copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:00 25-09-2023

Տգիտությո՞ւն, թե՞ դավաճանություն. Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք օգտագործել է Ադրբեջանը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված հերթական ագրեսիային։ Ինչպես նախորդ դեպքերում, երբ նիստեր էին հրավիրվել Լաչինի միջանցքի շրջափակման և դեպի Արցախ բեռնափոխադրումներն արգելելու առնչությամբ, այս անգամ նույնպես նիստը որևէ գործնական արդյունք չտվեց, ինչպես նաև նիստի արդյունքներով չընդունվեց որևէ բանաձև, որը գոնե որոշ չափով կմեղմեր Արցախում ստեղծված ծանր իրավիճակը։

Հատկանշական էր, որ նիստին մասնակցող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հնչեցրած մեղադրանքներին արձագանքեց՝ մեջբերելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։ Բայրամովը հիշեցրեց, որ Փաշինյանը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից ժամեր առաջ հերքել է Արցախում հայ բնակչության զանգվածային սպանությունների մասին լուրերը։ «Հիշեցնեմ, որ այս մասին մեղադրանքները հերքել է հենց Հայաստանի վարչապետը»,- հայտարարեց Բայրամովը՝ հավաստիացնելով, թե ադրբեջանական բանակն, իբր, չի թիրախավորել քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքները։

Այսպիսով Հայաստանը ներկայումս հայտնվել է մի իրավիճակում, երբ ադրբեջանական կողմն իր ապօրինի գործողություններն արդարացնում է՝ օգտագործելով Հայաստանի վարչապետի հայտարարությունները։ Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանի հայտարարությունները լայն տարածում են գտնում Ադրբեջանում և օգտագործվում Հայաստանի դեմ.

Մասնավորապես ադրբեջանական կողմը ակտիվորեն տարածեց 2021 թվականի հունվարի 20-ին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որով վերջինս պնդել էր, որ նախքան Արցախյան հակամարտությունը Շուշի քաղաքն ունեցել է 90 և ավել տոկոս ադրբեջանցի բնակչություն և կասկածի տակ առել քաղաքի հայկականությունը՝ այդ կարգավիճակում։ «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ նախքան ազատագրումը Շուշիի բնակչության 90 եւ ավելի տոկոսը կազմել են ադրբեջանցիները: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք, որ հայտարարել ես, որ Արցախը Հայաստան է, եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձեւակերպեք այդ դիրքորոշումը և պաշտոնապես արձանագրեք»,- նշել էր Հայաստանի վարչապետը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին։

Ադրբեջանական լրատվամիջոցները և պաշտոնյաները Փաշինյանի այս հայտարարությունը օգտագործեցին Հայաստանի դեմ՝ պնդելով, որ Հայաստանի վարչապետն ընդունել է, որ «Շուշին ադրբեջանական քաղաք է»։ Չնայած Հայաստանի վարչապետը փորձում էր ամեն գնով արդարացնել Շուշի քաղաքի կորուստը և հիմնավորել այն տեսակետը, թե որևէ տարբերակում հնարավոր չէր քաղաքը պահել հայկական վերահսկողության տակ, այնուամենայնիվ իր այս հայտարարությամբ նպաստեց ադրբեջանական քարոզչական օրակարգի սպասարկմանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Արցախի։

Դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հետևանքով Հայաստանն Ադրբեջանին հանձնեց Կովսականի (Զանգելան-խմբ) և Սանասարի (Գուբադլի-խմբ) շրջանների այն հատվածները, որոնք ադրբեջանական զինված ուժերը չէին կարողացել գրավել 44-օրյա պատերազմի ընթացքում, և որոնց հանձնման մասին որևէ խոսք չկար անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս հատվածների հանձնումից հետո հետո Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր դարձան սահմանամերձ, իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհը, Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ, տեղ-տեղ դուրս եկավ Հայաստանի տարածքից։

