Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 23:12 24-09-2023

Այսօր Էդվարդ Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982)[1], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։

Խմբագրել է «Սովետական գրականություն», «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսները, գլխավորել է ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (1977-1999) և ԵՊՀ գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը (1972-1986)։

Կենսագրություն

Ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել է սովետական բանակ։ Սովորել է Հրամանատարական դպրոցում, ապա հրամանատարական կազմի կատարելագործման անդրկովկասյան դասընթացներում (Թբիլիսի)։ 1943-1944 թվականներին լեյտենանտի կոչումով ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է այն զորքերի մեջ, որոնք 1944 թվականի հոկտեմբերին առաջին անգամ անցան Խորհրդային Միության սահմանը, վիրավորվել է, կորցրել ոտքը։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով։ Զորացրվելուց հետո 1945 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։

1954 թվականին պաշտպանել է թեկնածուական («Պոեմի ժանրը սովետահայ գրականության մեջ»), 1965 թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Թումանյանի պոեմները»)։ 1967 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ 1974 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թվականից՝ ակադեմիկոս։
1950-1972 թվականներին դասախոսել է ԵՊՀ հայ գրականության ամբիոնում։ 1972-1985 թվականներին ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը, 1982 թվականից՝ գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը։

1953-1954 թվականներին եղել է «Գրական թերթ» գլխավոր խմբագրի տեղակալ, 1961-1962 թվականներին խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը։ 1967 թվականին հիմնադրել է «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսը, որի խմբագիրն է եղել մինչև 1977 թվականը։

1966-1970 թվականներին գլխավորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը։ 1977 թվականից մինչև մահը եղել է գրականության ինստիտուտի տնօրեն։

Էդվարդ Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների։ Նա նախաձեռնել և խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Թումանյանի պոեզիան» (Մոսկվա, 1969), «Պոետիկան և գրականության զարգացումը» (Երևան, 1985), «Չորս գագաթ» (Մոսկվա,1990) գրքերը։

Առանձնահատուկ մեծ է Էդ. Ջրբաշյանի ներդրումը Հովհ. Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրության և գիտական հրատարակության գործում։ Ջրբաշյանի անմիջական մասնակցությամբ հիմնադրվել է «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» մատենաշարը, որի հինգ գրքերը լույս են տեսել 1964-1998թթ.։ Գրականության ինստիտուտում Ջրբաշյանը ղեկավարել է Թումանյանի երկերի ակադեմիական տասհատորյակի հրատարակության աշխատանքը (հ. 1-10, 1988-1999), որի վերջին՝ 10-րդ հատորը տպագրվեց գիտնականի մահից ընդամենը շաբաթներ անց՝ դառնալով նրա գիտական գործունեության, ինչպես նաև ողջ թումանյանագիտության յուրօրինակ պսակն ու հանրագումարը։
Էդ. Ջրբաշյանը հայ գրականագիտության մեջ տեսական մտքի հիմնադիրն է։ Նա հեղինակն է «Գրականության տեսություն» առաջին բուհական հայերեն դասագրքի, որն ունեցել է յոթ հրատարակություն (վերջին երկուսը՝ «Գրականագիտության ներածություն» վերնագրով 1996, 2011), «Գրականագիտական բառարան» (1972, վերահրտ.՝1980) արժեքավոր աշխատության (Հ. Մախչանյանի համահեղինակությամբ), որը մեծ նպաստ բերեց մեզանում տեսական-գրականագիտական մտքի զարգացման գործում։

Էդ. Ջրբաշյանը նաև եղել է գիտության լավագույն կազմակերպիչներից մեկը. նա ղեկավարել է բազմաթիվ աշխատանքներ հայ գրականության պատմության և գրականության տեսության վերաբերյալ, կազմակերպել հայ դասականների հատորների հրատարակություններ։ Էդ. Ջրբաշյանը բազմիցս ներկայացրել է հայ գրականագիտությունը միջազգային գիտաժողովներում։

Վախճանվել է 1999 թվականին՝ Երևանում:

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը