Երևան +12°
copy image url
Մշակույթ 8 ամիս առաջ - 21:55 06-09-2023

Օլգայի 11-րդ զավակը․ Հովհաննես և Օլգա Թումանյաններ

Օլգա Թումանյանը մշտապես հոգատար է եղել իր ամուսնու՝ Հովհաննես Թումանյանի նկատմամբ, աջակցել նրան ամեն մի հարցում։ Հաշվի առնելով նրա հոգատարությունը Թումանյանի նկատմամբ՝ կաթողիկոս Խրիմյան Հայրիկը կատակով Թումայնանին անվանում էր Օլգայի 11-րդ զավակ։

Թումանյանների ընտանիքը լավագույն օրինակ է սիրո, փոխադարձ հարգանքի և ջերմագին զգացմունքների, որ իրար հանդեպ կարող են տածել ամուսինները։

Հովհաննես Թումանյանն ու Օլգա Մաճկալյանն ամուսնացել են երիտասարդ տարիքում, երբ Օլգան ընդամենը 17 տարեկան էր, իսկ Թումանյանը՝ 19։



Օլգայի հայրը մշտապես ապրում էր Աղստաֆայում, այդ պատճառով էլ ընտանիքի հոգսն իր վրա էր վերցրել Օլգայի հորաքրոջ ամուսինը՝ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը, որը կորցրել էր կնոջը և որպես քահանա իրավունք չուներ երկրորդ անգամ ամուսնանալու։ Նա կյանքը կապել է Օլգայի մոր՝ Շուշանիկ Մաճկալյանի հետ և որդեգրել նրա միակ դստերը։

Հովհաննեսը հաճախ էր թղթեր տանում Հովհաննես քահանայի տուն։

Մի օր էլ Օլգան իմանում է, որ մայրը տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ առանց իր իմանալու որոշել են նշանել և ամուսնացնել Թումանյանի հետ, որից հետո Թումանյանին կձեռնադրեն քահանա:



Երկու ամիս անց Հովհաննեսին ու Օլգային նշանում են։ Նշանդրեքը տեղի է ունենում 1888 թվականի մարտի 24-ին՝ չորս քահանաների օրհնությամբ։ Նշանվելուց հետո Թումանյանը համարյա ամեն օր լինում էր նրանց տանը, ճաշում էր, մնում էր մինչև ուշ երեկո:

Օլգան հիշում է, թե ինչ նվերներ է ստացել իր նշանածից․ «Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի: Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»: Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս»:

Բայց Թումանյանին հոգևորական ձեռնադրելու բոլոր փորձերը զուր են անցնում։ Օլգան իր հուշերում գրում է․ «Անցավ մի քանի օր, մեր տանը նորից սկսեցին խոսել Օհանեսին քահանա ձեռնադրելու մասին: Ամեն օր ասում էին, որ գնա եկեղեցի և ժամերգություն սովորի, իսկ նա չէր գնում ու չէր ուզում: Մի տարվա մեջ Թիֆլիսի բոլոր եկեղեցիներում եղավ, բոլորից էլ դժգոհ էր. մի տեղ քահանաները կռվում էին, մյուս տեղը, թե` հեռու է և այլն: Վերջը ղրկեցին վանքի եկեղեցին: Այնտեղ էլ չմնաց: Մի առավոտ պարսավ գրեց թեմի առաջնորդ` Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի վրա և դրանից հետո հեռացավ կոնսիստորի ծառայությունից…»։



Օլգան հիանալի կին և ընկեր էր Թումանյանի համար։ Նա իր տանը ամիսներով հյուրնկալել է հայ մտավորականության ներկայացուցիչների, իր տանը պահել և խնամել է նաև Ալեքսանդրապոլի որբանոցից ամուսնու բերած որբերին։

Համատեղ կյանքի ընթացքում Հովհաննես և Օլգա Թումանյաններն ունեցան 10 զավակներ։ Ցավոք, նրանցից ավագը՝ Արտավազդը, զոհվեց դեռ Թումանյանի կենդանության օրոք՝ 1918 թ․։ Սա Թումանյանի կյանքի թերևս ամենից ծանր հարվածներից մեկն էր։



Ամուսնու և հինգ երեխաների մահվանից հետո Օլգա Թումանյանին հաջողում է Թումանյանների թիֆլիսյան տան ունեցվածքի մեծ մասն ու բանաստեղծի ձեռագիր ժառանգությունը Երևան տեղափոխել և դուստրերի հետ ստեղծել Թումանյանի թանգարանը: