել։