Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախօրեն թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը ներկայումս խաղաղության համար Հայաստանից 100 միլիարդ դոլար փոխհատուցում է պահանջում։ Մասնավորապես Բաքուն Երևանից փոխհատուցում է պահանջում՝ այսպես կոչված «ադրբեջանական տարածքները 30 տարի շարունակ օկուպացնելու և թալանելու համար»։
Հատկանշական է, որ փոխհատուցում վճարելու թեման կրկին ակտիվացավ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախում հերթական ագրեսիան իրականացրեց և կարողացավ փաստացի ողջ Արցախը վերցնել իր վերահսկողության տակ։ Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում այս թեման շրջանառվում էր նաև Արցախյան 44-օրյա պատերազմից հետո․ այն ժամանակ խոսք էր գնում 50 միլիարդ դոլար փոխհատուցման մասին, իսկ այժմ, ինչպես տեսնում ենք, թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները միայն մեծացել են։
Միևնույն ժամանակ նմանատիպ հրապարակումներում կարմիր թելով անցնում է այն քարոզչական թեզը, որ եթե միջազգային դատարանը Հայաստանի նկատմամբ նման որոշում կայացնի, ապա ՀՀ-ն չի կարողանա այդքան մեծ գումար վճարել, քանի որ գտնվում է տնտեսական կոլապսի մեջ։ Ստեղծված իրավիճակում թուրքական կողմը որպես լուծում առաջարկում է, որ ՀՀ-ն «իր պատճառած վնասների համար» տարածքով փոխհատուցի՝ նշելով, որ միջազգային հարաբերություններում նման փորձ կա։
Եթե 2020 թվականի հրապարակումներում տարածքային փոխհատուցման համատեքստում թուրքական կողմը հավակնություններ էր դրսևորում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ, ապա ներկայումս պահանջում է ոչ միայն հիշյալ մարզերը, այլ նաև Գեղարքունիքի մարզի մի մասը՝ Սևանա լճի հարակից տարածքը։
Թուրքական լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունը նախօրեին հերքել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ այն որակելով որպես լկտի սուտ։ Վերջինս նաև նշել էր, թե դա ոմանց լկտի ցանկությունն է, որն իբր դառնալու է հեղաշրջման հիմք: «Ու այս ճղճիմ ցանկության համար մի ամբողջ ժողովրդի, որն այս օրերին ողբերգություն է ապրում, գցում են նոր սթրեսի մեջ: Նման պայմանավորվածություն չի եղել, չկա ու չի կարող լինել,- գրել էր նա:
Ցավոք սրտի Հայաստանի ներկայիս իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ կարող են այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ամբողջովին հակասում են ավելի վաղ իրենց իսկ կողմից հնչեցված հայտարարություններին, իսկ թուրքական, կամ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները ավելի ուշ իրականություն են դառնում։ Դեռևս 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, երբ ադրբեջանական ուժերը որևէ ուղղությամբ առաջխաղացում էին ունենում, տարբեր բնակավայրեր էին գրավում պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր այդ տեղեկությունները, պնդում, թե դրանք տարածողները սպասարկում են թշնամու օրակարգը, վնասում կենաց-մահու պայքար մղող զինվորին, սակայն արդեն նոյեմբերի 9-ի կապուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո պարզ դարձավ, որ թշնամու առաջխաղացման և արձանագրած հաջողությունների մասին բոլոր տեղեկությունները համապատասխանում էին իրականությանը։ Ավելին Հայաստանի վարչապետը 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ արդեն 2023 թվականի մայիսին իր հայտնի ասուլիսի ժամանակ պնդեց, որ Ադրբեջանի 86․6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված ակնլավները։
Բացի այդ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել նաև այն իրողության վրա, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին տվել է բոլոր իրավական հիմքերը, որպեսզի վերջինս կարողանա Հայաստանին միջազգային դատարանում օկուպանտ ճանաչել և փոխհատուցում պահանջել։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է վերադարձնում Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները։
Նկատենք, որ եթե Հայաստանն ընդունում է, որ ինքն է հիշյալ շրջանները վերադարձնում Ադրբեջանին, ապա սրանով ընդունում է նաև Ադրբեջանի այն քարոզչական թեզը, թե, իբր ՀՀ-ն 30 տարի շարունակ օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը, ինչը վերջինիս անշուշտ կօգտագործի իր նպատակներին հասնելու համար։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անունը չի հիշատակվել անգամ 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի չորս բանաձևերում, որոնց Փաշինյանը հաճախ է հղում կատարում՝ սեփական ձախողումներն արդարացնելու նպատակով․ այս բանաձևերում նշվում էր, որ ոչ թե Հայաստանը պետք է դուրս գա հիշյալ շրջաններից, այլ Արցախի հայկական ուժերը։ Սա ժամանակի հայկական իշխանության մեծագույն ձեռքբերումներից էր, որը նույնպես Փաշինյանը կարողացավ իր մեկ ստորագրությամբ մսխել։
Այսպիսով Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հետևանքով Հայաստանի կորուստների շղթան ոչ միայն չի ընդհատվում, այլ նաև ավելի է ընդլայնվում։ Փաշինյանն իր անմտածված քայլերով վտանգում է Հայաստան պետության գոյությունը՝ ստեղծելով մի իրավիճակ, որն հնարավոր չի լինի հաղթահարել անգամ իր հեռացումից հետո, ինչպես նաև վտանգում է հաջորդ սերունդների բարեկեցությունը, քանի որ չափազանց մեծ է հավանականությունը, որ թուրք-ադրբեջանական տանդեմին կհաջողվի հասնել նաև այս նպատակի իրականացմանը, և ՀՀ-ն ստիպված կլինի խոշոր ռազմատուգանք վճարել, կամ տարածքային խոշոր կորուստներ ունենալ, որն աղետալի հետևանքեր կունենա երկրի համար։
Այլ կերպ ասած իրականություն է դառնում Փաշինյանի այն հայտարարությունը՝ համաձայն որի կա՜մ նա կլինի վարչապետ, կա՜մ Հայաստանը չի ունենա վարչապետ։ Գուցե 2018 թվականին հասարակությունն այնքան էլ լուրջ չընդունեց Փաշինյանի այս հայտարարությունը, մտածեց, որ այն արվել է պահի թելադրանքով՝ բացառապես ներքաղաքական համատեքստում, սակայն հետագա իրողություններից պարզ դարձավ, որ վերջինիս գործողությունները, կամա, թե ակամա հանգեցնում են նրան, որ Փաշինյանը լինի Հայաստանի վերջին վարչապետը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա տարբեր հարցերում ՀՀ-ի կողմից կատարված զիջումներից հետո այդ երկրի ախորժակը միայն մեծանում է, և վերջինս նորանոր պահանջներ է ներկայացնում, իսկ ՀՀ իշխանությունների գործողությունները հանգեցնում են այդ պահանջների կատարմանը։ Ստեղծված իրավիճակը փաստում է հրատապ իշխանափոխության անհրաժեշտությունը, քանի դեռ Հայաստանը չի հատել անդառնալիության կետը։