Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:04 11-08-2023

ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր բնակարան են տվել վարձով ու հարկ չեն վճարել, օրենքը խախտել են․ Փաշինյան

Կառավարության ռազմավարական մոտեցումն է՝ փոխել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը իրենց իսկ կողմից վճարվող հարկերի նկատմամբ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կրկնապատկում ենք ուսուցիչների աշխատավարձերը, մենք կրկնապատկում ենք զինծառայողների աշխատավարձերը, մենք կրկնապատկում ենք ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը, մենք ռազմական ծախսերը էականորեն ավելացնում ենք, մենք կառուցում ենք ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այդ ամեն ինչը արվում է ՀՀ պետական բյուջերի միջոցներով: Փառք Աստծո, մենք ոչ միայն բյուջետային հարկային եկամուտների հավաքագրման խնդիրներ չունենք, այլև 2023 թվականի հարկային եկամուտները գերակատարել ենք շուրջ 50 միլիարդ դրամով, բայց մենք նաև արձանագրում ենք, որ ՀՀ-ում շարունակում է էական ստվեր գոյություն ունենալ, ու այդ ստվերի չափով փոքրացնում ենք ՀՀ զարգացման հեռանկարները, մենք պետք է գնանք այդ ստվերի հետևից և դա կրճատենք այնքան, որքան որ հնարավոր է:

Մենք խնդիր չենք դրել ընկնել փոքր շրջանառություն ունեցողների հետևից, մենք տեսնում ենք, որ մեծ շրջանառություններ ունեցողները շատ դեպքերում խուսափում են հարկային պարտավորություններից և այդ չարաշահումներին Կառավարությունը չի կարող ռեակցիա չտալ»,-ասաց Փաշինյանը:

Վերջինս անդրադարձավ նաև վարձակալության դեպքերին: «Երբ որ բնակարան են վարձակալության տալիս, այսօր գործող օրենքով պետք է եկամտային հարկ վճարեն, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր վարձով բնակարան են տվել և հարկ չեն տվել՝ իրենք օրենք են խախտել: Եվ դա պրոբլեմ է, մենք փորձում ենք այդ վարչարարությունը աշխուժացնել:

Նունիսկ գիտենք դեպքեր, երբ մարդիկ Երևան քաղաքում իրենց տունը վարձով են տալիս, գնում են գյուղում ապրելու: Հիմա մենք ասում ենք՝ էդ հարկը վճարի, որ մենք այդ գյուղի ճանապարհը կառուցենք, գյուղում ամբուլատորիա ունենանք, մանկապարտեզ, լուսավորություն, ինտերնետ ունենանք, նույնն էլ վերաբերում է մայրաքաղաքին: Սա սկզբունքային որոշում է, որը կարո՞ղ է, արդյոք, դժգոհություն առաջացնել, այո, եթե մարդկանց վերաբերմունքը իրենց կողմից վճարվող հարկերին չփոխվի. դա ոչ թե գումար է, որ մի գրպանից հանում են, տալիս Կառավարությանը, այլ իրենց մի գրպանից հանում, դնում են մյուս գրպանը, որովհետև իրենց ամենակարևոր գրապանը ՀՀ բյուջեն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: