Ուղիղ եթեր
Հարաբերությունների կարգավորում ամեն գնով. Փաշինյանը թուրքական թեզերը մտցնում է հայկական օրակարգ
copy image url

Հարաբերությունների կարգավորում ամեն գնով. Փաշինյանը թուրքական թեզերը մտցնում է հայկական օրակարգ

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 22:30 28-08-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ հանդես էր եկել շնորհավորական ուղերձով, որը բազմաթիվ իրարամերժ քննարկումների և հակասությունների պատճառ դարձավ։

Հայաստանի վարչապետի համոզմամբ՝ ՀՀ-ն անկախության հռչակագրով որդեգրեց մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին արդեն իսկ բերել էր անկախության կորստի։ Փաշինյանն ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ 2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել է ինչպես «աստվածաշնչյան ուղեձի»՝ նշելով, որ հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, այնուամենայնիվ կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև այն քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով:

Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նաև ընդգծել էր, որ Հայաստանի կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև, եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: «Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում: Ես ընտրում եմ անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրում է անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը»,- նշել էր նա։

Քաղաքագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ «անկախության հռչակագրով որդեգրեց մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին արդեն իսկ բերել էր անկախության կորստի» ձևակերպմամբ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ այն իրողությունը, որ անկախության հռչակագրով նորանկախ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Ինչ վերաբերում է «Հայաստանի երկնքում ԽՍՀՄ-ի ուրվականի թևածելու» մասին ձևակերպմանը, ապա Նիկոլ Փաշինյանն այստեղ նկատի ունի Արցախյան շարժումը և հաղթական պատերազմը, որի հիմքի վրա էլ ձևավորվեց ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, և որի բոլոր ձեռքբերումները մսխվեց իր կառավարման տարիներին։

Փաստացի Հայաստանի վարչապետն ակնարկում է, որ եթե Հայաստանը մեկընդմիշտ չհրաժարվի Արցախից, ապա երբեք խաղաղ չի ապրելու՝ հաշվի չառնելով, որ Արցախյան պատերազմում տարած հաղթանակին հաջորդած տարիները եղել են ամենախաղաղ տարիները, իսկ 2020-ի պատերազմից հետո, երբ Ադրբեջանին հաջողվեց օկուպացնել Արցախի մեծ մասը իր հավակնությունները ոչ միայն չեն նվազել, այլ ուղղվել են արդեն ՀՀ ինքնիշխան տարածքին։ Միևնույն ժամանակ Փաշինյանն արդեն որերորդ անգամ ակնարկում է, որ եթե Հայաստանը կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առաջ, որից միակ ելքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ներառյալ Արցախն ու այսպես կոչված նախկին անկլավները։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտացոլված քարոզչական թեզերն, ինչպես նաև անկախության հռչակագրին ուղղված քննադատությունները, որոնք տարեցտարի ավելանում են, առկա են նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքում։ Մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված «Հայկական պնդումներն ու պատմական իրողությունները» թեմայով զեկույցում նշվում է, որ ՀՀ-ն անկախության հռչակումից ի վեր ցանկանում է Թուրքիայի հետ իր սահմանը բացել, սակայն հրաժարվում է ճանաչել հայ-թուրքական գործող սահմանը, որը ձևավորվել է 1921 թվականին ստորագրված Կարսի պայմանագրով։

Հիշյալ զեկույցում պաշտոնական Անկարան դժգոհություն է հայտնում ՀՀ անկախության հռչակագրի 11 և 13-րդ հոդվածների կապակցությամբ՝ նշելով, որ այնտեղ «Թուրքիայի Արևելյան Անատոլիայի տարածաշրջանն» անվանվում է Արևմտյան Հայաստան, իսկ Հայաստանի պետական խորհրդանիշ հանդիսացող Արարատ լեռը Թուրքիայի տարածքում գտնվող «Աղրը լեռն է» (ամիսներ առաջ էլ Փաշինյանը դժգոհել էր, որ հայերն Արարատն ավելի շատ են սիրում, քան Արագածը, իսկ ՀՀ ներկայիս զինանշանը որևէ կապ չունի 1991 թվականին ձևավորված պետության հետ-խմբ)։

Թուրքական կողմն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ հարևան երկրի սահմանը չճանաչելն, ինչպես նաև սահմանադրական փաստաթղթերում հարևան երկրին ուղղված նմանատիպ հղումները «մեկնաբանվում են որպես տարածքային հավակնություն»։

Հիշյալ փաստաթղթում թուրքական կողմը նաև մեղադրում է Հայաստանին, որ Երևանն «անտեսելով պատմական փաստերը», Անկարային մեղադրում է ցեղասպանություն իրականացնելու մեջ և ձգտում է, որ աշխարհը ճանաչի այս իրողությունը։ «Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է հասնել այս պահանջի ընդունմանը, կարծես դա իրական երեւույթ է ամբողջ աշխարհում»,- ասվում է զեկույցում։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թուրք-ադրբեջանական քարոզչական թեզերը բերում է Հայաստանի ներքաղաքական օրակարգ և սպասարկում է դրանք։ Փաշինյանը նման կերպ ձգտում է կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները, իսկ հայ հանրությանը հրամցնել այն քարոզչական թեզը, թե իբր Հայաստանի պատմության նախորդ 30 տարին սխալ է եղել, դրա համար էլ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին թշնամաբար են վերաբերվել, իսկ այժմ անհրաժեշտ է ուղղել սխալները և գնալ հարաբերությունների կարգավորման։ Սակայն վերջինս միևնույն ժամանակ չի գիտակցում, որ անգամ այս ամենից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը չի դադարեցնելու Հայաստանի նկատմամբ թշնամանքի և առավելագույն զիջումներ կորզելու քաղաքականությունը։

Հավելենք նաև, որ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումից հետո, Թուրքիան առաջին երկրներից մեկն է եղել, որը 1991 թվականի դեկտեմբերին ճանաչել է Հայաստանի անկախությունը։ Հետևաբար Փաշինյանի այն քողարկված թեզը, թե, իբր ՀՀ անկախության հռչակագիրը խոչընդոտել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը և սպառնալիքներ է առաջացրել նորանկախ պետության համար չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի վարչապետը, որի կառավարման օրոք ՀՀ-ն ունեցել է ամենամեծ տարածքային, մարդկային կորուստներն ու ինքնիշխանության անկումը պատրաստ է մեղադրել բոլորին, նսեմացնել անկախ հայկական պետականության բոլոր ձեռքբերումները՝ այդ թվում նաև անկախության հռչակագիրը, միայն թե պահպանի սեփական իշխանությունը և որևէ պատասխանատվության չենաթարկվի այն աղետի համար, որը ստեղծվել է իր և իր գլխավորած քաղաքական ուժի կառավարման հետևանքով։

Ամենից շատ դիտված