Այս օրերին Հայաստանի իշխանությունները վստահեցնում էին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը անխափան կգործի, և այնտեղով երթևեկող վարորդները որևէ խնդիր չեն ունենա։ Այս հայտարարությունից ընդամենն ամիսներ անց՝ 2021 թվականի օգոստոսի 25-ին, Ադրբեջանն առաջին անգամ փակեց Գորիս-Կապան ավտոճանապարհը՝ Կարմրաքար-Շուռնուխ հատվածում։ Դրանցից օրեր անց՝ սեպտեմբերի 15-ին, Բաքուն հերթական անգամ փակեց ճանապարհը, սակայն այս անգամ ձերբակալեց նաև երկու իրանցի վարորդների՝ պնդելով, որ վերջիններս ապօրինի կերպով մուտք են գործել Արցախ։

Ադրբեջանական կողմի իրականացրած հերթական սադրանքից հետո Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ավտոճանապարհի փակված հատվածի մասին խոսելիս օգտագործեց ադրբեջանական Էյվազլի և Չայզամի անվանումները՝ պնդելով, թե հիշյալ բնակավայրերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, իսկ ձերբակալված իրանցի վարորդների խնդիրով պետք է զբաղվի իրանական կողմը։ Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանեցին Փաշինյանի այս հայտարրությունը՝ նշելով, որ վերջինս հայտարարել է, որ «Գորիս-Կապան ավտոճանապարհը հանդիսանում է Ադրբեջանի տարածք»։ Ավելի ուշ Ադրբեջանը անցակետ տեղադրեց այս ճանապարհին և ամբողջովին փակեց այն, որը հիմնավորեց իր Փաշինյանի այն հայտարարությամբ, թե հիշյալ հատվածը «հանդիսանում է Ադրբեջանի տարածք»։

Միևնույն ժամանակ Ադրբեջանն ակտիվորեն տարածում է Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, թե իբր ՀՀ-ն 30 տարի ապրում է այս տարածաշրջանում «առանց կադաստրի վկայականի»։ Սա նույնպես Նիկոլ Փաշինյանի կողմից չափազանց վտանգավոր հայտարարություն էր, քանի որ Ադրբեջանի կողմից կարող է օգտագործվել ոչ միայն քարոզչական դաշտում, այլ նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հարձակումները լեգիտիմացնելու համար։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում ՀՀ ողջ տարածքն անվանում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։
Բացի այդ Հայաստանի վարչապետը 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունն արդարացնելու նպատակով պարբերաբար խեղաթյուրում է նաև Արցախի հարցով բանակցային գործընթացի բովանդակությունը և հրապարակ է նետում ադրբեջանական մի շարք թեզեր, որոնք շատ հաճախ չեն համապատասխանում իրականությանը։

Օրինակ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ հղում է կատարում է 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված չորս բանաձևերին և պնդում, որ դրանով «Հայաստանը ճանաչվել է որպես օկուպանտ, իսկ Արցախի տարածքը օկուպացված»։ Նշենք, որ այս բանաձևերը ոչ թե Հայաստանին են կոչ անում զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, այլ Արցախի հայկական ուժերին, ինչպես նաև դրանք վերաբերում են ոչ թե նախկին ԼՂԻՄ տարածքին, այլ հարակից շրջաններին, որոնք ռազմական գործողությունների հետևանքով հայտնվել էին հայկական կողմի վերհսկողության տակ։

Փաշինյանի կողմից նման հայտարարությունները հնչեցվում են ներքաղաքական համատեքստում, սակայն Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է դրանք՝ սեփական օրակարգը առաջ մղելու համար։ Միևնույն ժամանակ Բաքուն հետագայում այս հայտարարությունները կարող է օգտգործել Հայաստանին օկուպանտ ճանաչելու և մեր երկրից խոշոր ռազմատուգանք պահանջելու համար, ինչի մասին վերջին տարիներին թուրք-ադրբեջանական հասարակական-քաղաքական դիսկուրսում ակտիվ քննարկումներ են ծավալվում։

Այսպիսով հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ է անում տգիտությա՞ն, թե՞ պետական դավաճանության հետևանքով, սակայն երկու դեպքում էլ միանշանակ է, որ այս հայտարարությունները օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության դեմ։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները կաշկանդելու են նաև Հայաստանի հաջորդ իշխանություններին, ովքեր ստիպված են լինելու բախվել Փաշինյանի հայտարարությունների և գործողությունների հետևանքներին՝ փորձելով հնարավորինս մեղմել դրանք։