copy image url
Մշակույթ 9 ամիս առաջ - 16:28 07-08-2023

Ճշմարտությունն ինքնին բանաստեղծական է․ այսօր Հովհաննես Գրիգորյանի ծննդյան օրն է

Հովհաննես Գրիգորյանը Ա1+-ի լրագրող Հասմիկ Խեչիկյանի հարցին ի պատասխան ասել է․ «Ես չգիտեմ, թե քանի տարեկան եմ: Վերջերս չինովնիկական թղթաբանության համար հաճախ է ստացվում, որ հարցնում են տարիքս, ամեն անգամ ես բացում անձնագիրս, նայում եմ, որովհետև ես շատ հաճախ մոռանում եմ, թե երբ եմ ծնվել: Եվ հետո ի՞նչ է նշանակում ծնվել… արդեն եսիմ որերորդ անգամ եմ ծնվել»։

Այսօր բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան օրն է։



Հովհաննես Գրիգորյանն իր կյանքի պատմությունն սկսում է «նոր տողից», երբ հետպատերազմական Գյումրվա մի առավոտ Երվանդ Գրիգորյանի ընտանիքում խառնվել էին ուրախությունն ու տխրությունը․ փոքրիկ Հովհաննեսի հետ ծնված քույրը մահացել էր իրենից մի քանի ժամ հետո։ Տարիներ անց նրան էլ ոչ ոք չի հիշում, բայց միասին անցկացրած ինն ամիսները բանաստեղծի կյանքի ամենաերջանիկ օրերն էին․․․

Ծանր մանկություն է ունեցել բանաստեղծը, թեև նրա մանկության երկնքում հրեշտակներ էին սավառնում։ Թեև ծնվել է 1945 թ․ օգոստոսի 7-ին, երբ պատերազմն արդեն անցյալում էր, երբ հաղթանակն արդեն բթացրել էր կորուստների ցավը, բայց պատերազմն իր բոլոր հետևանքներով ներկա էր բանաստեղծի տանը։ Քայլում էր հայրը սենյակում, նրա կրծքից կախված էին իր քաջությունը վկայող մեդալները, բայց նա չէր սիրում խոսել պատերազմի մասին, իսկ պատերազմի մասին պատմում էին սպիները, խոնավ հայացքը, դողացող ձեռքերը․․․ Իսկ կյանքն ու մահն արժևորող հոր վերջին խոսքերը մահվան մահճի շուրջ նստած իրեն նայող որդուն հենց կյանքի էին կոչում․ «Երբեք չմեռնես․․․ ահա թե ինչ կասեմ քեզ»։



Պետական համալսարանի կիրառական լեզվաբանության և մեքենական թարգմանության ֆակուլտետում ուսանելու տարիներին Հովհաննես Գրիգորյանը ծանոթանում է իր սերնդակից այն գրողների հետ, որոնց հետ պիտի անցներ գրական ճանապարհը: 1960-ական թվականները կարելի է համարել հայաստանյան նորագույն բանաստեղծության ծաղկուն շրջանը։

1967 թ․ «Գարուն» ամսագրում լույս տեսավ «Աշուն» բանաստեղծությունը՝ ստեղծելով փողոցներում ծառերից կախված և օրորվող բանաստեղծների սյուրռեալիստական պատկերը։ Այս բանաստեղծությունը և գրիգորյանական մտածողությունը ու պատկերային համակարգը սրերով ընդունվեցին․ Գևորգ Հատիտյան անունով մի քննադատ ազդարարեց՝ այսպես է անհետանում բանաստեղծությունը։

«Սխալ կլիներ մտածել, թե հանգերով գրելը ավանդական է:

Սխալ կլիներ մտածել, թե առվակներն անպայման պետք է կարկաչեն: Նրանք կարող են նաև լուռ գնալ: Կարող են ցամաքել:

Սխալ կլիներ մտածել, թե սոխակներն անպայման պետք է դայլայլեն, երգեն վարդերի և սիրո թեմաներով: Նրանց երգերն ու երազները կարող են և քաղաքական բնույթ ունենալ:

․․․Հնում մահացածներին սգալու համար վարձում էին եղերամայրեր, սրանք իրենց ողբ ու կականը գունազարդում էին ամենաշքեղ բառերով, ամենաընտիր «համեմունքներով», անխնա օգտագործում էին ածականների հեղեղը, չանգռում էին երեսները, ծեծում էին դեմքերը և այլն… իսկ նրանք, ովքեր իսկապես ապրում էին վիշտը` հարազատները, լուռ արտասվում էին և մեկ-մեկ արտասանում հատ ու կենտ անկապ բառեր: Այսինքն` ինչքան ուժեղ է զգացմունքը (ուրախության կամ տխրության), այնքան պակաս է գեղեցկախոսությունը, և շատ է ճշմարտությունը: Ուրեմն, ճշմարիտ արվեստը պիտի հետզհետե ազատվի զարդարանքներից:



․․․․Եղան բացատրելի հանգամանքներ, որոնք ստիպեցին նոր սերնդին իջնել Պեգասից և ոտքով ման գալ: Վերջ ի վերջո, փողոցն ավելի հետաքրքիր է: Քո կողքով մարդիկ են անցնում, իսկ մարդկանց հետ դու քեզ ապահով ես զգում: Նրանք քեզ ստիպում են ապրել: Եվ ահա, նրանց խոսքերը թափանցում են քո մեջ, այնուհետև` բանաստեղծություններիդ մեջ, որովհետև դու հարգում ես մարդկանց և հավատում նրանց խոսքերին: Իսկ այդ խոսքերը փողոցային չեն, սովորական չեն, որովհետև բոլոր մարդիկ էլ բանաստեղծության արժանի տողեր ունեն պահած իրենց մեջ, պարզապես դրանք պետք է մի քիչ փոխել, մի քիչ մշակել, մի քիչ կրճատել, իսկ դա անելու համար պետք է լինել գոնե մի քիչ բանաստեղծ: Իսկ քննադատն ասում է` սա վտանգավոր է, չքանում է բանաստեղծությունը, ոճը դառնում է փողոցային: Իսկ ինչ կասեք, եթե նրանք պնդեն, որ այդպես էլ հենց ուզում են: Եթե ճշմարիտ չէ, թող անհետանա նաև բանաստեղծությունը, իսկ այս սերունդն իր գրածների համար մեկ ուրիշ անվանում կգտնի: Երիտասարդների սերունդը ճշմարտության կողմնակից է, և քանի որ ճշմարտությունն ինքնին բանաստեղծական է, նշանակում է` նրանք պետքական մարդիկ են այդ ամենն ասելու համար»,- իր քննադատներին այսպես է պատասխանում Հովհաննես Գրիգորյանը «Թե ինչպես «անհետացավ» բանաստեղծությունը» հոդվածում:

Իրար հետևից լույս տեսած «Երգեր առանց երաժշտության», «Բոլորովին ուրիշ աշուն», «Անձրև մի տխուր առիթով», «Դանդաղ ժամեր», «Հրեշտակներ մանկության երկնքից», «Երկու ջրհեղեղի արանքում» «Կես ժամանակ», «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» ժողովածուները մեծ հռչակ բերին բանաստեղծին և նոր ու թարմ խոսք դարձան արդի գրականության մեջ։



Նա ստեղծեց տխրության պատմություն, որտեղ կորպավորվել է բանաստեղծի ողջ կենսագրությունը, պատերազմը, երկրաշարժը, երկու ջրհեղեղի արանքում հայտնված հայրենիքի ճակատագիրը, բաղձալի անկախությունը, հոր կորուստը․․․

2011 թ․ բանաստեղծի մոտ հայտնաբերվեց թոքի քաղցկեղ։ Ողջ երիտասարդությունը ոտքի կանգնեց իր սիրելի բանաստեղծի համար, բայց, ցավոք, ընդամենը երկու տարի անց պիտի իջնեին նրա կյանիք վարագույրները․․․

Փողոցներում
կամաց – կամաց իջնում են վարագույրները,
և կամաց – կամաց փակվում է բեմը,
և գլուխ տալով կամաց – կամաց
հեռանում են կույր աղջիկները,
և բանաստեղծներն են հեռանում,
և վարագույրը վերջնականապես իջնում է․․․