Ներքին 2 տարի առաջ - 19:15 17-08-2023

Որոշում է պետք․ մենք «կրոլիկներ» չենք լինելու ուրիշների աշխարհաքաղաքական հաշվարկներում

«Շատ ավելի լավ կլիներ, եթե ՄԱԿ-ում ընդունվեր դատապարտող բանաձև, ու միջազգային հանրությունը համապատասխան ճնշումներ գործադրեր Ադրբեջանի վրա։ Մենք պետք է աշխատեինք նման բանաձև ներկայացնելու ու նաև այդ բանաձն անցկացնելու ուղղությամբ, որպեսզի այս քննարկումն առարկայական լիներ, ոչ թե գային, լավ ճառեր ասեին ու գնային տուն»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

«Այո՛, լավ խոսքեր, ճառեր հնչեցրին, ոմանք շատ լավ խոսեցին, մյուսները՝ ոչ այնքան, բոլորը ընդունեցին, որ Արցախը շրջափակման մեջ է, որ սով է, կոչեր արեցին․․․ և վերջ։ Սա մեզ համար գուցե բարոյական հաղթանակ էր, բայց բարոյական հաղթանակով սովամահ լինող արցախցի երեխային չես կարող կերակրել։ Եթե միջազգային հանրությունը ճնշումներ չգործադրի ու պաշարումը չվերացնի, ապա այս նիստը մեզ համար կմնա որպես բարոյական հաղթանակ, իսկ Ադրբեջանի համար՝ աշխարհաքաղաքական հաղթանակ։ Ավելին, սրանից հետո Ադրբեջանն էլ ավելի հանդուգն քայլերի է դիմելու։ Եթե սա է միջազգային հանրությունը, սա է Անվտանգության խորհուրդը, որը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի մեծ վտանգը, Ցեղասպանությունը կանխելու համար, ապա իրավիճակը շատ ավելի բարդ է»։

Անդրադառնալով նիստի ընթացքում որոշ պետությունների, օրինակ՝ Ալբանիայի ներկայացուցչի հնչեցրած ձևակերպմանը՝ «Արցախի ազգությամբ հայ Ադրբեջանի քաղաքացիներ» եզրույթին, նա ընդգծեց, որ այդ եզրույթը կիրառելու պատճառը թերևս այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան շատ լավ վճարում են դրա համար Ալբանիային։

«Իրականում կարևոր չէ, թե այդ երկրներն ինչ ձևակերպումներ են օգտագործում, կարևորն այն է, որ մենք դա չընդունենք։ Մեր դիրքորոշումից է շատ բան կախված։ Իսկ եթե Ալբանիայի նման պետության հետ Հայաստանը խզի դիվանագիտական հարաբերությունները, դա շատ ավելի ազդեցիկ կլինի»։

Անդրադառնալով դիտարկումներին, թե Ադրբեջանի ներկայացուցիչը նկարներ էր ցուցադրում Արցախում խնջույքներից ու վստահեցնում, որ Արցախում մարդիկ հարսանիքներ են անում և ուրախանում են, այսինքն, սովի մասին խոսք անգամ չկա, նա նշեց, որ դա շահարկում է, իրականում այդ հարսանիքներին ուտելիք, մթերք չկա, հարսանիքը խորհուրդ ունի իր մեջ։

«Թող Ադրբեջանը դա չշահարկի։ Իհարկե, կան անհեթեթ հայտարարություններ, բայց դա չի նշանակում, որ իրավիճակն այնպիսին է, ինչպես ներկայացնում է Ադրբեջանը։ Իրականում հիմա մենք պատմական որոշում պետք է կայացնենք, եթե Հայաստանը Արցախից հրաժարվում է, ապա պետք է վերջնականապես հրաժարվի։ եթե չի հրաժարվում, ապա պետք դրա մասին հայտարարի բարձրաձայն։ Դրանից հետո, մենք պետք է որոշենք, թե ինչ ենք անում, կամ պայքարում ենք, կամ չընդունելով այդ նվաստացուցիչ պայմանները Ադրբջանի կազմում՝ ազգովի դուրս ենք գալիս, հետո ինչ լինում է այս տարածքում աշխարհաքաղաքական առումով, թե ով ում հետ կպաչպչվի, ում արյունը կքամվի, Աստված իրենց հետ, դա արդեն առանց մեզ։ Մենք կրոլիկներ չենք լինելու ուրիշների աշխարհաքաղաքական հաշվարկներում, մենք պետք է ցույց տանք, որ արժանապատիվ ազգ ենք»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան