Մեծ առաջնորդի հաստ աշակերտը կամ Սնուփ Դոգի անվան կոկաինի փառատոն
copy image url

Մեծ առաջնորդի հաստ աշակերտը կամ Սնուփ Դոգի անվան կոկաինի փառատոն

Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:58 30-07-2023

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր Խմբագիր

Վերջին օրերը կատաստրոֆիկ էին Հայաստանի կառավարության համար։ Նման ջախջախում Նիկոլ Փաշինյանը չէր տեսել արդեն շատ վաղուց․ նախ տապալվեց Գարեջրի փառատոնը, ապա նույն ճակատագրին արժանացավ նաև Հեղափոխության առաջնորդի ասուլիսը։ Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ մեր մեծ առաջնորդը ասուլիսի ժամանակ դա ցույց չտվեց, փորձեց կատակներ անել, բայց ախր նա հումորիստ չէ, իսկ նենգ Կարգին Հայկոն զրկեց մեծ առաջնորդին իր գաղափարական-քաղաքակրթական մեծագույն բազայից՝ «Կարգին հաղորդում»-ից մեջբերումներ անելու հնարավորությունից․ այսինքն՝ եթե անխնամ մորուքը և փչացած ատամները չհաշվենք, Նիկոլ Փաշինյանը զրկվեց իր հմայքի հիմնական մասից։

Մյուս կողմից՝ այլևս չկա հեղափոխականների նախկին էնտուզիազմը․ կարծես թե բոլորը հասկանում են, որ «ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն»-ը մոտեցել է իրենց տներին։

Գաղափարական մի ուրիշ հարված էլ հասցվել է ԵՊՀ-ի կողմից։ Չկա այլևս Տնտեսագիտության ֆակուլտետի ժիր դեկանը, որ գիտաժողովներ, համաժողովներ ու քննարկումներ կազմակերպի՝ «Ինչ անել» թեմայով, և բոլոր մշուշոտ ապագա ունեցող տնտեսագետներն իրենց բարեկամների ու հարազատների հետ հավաքվեն վարչապետի շուրջը՝ քննարկելու իրենց ու Հայաստանի պայծառ ապագան, և մի տեսակ հեղափոխական գաղջը հաղթել է բոլորին, նույնիսկ հեղափոխական թիվ մեկ ընտանիքին։

Անցնող օրերի այլ մանր-մունր թեմաների չարժե նույնիսկ անդրադառնալ․ ինչ-որ սոված 120 հազար քաղաքացի, առևանգված 68-ամյա ծերունի, Հայաստանում վերաբնակեցման պատրաստվող հարյուր հազարավոր ադրբեջանցիներ և էլի մանրագույն խնդիրներ։

Բայց ՔՊ-ի գաղափարական արգանդը դեռ չի չորացել, ոչ էլ իշխանությունն ամեն գնով պահելու ցանկությունն է վերացել։ Այսինքն՝ համադրելով իշխանության ռազմավարությունը և մարտավարությունը կարելի է ենթադրել, թե որն է լինելու Նիկոլ Փաշինյանի հաջորդ՝ ձիով քայլը (սովորաբար դրանք վերածվում են ձիու քայլերի)։

Հայաստանը կայուն զարգացման ռելսերի վրա է դրված, որի փիլիսոփայությունը շատ պարզ է․ Հայաստանը պետք է լինի մի երկիր, որտեղ ռուսները, պարսիկները և թուրքերը իրենց ճանապարհին կանգ կառնեն, կհանգստանան, «կայֆավատ» կլինեն ու կգնան։ Մյուս կողմից՝ Հայաստանն այս վիճակում տեսնելու և չգժվելու իրական վտանգ կա տեղաբնիկների համար, այդ նպատակով կառավարությունը մասսայական փսիխոզի վտանգը փորձում է ցրել մասսայական ուրախություններով, օրինակ՝ տոնածառով կամ ինչ-որ տարատեսակ փառատոններով, որոնք երբեմն ստացվում են, երբեմն՝ ոչ։

