copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 15:30 10-08-2023

Առաջին հերթին պատասխանատվություն ունի Արցախի նախագահը․ ԱԱԶՃ-ն հայտարարություն է տարածել

Անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից՝ պարտավորություններ, անելիքներ ու ամենակարեւորը՝ պատասխանատվություն ունի առաջին հերթին Արցախի Հանրապետության նախագահը: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին ուղերձը կարեւոր շեշտադրումներ էր պարունակում: Հայաստանի Հանրապետությանը, Սփյուռքին, Ռուսաստանի Դաշնությանը, միջազգային տարբեր դերակատարներին հասցեագրված կոչերը, անշուշտ, տեղին էին:

Նշված բոլոր դերակատարները պարտավորություններ ու անելիքներ ունեն, եւ ակնհայտ է, որ նրանց անգործության կամ ձեռնարկված ոչ բավարար քայլերի հետեւանքով է այսօր Արցախն այս իրավիճակում հայտնվել:

Բայց այս իրավիճակում, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից՝ պարտավորություններ, անելիքներ ու ամենակարեւորը՝ պատասխանատվություն ունի առաջին հերթին Արցախի Հանրապետության նախագահը:

Ծանրագույն շրջափակումն ու ներկայիս պաշարումը պահանջում են ճիշտ մշակված ճգնաժամային կառավարում բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսական խնդիրների լուծումից, պետական պահուստների կառավարումից մինչեւ աղբահանություն ու բնակչության տարրական կենսական կարիքների բավարարում:

Որքան բարդ է իրավիճակը, այնքան այն ավելի շատ ջանքերի, մտքի գերլարում է պահանջում, դա անվիճելի է: Պահանջում է ուսումնասիրել շրջափակման իրավիճակներում հայտնված երկրների ու քաղաքների փորձը, քննարկել բոլոր տարբերակներն ու առաջարկները, ներգրավել բոլոր կարող ուժերին ու փորձել գտնել ամենառացիոնալ լուծումները: Պահանջում է մշակված գործողությունների հետեւողական ու հաջորդական իրականացում, համակարգային ու թափանցիկ աշխատանք, բացառիկ կարգապահություն ու խիստ մոտեցում նրանց նկատմամբ, ովքեր չեն պահպանի սահմանված կարգը:

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումն ամիսներ առաջ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Արցախի նախագահին: Եթե գոնե դրանցից մի քանիսն այս ընթացքում իրականացված լինեին, հիմա տեղում մի շարք կարեւոր հարցեր կարող էին լուծում ստանալ կամ այսպիսի սուր դրսեւորում չունենալ: Մինչդեռ տպավորություն է, որ այս բարդագույն վիճակում ամեն ինչ թողնված է ինքնահոսի:

Եթե հայտարարվում է, որ մեր նպատակը հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարն է, ապա մենք ամեն ինչ, ամեն մի՝ անգամ փոքր ռեսուրս պետք է ուղղենք մեր ժողովրդին այդ նպատակի համար երկարաժամկետ պայքարի պատրաստելուն եւ ո՛չ միայն պատրաստելուն, այլեւ դրա համար պայմաններ ստեղծելուն: Վստահ ենք, որ դա հնարավոր է: Մենք միակ ժողովուրդը չենք, որը հանուն իր արժանապատիվ կյանքի նման զրկանքներ է կրում: Եվ մենք չենք կարող դառնալ այն միակ ժողովուրդը, որն անփույթ գտնվեց իր գլխավոր իրավունքը պաշտպանելու հարցում:

Եթե նախագահի հայտարարած խոսքն իսկապես համապատասխանում է իրական ցանկությանը, ապա պետք է կատարվեին եւ կատարվեն հստակ քայլեր: Հենց խոսքի եւ գործի համապատասխանությունն է ցույց տալիս նպատակի իսկությունը: Իսկ երբ հնչում է մի բան, բայց հասկանալի ու տեսանելի գործողություններ չեն արվում հնչեցված խոսքն իրականություն դարձնելու համար, նշանակում է գործ ունենք իմիտացիայի հետ։

Ուստի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե ինչպես է տեսնում Արցախի պաշտպանությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակի իրականացումը, ինչ քայլեր են ձեռնարկվելու դրա համար, եւ չխուսափի իրական առաջնորդի դեր ստանձնելուց։
Հակառակ դեպքում մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել եւ հնարավոր ու անհնար ամեն ինչ անելու ենք` ազատ, անվտանգ, երջանիկ եւ հայկական Արցախ ունենալու նպատակին հասնելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված