copy image url
Մշակույթ 7 ամիս առաջ - 18:14 26-09-2023

Սիրտս նման է էն փլած տներ․ Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին ասել է. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։

Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է։

Ցավի, տառապանքի, բայց և պայքարի հավերժական ճանապարհին հայն իր հետ իր երգերն է տարել․ ցավը հնչյուն է դարձել, տառապանքը՝ համանվագ։ Զավակին կորցրած մայրը երգի մեջ է խեղդել ցավը, արևի տակ խունացած ու քրտինքի մեջ թաթախված քուրձը հագին՝ հայ գյուղացին երգի մեջ է խեղդել իր տանջանքը, թեկուզ մի պահ թուլացած՝ հայ զինվորն անգամ նահանջն է երգով զարդարել՝ վստահ, որ նորից կռվի ռազմերգ պիտի հնչեցնի։ Մեր պատմության մեջ եղել են և երջանիկ օրեր, երբ հայ մանուկների շուրթերին հնչել են քաղցրիկ տաղիկն ու շարականը, երբ նորահարսին գյուղի կանայք երջանկության բանաձևումներ են ձոնել, երբ երազված մանկան օրոցքի մոտ մայրն իր սրտի թաքուն անկյուններում պահված երազներն է հյուսել ու հնչեցրել օճորքն ի վեր։

Երգը հայ մարդու առօրյայի անբաժան մասն է եղել, բայց կմեռներ այդ երգը, եթե Կոմիտաս վարդապետը դրանք չհաներ խավարից, չմաքրեր փոշին ու փայլեցներ՝ վերադարձնելով կրկին ժողովրդին։



Նա նաև հիանալի երգում էր։ Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ: Բեռլինում ներկայացրել էր հայ ժողովրդական երգերը, ցնցել բոլորին։ Օպերայի տնօրենը անձամբ հրավիրում է նրան իբրև օպերայի գլխավոր երգիչ և խոստանում բացառիկ աշխատավարձ:

Կոմիտասը պատասխանում է նրան. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»:

Հրաչյա Աճառյանն իր հուշերում պատմում է, թե ինչպես էր Կոմիտասը բոլոր առիթներն օգտագործում բանահավաքչության համար։



«Անգամ մը Ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասին կողմե այնքան անուշ երգվելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան:

Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսուցիչ և ուսանող աջ ու ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար…

Այդ օրը հավաքված էին Հայաստանի շրջաններեն հազարավոր ուխտավորներ, որոնք, ավանդական սովորության համաձայն, խնջույքի սեղաններ բացած, կզվարճանային՝ ժողովրդական երգի ու պարի, դահուլի ու զուռնայի աղաղակներով լեցնելով օդը:

Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին… Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրած էր հայկական ձայնանիշերով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գացինք, վրդովված էր Հայրիկը:

Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա՝ մեղքս շատ շուտ կքավեմ՝ հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն և պարերգներեն»:

Եվ Խրիմյան Հայրիկի ներողամիտ հայացքին տակ՝ Կոմիտաս երգեց իր նոտագրած երգերեն: Այդ օրվընե վերջ, Խրիմյան Հայրիկի հրամանով՝ ամեն տաղավարներու, պատարագեն վերջ Կոմիտաս ազատորեն կշրջեր և կհավաքեր հայ ժողովրդի երաժշտության գանձերը»:



Կոմիտասը մտահոգ էր իր ազգի ճակատագրով, խորհում էր ազգի ներկայի և ապագայի, անշոշափելի, բայց այնքա՜ն մոտալուտ տագնապների մասին. «…Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կը հուզին ի խորս մեր հալածական և ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կը տեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն: Փառասիրություն, փութկոտություն, մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, զոր մերկություն մտաց ծածկի ի միամիտ աչաց: Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն ընչաքաղցությամբ: Սիրտս փլած է… »:

Ամենից շատ դիտված

15:18 Կոտայքում մայրիկի անուշադրության հետևանքով 3-ամյա երեխան կանգնել է մահճակալին, պատուհանը բացել և 3-րդ հարկից դուրս ընկել. shamshyan.com
17:51 Հրազդանում կրակոցներից զոհված քրեական հեղինակություն «Դերոյի Արսեն»-ին այսօր հուղարկավորեցին
18:15 Վերջին զանգն է մոտենում. թիվ 87 դպրոցում ուսուցիչները զբաղված են միայն սուրճ խմելով
21:00 Թռիչքի ճանապարհին մառախուղ չկար. նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին
00:21 Իրանի հետախուզության ղեկավարը սպանվել է
09:00 Հաշտության հասնելու 3 գործիքները 
12:00 Սրբազանին կհաջողվի միավորել հասարակությունը. հարցում
16:40 Փաշինյանը շարունակում է իր «էշը քշել»․ ԴԱՀԿ ունեցող ավտոմեքենաների տերերը չեն կարողանում տեխզննում անել
23:05 Նորընծա գեներալ-լեյտենանտը 2016 թվականի մայիսին Փաշինյանի հետ Ճանկաթաղում խրամատ է փորել
09:57 Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը․ ներկա են նաև ընդդիմադիրները․ ՈւՂԻՂ