Մի կարևոր հանգամանք էլ կա։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աճի մեջ մեծ տեղ է սկսում գրավել թմրանյութը։ Կարելի է ասել, որ պրոֆեսիոնալ հեղափոխական, թքելու սև գոտի Ալեն Սիմոնյանի մի երազանքը ևս իրականություն դարձավ․ թմրանյութը քիչ-քիչ դարձավ սովորական մի բան։

Նախ՝ իշխանության հետ կապված ինչ-որ մարդիկ սկսեցին մեծ թափով արտադրական կանեփ աճեցնել, բայց նրանց դեմքին նայելիս պարզ է դառնում, որ որպես անփորձ ու սկսնակ գյուղատնտեսներ կանեփն ամենևին էլ արտադրական չի ստացվել։ Բայց բացի կանեփից՝ Հայաստանում ինչ թմրանյութ ասես, որ չի մտնում։ Սակայն մի բայց կա․ մնացած թմրանյութերն արագորեն սպառվում են, միայն կոկաինն է, որ առգրավվել է ու մնացել է պահեստներում։ Օրենքով պետք է այդ կոկաինը ոչնչացվի, բայց լրագրողական հարցումներին իրավապահ համակարգը չի պատասխանում, ինչը նշանակում է, որ ենթադրաբար Սնուփ Դոգի բարձրարժեք արվեստի մեծ սիրահար, սեփական բարեմասնությունները մշտապես զոհաբերելու պատրաստ իսկական հեղափոխական Արայիկ Հարությունյանը այդ ահռելի պաշարների վերաբերյալ պլաններ ունի․ դժվար չէ ենթադրել, որ քանի որ Կառավարությունը չի կարող Մանկական թմրատեսիլ կազմակերպել այդ կոկաինով, երևի թե Սնուփ Դոգի անվան կոկաինի փառատոն կկազմակերպվի։

Նախ՝ այդ փառատոնը կլինի անհարմար տարելիցից մի երեք օր առաջ, որ ոչ ոք չհիշի անհարմար օրվա մասին։ Ավելին՝ փառատոնի թեժ պահին, երբ արդեն մի քանի տոննա կոկաինից մի 750 կգ-ը սպառված կլինի, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ճղճղան ձայներով կգոռան՝ «Սա մեր նոր Սարդարապատն է, հուպ տվեք, ժողովուրդ»։

Վահան Քերոբյանը Հ1-ի եթերում կգնահատի, որ փառատոնը վաղուց հասունացած մի բան էր, որ պարզապես նոր միս ու արյուն է ստանում։ Վաղուց արդեն պետք էր Հայաստանում մեկտեղել արտադրողներին ու ներկրողներին և մյուս կողմից՝ սպառողին՝ ցույց տալու համար, թե ինչ մակարդակի է հասել Հայաստանում թմրարտադրությունը։ Վահան Քերոբյանը կնշի, որ պիլոտային ծրագիր են անելու, և բանակում ելակի կողքին հայտնվելու է մի քանի ծուխ ինքնաշեն փաթաթուկը, որի մատակարարումն անելու է Ալեն Սիմոնյանի եղբոր «Եվրոպլան» ՍՊԸ-ն։

Կառավարության ընդհանուր գծին լիցք կհաղորդի Աննա Հակոբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում ցույց տալով, թե մարիխուաննայի ինչ գողտրիկ թփեր է ինքը աճեցնում կառավարական իրենց ամառանոցի բերրի հողերում՝ անպայման ակնարկելով, թե ինչքան ծույլ ու հետամնաց են նրանք, որ նման բան չեն անում։

Իշխանության քաղաքական գիծը պաշտպանողների հերթ կգոյանա Հ1-ի տաղավարների առջև։ Արամ Սարգսյանը կպնդի, որ Մեղրիում լավ կանեփ է աճում, և դրա համար եղավ հայտնի ողբերգական իրադարձությունը, իսկ մենք պետք է պայքարեն կանեփի համար, որովհետև դրանում է մեր ինքնիշխանությունը։

