Շնորհակալ եմ ԱԽ-ին այս հրատապ նիստը գումարելու և ԼՂ-ում անվտանգության և մարդասիրական իրավիճակը քննարկելու համար, որի պատճառը եղավ Ադրբեջանի՝ առանց սադրանքի, լավ պլանավորված ռազմական հարձակումը։ ՄԱԿ-ի ԳԱ նիստը շարունակվում է և միջազգային հանրության բոլոր անդամները այստեղ հավաքված փնտում են աշխարհում խաղաղության անվտանգության պահանման ուղիներ, քանի դեռ բոլորս խոսում ենք ուժի գործածությունը դատապարտելու հրամայականի մասին՝ կանխելու համար մարդկանց ձեռքով մարդկային զոհերի հանգամանքը, քանի դեռ գալիս ենք այստեղ, որպեսզի խաղաղության գործին մասնակից լինենք, մեր տարածաշրջանում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական մեծամասշտաբ հարձակումը նախաձեռնեց ԼՂ բնակչության նկատմամբ՝ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և միջազգային իրավունքի նորմերը։
Այս մասին սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«ԼՂ ողջ տարածքը՝ Ստեփանակերտը և այլ քաղաքներն ու բնակավայրերը ինտենսիվ և առանց տարբերազատման ռմբակոծվում էին հրթիռներով, ծանր հրետանիով, մարտական անօդաչուներով և ավիացիայով, այդ թվում՝ արգելված կասետային զինամթերքով։ Հարձակման ինտենսիվության ու դաժանության հետևանքով պարզ է դառնում, որ մտադրությունը ԼՂ հայկական բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է, այսպիսի մեծամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքներն ակնհյատ են դարձնում դրանց ծանր բնույթը։ Քաղաքացիական և կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ թիրախային հարձակումների պատճառով էլեկտրակայաններ, հեռախոսային մալուխներ, կայաններ և ինտերնետային սարքերը ենթարկվել են հարձակման, բնակչությունը կտրված է միմյանցից և չի կարող իրական ժամանակով ներկայացնել տեղի իրավիճակը։ Ադրբեջանական զորքերը վերահսկում են ԼՂ հիմնական ճանապարհները, ինչի պատճաով հնարավոր չէ այցելել և տեղեկություն ստանալ փաստացի իրավիճակի մասին։
Այս պահին հաստատված զոհերի թիվն ավելի քան 200 է, վիրավորների թիվը ավելի քան 400, այդ թվում քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում։ Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես այդ փաստն ընդունեց։ Ավելի քան 10 հազար մարդ հարկադրաբար տեղահանվել է, այդ թվում՝ կանայք, երեխաներ ու տարեցներ։ Նրանք այժմ բացօթյա պայմաններում են՝ առանց սննդի և գոյատևմնան այլ պայմանների, հազարավոր ընտանիքներ են բաժանված։ Մոտ 20 հազար մարդ տեղահանվել էր 2020 թվականի պատերազմի հետևանքով և տեսեք՝ ինչպիսի ծանրագույն մարդասիրական կարիքներ են այնտեղ առաջացել։ Մարդիկ շարունակում են սովամահ լինել 10-ամսյա շարունակվող շրջափակման պատճառով, առողջապահական համակարգը կաթվածահար է, հիվանդանոցները չունեն էլեկտրաէներգիա և դեղորայքի ծանրագույն պակաս կա, մարդիկ զրկված են անգամ 1-ի օգնություն ստանալու հնարավորությունից․ առանց վառելիքի շտապօգնության մեքենաները չեն կարողանում վիրավորներին հիվանդանոցներ հասցնել»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ից ստացվող կադրերն իսկապես ցնցող են։ Կանայք, երեխաներ տարեցներ մնացել են առանց կացարանի ու սնունդի, մայրերը հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին, կանայք լաց են լինում՝ վախենալով, որ ադրբեջանցիները կարող են բանտարկել իրենց ամուսիններին։
«Այս ամենը դժվար է հավատալ, որ տեղի է ունենում, ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ, 21-րդ դարում։ Սոցցանցերում տեսնում ենք բազմաթիվ հայերի ԼՂ-ից, ովքեր փնտրում են իրենց երեխաներին ու ազգականներին։ Երեխաները, ովքեր հանկարծ հայտնվել են փողոցներում կամ ապաստարաններում շարունակում են լաց լինել և ծնողերին խնդրել իրենց տուն տանել՝ հրաժարվելով ընդունել, որ իրենք այլևս տուն չունեն։
Ռմբակոծության ժամանակ ԼՂ բնակավայրերից մեկում անհայտ կորել էր 8-ամյա մի տղա, 10-ամյա եղբայրը սպանվել է և անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը հանել գյուղից, մյուս եղբայրը մարմնական վնասվածքներ է ստացել։ Սրանք բազմաթիվ դեպքերից ընդամենը երկու օրինակն են։ Ադրբեջանի աչքերում այս երեխաներն ահաբեկիչներ են և Ադրբեջանի գործողությունները, հրթիռները, զրահապատ մեքենաները, հրետանին և անօդաչուներն, ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների և պապիկ-տատիկների դեմ։ Ադրբեջանական սոսցցանցերը լի են կոչերով՝ գտնելու անհայտ կորած երեխաներին ու կանանց, բռնաբարել նրանց, կտրել նրանց վերջույթներն ու կերակրել շներին, ադրբեջանցի օգտատերերը տարածում են ԼՂ հայ կանանց օգտահաշիվները սոցցանցերում՝ խաղադրույք կատարելով, թե ում են այդ կանայք բաժին հասնելու, որպեսզի բռնաբարեն այն ժամանակ, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական վերահսկողության ներքո»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ սա կանխատեսելի էր, նշաններն ակնհայտ կային։
«Մենք երկար ժամանակ է ինչ ահազանգում էինք, միջազգային հանրությունը հրաժարվել է բավականաչափ լրջորեն վերաբերվել այս ամենին։ Ներկայիս ագրեսիան գագաթնակետն է այն 10 ամիս շարունակված շրջափակման և հարկադիր սովամահության, որը գործադրվում է ԼՂ ժողովրդի նկատմամբ։ Սննդի սուր պակասի, վառելիքի, դեղորայքի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ անհրաժեշտ ապրանքների կտրուկ անբավարարության հետևանքով ԼՂ խոցելի բնակիչներն արդեն իսկ մարդասիրական աղետի եզրին էին կանգնած։ Միամտություն կլիներ կարծել, թե այդ ամենը լիարժեք պլանավորված չի եղել նախքան անմարդկային շրջափակման կիրառումը և շարունակումը, որի նպատակն էր՝ կոտրել ԼՂ բնակիչների կամքը կամ դիմադրելու կարողությունը, հայրենի երկրում իրենց կյանքը շարունակելու կարողությունը։ Ադրբեջանական ագրեսիան ծավալվել է բարբարոսաբար՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակիչներին և ենթակառուցվածքները։ Սա այդ ողբերգության վերջին արարն էր, որի նպատակը ԼՂ ժողովրդի հարկադիր տեղահանությունն է»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։