Oragir.News-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներից վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ գործարանում աշխատելը գլխացավանք է դարձել։ Աշխատողները հիմնականում դժգոհում էին սարքավորումների մաշվածությունից, ինչի պատճառով իրենց աշխատանքը դժվարանում է։
Գործարանի աշխատակիցները դժգոհում էին նաև ցածր աշխատավարձերից, սակայն, Գագիկ Ծառուկյանն անձամբ էր գնացել գործարան և
խոստացել, որ աշխատավարձերը կբարձրացվեն։
Արդեն հաջորդ ամսվա սկզբին աշխատակիցները մեզ հետ զրույցում
հաստատել էին, որ աշխատավարձերն իրոք բարձրացվել են՝ հերթափոխը 400-500 դրամով։
Աշխատակիցները մեզ հետ զրույցում այդ չափով աշխատավարձի բարձրացումը ծիծաղելի էին որակել, ապա նշել, որ ցածր աշխատավարձերի պատճառով երիտասարդ կադրերը դուրս են գալիս աշխատանքից, իսկ գործարանը վերածվել է ծերանոցի։
Ըստ գործարանի աշխատակիցների՝ այս մասին լրատվամիջոցներով բարձրաձայնելուց հետո, «Արարատցեմենտ»-ի տնօրինությունը որոշել է վրեժ լուծել և կրճատումներ իրականացնել, թիրախում թոշակառուներն են։
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները պարբերաբար նաև հայտնում էին, որ գործարանում բունտ է հասունանում և Գագիկ Ծառուկյանին զգուշացրել էին՝ կարգի հրավիրել տնօրինությանը։
Оragir.News-ի հրապարակումներից հետո «Արարատցեմենտ» գործարանի տնօրինությունը երկու օր առաջ հանդիպում-քննարկում էր կազմակերպել աշխատակիցների հետ, հրավիրել էին նաև լրատվամիջոցների, սակայն,
Оragir.News-ը հրավեր չէր ստացել։ Աշխատակիցները մեկ մարդու պես հերքում էին մամուլում շրջանառվող լուրերը, թե իբր գործարանում բունտ է հասունունանում, տարեցներին աշխատանքից ազատում են և այլն։
«Արարատցեմենտ»-ի մեր աղբյուրներն այսօր նոր մանրամասներ են հայտնել գործարանում տիրող իրավիճակից, ինչպես նաև աշխատակիցների հետ կայացած հանդիպում-քննարկումից.
«Դա կազմակերպված շոու էր, որ լրատվամիջոցներին ցույց տային, թե իբր գործարանում ամեն ինչ կարգին է։ Եթե իրենք չվախենային, ապա բոլոր արտադրամասերից ակտիվ խոսող քաղաքացիներին կհրավիերին այդ քննարկմանը, ոչ թե խելոք մարդկանց։ Ներկա բոլոր աշխատողներին էլ հարգում ենք, բայց այդ 100 հոգուց միայն մոտ 20-ն էին արտադրամասերի բանվորներ, մյուսները արտադրամասերի պետերն էին, գրասենյակային աշխատողները և մաքրուհիները։ Ամեն արտադրամասից ընդամենը 1-2 հոգու ընտրել, կանչել էին, նախապես էլ հրահանգել էին՝ չբողոքել»։
Գործարանի աշխատակիցներից մեկ ուրիշն էլ ասաց, որ
Oragir.News-ի հրապարակումներից հետո տնօրինությունը նախորդ շաբաթ սկսել է աշխատակիցների ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրել․
«Իրականում գործարանի տնօրինությունը լավ էլ վախեցած է, որովհետև գիտեն, որ ժողովուրդը զզվել է ու համբերության բաժակը լցվել է։ Եթե վախենալու բան չունեն, ինչո՞ւ են աշխատողների ֆեյսբուքյան էջերը քրքրում։ Հերթով ստուգել են, որ տեսնեն, թե ո՞վ է
Oragir.News-ի էջին հետևում։ Հանել են Օրագրի էջին հետևողների ցուցակը ու գնացել, կպել այդ խեղճ մարդկանց, թե՝ դուք եք բողոքել․․․
Ինչևէ, եթե մենք այս մասին չբարձրաձայնեինք, իրենք արդեն կրճատումները սկսած կլինեին։ Գործարանում թոշակի անցած աշխատակիցների հետ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ նոր պայմանագիր են կնքում, վստահ ենք, որ մեր բողոքը տեղ հասավ ու կրճատում չի լինի։ Ինչ վերաբերվում է տնօրինությանը, մենք կրկին հորդորում ենք՝ խելքները գլուխները հավաքեն, Ծառուկյանից էլ պահանջում ենք, որ գործարանին տիրություն անի»։
Աշխատակիցները նաև հայտնեցին, որ ինչպես այօր, այնպես էլ առաջիկա օրերին Արարատ քաղաքի ակտիվ բնակիչները ևս կանդրադառնան «Արարատցեմենտ»-ի գործարանին և Գագիկ Ծառուկյանին։