Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 8 ամիս առաջ - 20:39 16-08-2023

Սիրական, մեկ հատիկ հոգիս, կյանքս․ Գրիգոր և Կլարա Զոհրապների սիրո պատմությունը

1915 թ. հուլիսի 6-ին Հալեպից Ուրֆա տանող ճանապարհին կառքն ուղեկցող ժանդարմները դիրք են գրավում Գասապթաշի երկու կողմերում և նշան բռնելով կառքում նստածների վրա՝ կրակում են: Աքսորյալներից մեկը չէր վիրավորվել։ Դահիճները մոտենում են կառքին:

– Իջի՛ր, –գոռում են։

Ոչ մի ձայն։ Չերքեզ հարյուրապետը զայրացած կրկնում է հրամանը։

– Իջի՛ր, այլևս ապրելիք չունես, որովհետև բարձրագույն հրաման կա:

Զոհրապը պատասխանում է․

– Հոս սպաննեցեք, կարողություն չունիմ շտկվելու:

Փորձում են քաշքշել, բայց Զոհրապն ընդդիմանում է։ Զինվորականներից մեկը հանում է դաշույնն ու խրում սիրտը։ Հետո նույն դաշույնով բազմաթիվ հարվածներ է հասցնում։ Քարշ են տալիս գրողի մարմինը, մի քանի հարված հասցնում ատրճանակից, իսկ Ահմեդ անունով մեկը մի հսկայական քարով ջախջախում է Գրիգոր Զոհրապի լուսավոր գլուխը։



Աքսորից օրեր առաջ Զոհրապը մի սրտաշարժ նամակ էր գրել իր սիրելի կնոջը՝ Կլարային։

«Սիրական, մեկ հատիկ հոգիս, կյանքս, ալ վերջին վարագույրը կսկսի մեզի համար։ Իմ ինչ վիճակի մեջ ըլլալուս համար բացատրություն չեմ տար, որպեսզի քո քաջությունդ ալ չկոտրեմ։ Երկու անգամ է, որ լուսինը կտեսնիմ և քեզ ու զավակներս աչքիս առջև կբերեմ ու կհամբուրեմ։ Երրորդ լուսի՞նն ալ այսպես պիտի ըլլա արդյոք։ Վտանգի մեջ եմ, աշխատե, աշխատե։ Ավելի գրելու ուժ չունիմ, թե ողջ պիտի մնամ, զավակներուս վերջին պատվերս ու վերջին կտակս է, որ միշտ սիրով ըլլան իրարու հետ, քեզ պաշտեն ու սիրտդ չցավցնեն ու զիս ալ հիշեն․․․»։

Թեև կյանքը երբեմն բաժանել էր Զոհրապին և Կլարային, բայց նրանց ամուր սերը մշտապես ագուցել էր սիրահար հոգիները։ Եվ միայն մահը հաղթեց այս սիրուն։

Զոհրապն ու նրա կինը՝ Կլարան, ապրել են 27 համատեղ սիրաշատ տարիներ։ Բազմաթիվ անգամներ բաժանվել են ու միացել։



Նրանք ծանոթացել են 1885 թվականին, արդեն երեք տարի անց Զոհրապը ամուսնության առաջարկություն է արել սիրելի կնոջը։ 1888 թվականի հունվարի 31-ին բոլոր հարազատ-բարեկամները հրավիրված էին Գրիգորի և Կլարայի հարսանյաց հանդեսին։ Զոհրապը դառնում է հոգատար ու շռայլ ամուսին, նվերներով ու զարդերով կնոջը երջանկացնելը դառնում է սովորական մի բան։ Այնուհանդերձ Գրիգորի ու Կլարայի ամուսնական կյանքը հանդարտ չէր ընթանում, այդ տարիների ընթացքում նրանք հաճախ են բաժանվել. պատճառները՝ խիստ տարբեր, մեկ պաշտոնական գործերն էին խանգարում, մեկ քաղաքական դրությունը, սակայն առավել հաճախ պատճառը խանդն էր։ Կլարան խանդում էր ամուսնուն և ոչ անհիմն։
Մահից առաջ էլ Զոհրապը հույս ուներ, որ կինը այնտեղ՝ Պոլսում, մի բան մտածի և ամուսնուն անպայման կօգնի ազատ արձակվել։

Զոհրապները չորս զավակ ունեցան. 1889 թվականին ծնվեց նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։ Ցավոք, նրանցից ոչ մեկը չունեցավ ընտանեկան այն ջերմությունը, որը կար Գրիգորի և Կլարայի միջև: Զոհրապի չորս զավակներից ոչ ոք երեխա չունեցավ: