Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 23:00 22-08-2023

Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը․ Միրզոյան

Պարոն Միրզոյան, մամուլում տեղեկություններ եղան ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկման հետ կապված, որ Միացյալ Նահանգները խոչընդոտում է բանաձևի ընդունմանը: Կխնդրեի սրա հետ կապված Ձեր մեկնաբանությունը և ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկումների ժամանակ մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, խոսեցին Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ այլ երթուղիներից, ըստ էության, նկատի ունեին Աղդամի ճանապարհի գործարկման մասին:

Հայկական կողմի համար սա ընդունելի՞ տարբերակ է՝ հաշի առնելով նաև Արցախում ստեղծված իրավիճակը․ այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

«Ձեր հարցին ի պատասխան պետք է ասեմ, որ բարեբախտաբար Հայաստանի պահանջով իրականացված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը հրապարակային էր, և ոչ միայն հայ ժողովուրդը, այլև բոլորն աշխարհում հնարավորություն ունեին լսելու բոլոր անդամ երկրների, ինչպես նաև հրավիրյալների՝ նրանց, ովքեր ցանկություն էին ունեցել մասնակցել նիստին, դիրքորոշումները:

Դուք Միացյալ Նահանգներից էիք հարցնում: Ի պատասխան ասեմ, որ ես չեմ կարծում, և քանի որ աշխարհը տեսնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, իսկ իրականացվողը որևէ այլ կերպ անվանել, քան էթնիկ զտումներ, մի քիչ դժվար կլինի: Դուք ասում եք ԱՄՆ-ը խափանում է Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները որևէ կերպ պատրաստվում են կամ կցանկանան մաս կազմել կամ նպաստել էթնիկ զտումների այդ քաղաքականությանը, մի քիչ դժվար պատկերացնելի կլինի ինձ համար:

Ես կարծում եմ և հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը և նաև գիտակցում են, որ հնարավոր ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը կօգներ հանգուցալուծել այս իրավիճակը, հանգուցալուծել, լուծում տալ, վերջ տալ հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգին»,-ասաց Միրզոյանը: