Մթերքը գյուղերից ոտքով են բերում, պոմիդորը` 1000 դրամ, խոզի միսը՝ 7000, տավարինը՝ 5000
copy image url

Մթերքը գյուղերից ոտքով են բերում, պոմիդորը` 1000 դրամ, խոզի միսը՝ 7000, տավարինը՝ 5000

Ներքին 1 տարի առաջ - 16:30 07-08-2023
Արցախում՝ Ստեփանակերտի շուկայում, երկար տարիներ միասին ժենգյալով հաց պատրաստող տիկին Դոնարան և տիկին Արմինեն այսօր էլ շրջափակման մեջ գտնվելով շարունակում են ժենգյալով հաց պատրաստել և վաճառել։

Արցախցի կանայք Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ ի տարբերություն նախկինի, այսօր շատ քիչ քանակությամբ են ժենգյալով հաց պատրաստում, բացի այդ ստիպված են եղել մի քանի բաղադրիչներ կրճատել։ Կրճատել են նաև աշխատանքային ժամերը. 18։00-ի փոխարեն աշխատանքն ավարտում են 14։00-ին։

«Մի կերպ յոլա ենք գնում, շնչում ենք, քանի ջուրը կա, կապրենք։ Քաղաքում շատ տեղեր արդեն ջուրը կտրում են, մի օր մի թաղ, մի օր մի ուրիշ թաղ։

Ժենգյալով հաց սարքում ենք, բայց շատ քիչ, աղը քիչ ենք գցում, ձեթ ընդհանրապես չենք լցնում, ալյուրն էլ խնդիր է, այսօր տնից մի 10 կիլո բերել ենք, յոլա գնանք, մինչև տեսնենք, թե ինչ է լինում։ Պատկերացրեք, որ մենք մեր ժենգյալով հացի տեսքը գցել ենք, առանց ձեթ ժենգյալով հաց, բայց մեկ է, մարդիկ էլի առնում են»,- ասացին արցախցի կանայք։

Հարցին՝ Ստեփանակետրտի շուկայում միրգ-բանջարեղեն կա՞, արդյոք գները վերահսկվո՞ւմ են, տիկին Արմինեն պատասխանեց․

«Մի քիչ պոմիդոր են բերում, մի քիչ վարունգ, կաղամբը՝ մեկ-մեկ։ Ասում են՝ գյուղերում կա, ուղղակի բերելու խնդիրն է, վառելիք չկա։ Ոտքով, ձիով, էշով մարդիկ գյուղերից բերում են։ Պոմիդորը հիմա 1000 դրամ է դարձել, խոզի միսը՝ 6500-7000, տավարի միսը՝ 5000, այն էլ չկա։ Միայն մեր ժենգյալով հացը չի թանկացել՝ 600 դրամ է։

Քաղաքում էլ է ահավոր վիճակ, տրանսպորտ չկա, ոտքով ենք գնում, գալիս, մինչև հասնում ենք գործի տեղ, մեկ էլ տուն գնալիս, ճանապարհին նստելով, մի կերպ հասնում ենք։ Դժվար կյանք է։ Հիմնականում ովքեր շատ երեխաներ ունեն, նրանք են նեղվում, որովհետև ոչ ձեթ կա, ոչ շաքարավազ կա․․․ Հույսով ապրում ենք»

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված