copy image url
Արտաքին Ներքին 7 ամիս առաջ - 17:00 27-09-2023

Ինչու միջազգային հանրությունը լուռ մնաց, երբ Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն էր իրականացնում

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ հերթական ագրեսիան իրականացրեցին, որի հետևանքով Ստեփանակերտը ստիպված էր համաձայնել Բաքվի բոլոր պահանջների կատարմանը. զինաթափել և լուծարել Արցախի պաշտպանության բանակը, ինչպես նաև բանակցություններ սկսել՝ Ադրբեջանին ինտեգրվելու օրակարգով։ Այս ամենի հետ մեկտեղ հայկական կողմն ունեցավ հարյուրավոր զոհեր և վիրավորներ՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում, կան նաև բազմաթիվ անհետ կորած քաղաքացիներ, որոնց ճակատագիրն առ այս պահը հայտնի չէ։

Փաստացի Ադրբեջանը Արցախի բնակչության նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն, որը միջազգային հանրության կողմից չարժանացավ որևէ նշանակալի արձագանքի, կամ հակազդեցության։ Փաստացի միջազգային դերակատարների հիմնական մասը, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, որն Արցախում ունի խաղաղապահ առաքելություն և պարտավոր է ապահովել այնտեղ ապրող բնակչության անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ընդունեցեն, որ Ադրբեջանը գործում է իր միջազգայինորեն ճանաչված տարածքում և այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում՝ իր տարածքում գործող անջատողական զինված խմբավորումների դեմ»։

Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե ինչո՞վ պայմանավորված այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը աչք է փակում Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության նկատմամբ։ Բնականաբար աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների պայմաններում Ադրբեջանի դերը մեծացել է, և միջազգային տարբեր դերակատարներ ձգտում են այս երկրի լավ հարաբերություններ պահպանել, քանի որ չափազանց մեծ կախվածություն ունեն վերջինիս նավթագազային ռեսուրսներից։

Սակայն ցանկանում ենք ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության լռությունը պայմանավորված չէ բացառապես Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկությամբ։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ այս տարվա մայիսի 22-ին կայացած իր ասուլիսի ընթացքում մասնավորեցրեց, որ Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը ներառում է նաև Արցախը, դրանով իսկ ազատեց Ադրբեջանի ձեռքերը և լեգիտիմացրեց Արցախի տարածքում վերջինիս կողմից իրականացվող ցանկացած գործողություն։

Բացի այդ միջազգային հանրության անտարբերության մեջ չափազանց մեծ դեր ունեցավ այն հանգամանքը, որ Արցախի դեմ ագրեսիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իբր Ադրբեջանի հարձակումները չեն վտանգում Արցախի խաղաղ բնակիչների կյանքը։ Այս հայտարարությունը փաստացի կանխորոշեց նաև ԱԽ նիստի ելքը, որը որևէ արդյունք չտվեց, իսկ նիստից օրեր անց մեկնարկեց Արցախի բնակչության տարհանման գործընթացը։ Ավելին՝ նույն նիստի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի մեղադրանքներին հակադարձելու նպատակով հղում կատարեց վերջինս վարչապետի հայտարարություններին՝ պնդելով, որ այդ մեղադրանքները հերքել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Արցախում իրականացվեց հերթական ցեղասպանությունը, իսկ միջազգային հանրությունը ցուցաբերեց հանցավոր անտարբերություն՝ մի կողմից Ադրբեջանի հետ ունեցած շահերի, իսկ մյուս կողմից Հայաստանի իշխանություն անհեռատես քաղաքակնության հետևանքով։ Այս իրավիճակը կանխատեսելի էր դեռևս 2022 թվականի դեկտեմբերից, երբ Ադրբեջանն ապօրինաբար շրջափակեց Լաչինի միջանցքը և 9 ամիս շարունակ հրաժարվեց այն բացել, չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումներին, որոնք Բաքվին պարտավորեցնում էին անհապաղ բացել միջանցքը։

1948-ի դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել այն իրականացնողներին:

Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.

1. Խմբի անդամների սպանություն.
2. Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.
3. Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.
4. Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը.
5. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:
Ամփոփելով Ադրբեջանի կողմից իրակացված գործողությունները՝ ակնհայտ է, որ դրանք համապատասխանում են վերոհիշյալ գրեթե բոլոր ձևակերպումներին։

Ձեզ գուցե հետաքրքրի