copy image url
Ներքին Արտաքին 7 ամիս առաջ - 18:45 26-09-2023

ՀՀ-ի դեմ հարձակումը հնարավոր է միայն աշխարհաքաղաքական կոնսենսուսի դեպքում. Երևանը պետք է կանխի դա

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետությունը ներկայումս հայտնվել է չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որը պետության հետագա զարգացման տեսանկյունից լրջագույն մարտահրավերներ և սպառնալիքներ է պարունակում։ Թուրք-ադրբեջանական տանդեմին Հայաստանի իշխանությունների սխալների, ինչպես նաև հետևողական անտարբերության արդյունքում հաջողվեց Արցախի հարցն ամբողջությամբ լուծել Ադրբեջանի օգտին, հայաթափել Արցախի մնացած հատվածը, որտեղ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո հաստատվել էին ռուս խաղաղապահները, ինչի արդյունքում տեղի բնակչությունը վերադարձել էր իր տները։

Ինչպես բազմիցս նախազգուշացնում էին մասնագիտական և փորձագիտական շրջանակները, Արցախի հարցն իր օգտին լուծելուց հետո Ադրբեջանը, ինչպես նաև վերջինիս դաշնակից Թուրքիան չեն սահմանափակվելու և իրենց հավակնություններն ուղղելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։ Վերջին շրջանում հատկապես Թուրքիան ակտիվորեն հայտարարում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի՝ ակնարկելով, որ եթե Հայաստանը դա չանի կամավոր կերպով, ապա իրենք կհարկադրեն դա անել։ Ավելին` Թուրքիայի նախագահը «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսեց նաև այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ունեցած ելույթում, որը ոչ այլ ինչ էր քան հավականություն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք կողմ են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, սակայն դա չպետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության խախտման հաշվին։ Այս տարբերակով ապաշրջափակումը չի բխում Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, քանի որ վերջիններս Հայաստանից պահանջում են արտատարածքային միջանցք, որի նկատմամբ ՀՀ-ն որևէ վերահսկողություն չի ունենա։

Հենց այս իրողությունները հաշվի առնելով էլ մի շարք ռազմական փորձագետներ չափազանց բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ նոր հարձակման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ ակտիվորեն քննարկվում է նաև այն հարցը, թե Թուրքիան ուղղակի հարձակում կգործի՞ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, թե հերթական անգամ կաջակցի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից ուղղակի ներխուժման հնարավորությանը, ապա այն հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Անկարային հաջողվի աշխարհաքաղաքական կոնսենսուսի հասնել այդ հարցի շուրջ։ Ինչպես հայտնի է այն տարածաշրջանում իրենց շահերը ունեն Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, որոնցից վերջինը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանային սահմանների փոփոխությունն իր համար անընդունելի է, իսկ հայ-իրանական հազարամյա բարեկամության սահմանի պահպանումը Թեհրանի համար կարմիր գիծ է։ Այս իրավիճակում առավել իրատեսական է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հերթական ագրեսիան կիրականացնի Ադրբեջանը, իսկ Թուրքիան ամեն կերպ կաջակցի վերջինիս՝ համաձայն 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված այսպես կոչված Շուշիի հռչակագրի։

Միևնույն ժամանակ չի բացառվում, որ ՀՀ տարածք ներխուժելու հարցում Թուրքիային կհաջողվի կոնսենուսի հասնել տարածաշրջանային մյուս դերակատարների հետ։ Այս հարցի շուրջ թուրքական դիվանագիտությունը ակտիվորեն աշխատում է, սակայն վերջինիս դեռևս չի հաջողվել հասնել այդ կոնսենսուսին։ Նշենք, որ գաղտազերծված փաստաթղթերի համաձայն Թուրքիան դեռևս 1990-ական թվականներից մի քանի անգամ ծրագրել է ներխուժել Հայաստանի տարածք, ճիշտ քաղաքականության և հմուտ դիվանագիտության շնորհիվ թուրքական հնարավոր ներխուժումները հաջողվել է կանխել, սակայն թուրքական կողմը երբեք չի հրաժարվել իր այս նկրտումներից։

Իսկ եթե այնուամենայնիվ թուրքական կողմին հաջողվի կոնսենսուսի հասնել ՀՀ տարածք ներխուժելու հարցում, ապա դա ողբերգական հետևանքներ կունենա անկախ հայկական պետականության համար։ Հնարավոր կոնսենսուսը կարող է կայանալ Հայաստանի տարածքը մի քանի մասի բաժանելու շուրջ, որի արդյունքում կբավարարվեն բոլոր դերակատարների շահերը՝ բացառությամբ ՀՀ-ի, քանի որ այդպիսի պետություն քարտեզի վրա այլևս չի լինի։

Հիշեցնենք, որ Հայաստան Թուրքիայի վերջին ներխուժումը, որը տեղի է ունեցել 1920 թվականի սեպտեմբերին նախապատրաստվում էր ավելի քան մեկ տարի, սակայն այն տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ Թուրքիան վստահ եղավ, որ Ռուսաստանը որևէ միջամտություն չի ցուցաբերի։ Այս մասին հետագայում անձամբ խոստովանել է թուրքական զորքերի հրամանատար Քյազըմ Քարաբեքիրը։

Ներկայումս պաշտոնական Երևանը պետք է ամեն գնով կանխի այդ կոնսենսուսի հաստատումը, որն իր համար անդառնալի հետևանքներ կունենա։ Կոնսենսուսը կանխելու համար Հայաստանը նախևառաջ պետք է վերացնի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա լարվածությունը, ինչպես նաև հնարավորինս խորացնի իր փոխգործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, քանի որ տարածաշրջանային սահմանների անձեռնմխելիությունը բխում է հատկապես Իրանի շահերից։

Միևնույն ժամանակ չափազանց կարևոր է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ամրապնդումը, ինչպես նաև զինված ուժերի մարտունակության բարձրացումը, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի որոշ չափով վերականգնել ուժերի հավասարակշռությունը, որը խախտվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությունից հետո։ Հավելենք, որ միայն ուժերի հավասարակշռությունը կարող է զսպել Հայաստանի նկատմամբ առկա տարածքային հականությունները։