Արևմտյան դեսպանների ներողամիտ ժպիտների ներքո ելույթ կունենան ուրիշները ևս։ Օրինակ՝ հայտնի քաղաքագետ-միջազգայնագետ-պրակտոլոգը (ճիշտն ասած՝ անունը չեմ հիշում) կհայտարարի, որ թմրանյութերը ժողովրդավարության առաջին ցուցիչն են․ ավտորիտար, բռնապետական ռեժիմներում մարդիկ զրկված են բարձրորակ թմրանյութեր օգտագործելու հնարավորությունից, և հարց կտա Պետրոս Ղազարյանին, թե բա «լա՞վ էր, որ նախկինների ժամանակ տուֆտա պլան էիք ծխում»։

Կոկաինի փառատոնի նախապատրաստական աշխատանքներից հետո կազդարարվի փառատոնի սկիզբը։

Բնական է, որ հեղափոխական փառատոնի բացման խոսքը կասի Նիկոլ Փաշինյանը։ Նա նախ զուգահեռներ կտանի իր և Էսկոբարի միջև, ինչին երկրապահները միանգամից կծափահարեն։ Կպարզվի, որ Էսկոբարն էլ չէր ծառայել բանակում, նորմալ կրթություն չէր ստացել, բայց իր պես պայքարում էր ինքնիշխանության համար։ Ի դեպ, վարչապետի ելույթին կտեղեկանանք, որ Ստալինը, որոշ պատմաբանների գնահատմամբ, վատ պլանի հետևանքով էր պատերազմի սկզբում վատացել, իսկ պատերազմից հետո ամերիկացիները Եվրոպան ոտքի կանգնեցրին որակյալ թմրանյութերով, իզուր չէ, որ գործողությունը կոչվում էր Մարշալի պլան։

Մեր սիրելի առաջնորդը անպայման կհայտարարի, որ ինչ էլ լինի, ոնց էլ որ ավարտվի փառատոնը, մենք մեզ լոմկված չենք համարի։

Ամբոխը կգոռա հաճույքից, ու ճիչերի տակ ոչ ոք չի լսի, թե ոնց է իր 23 միլիոն դոլարին արժանանում Սնուփ Դոգը՝ բեմի հետևում առանձին աշխատանքներ կատարելով որոշ պաշտոնյաների հետ։

Փառատոնը դուր կգա Հայաստան տեղափոխված ռուսներին, պարսիկների մեծ հոսք կլինի այդ օրը, ի վերջո, վարչապետի վարկանիշն էլ կբարձրանա։

Խաչատուր Սուքիասյանը շատ գոհ կլինի տնտեսական ձեռքբերումներից, հայկական դեմոկրատական մտքի հայրը կհասկանա, որ կանեփը հրաշալի միջոց է իր հավերժ ուշացող կամ տեղ չհասնող ինքնաթիռների վարկանիշը բարձրացնելու համար․ «ծխիր և թռիր»-ը կլինի ավիաընկերության նոր կարգախոսը։ Այս ձեռքբերումները կապիտալիզացնելու համար Սուքիասյանը փող կտա Բաբկեն Թունյանին, որ վերջինս իր հարևան, տխրահռչակ Պողոսի անունից «ՊլանաՔվե» կազմակերպի, որով հանրաքվեի կդնեն թմրանյութերի օգտակարությունը հերքող պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Կքննարկվի նաև «ԺեխաՔվե» անցկացնելու գաղափարը, բայց դա լրիվ այլ պատմություն է։

Հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես կգա ԿԳՄՍ-ն։ Ժաննա Անդրեասյանը լավագույնս կհիմնավորի, թե ինչու չի կարելի դպրոցներում անցնել հին և միջնադարյան հայ գրականություն։ Պաշտոնական հիմնավորումը կլինի այն, որ հայ գրականությունը թափելու բան է, որովհետև այնտեղ չկան թմրանյութերը ներկայացնող ստեղծագործություններ, իսկ Նոր Հայաստանին միայն հպարտ թմրամոլներ են անհրաժեշտ։


Գևորգ Էմին-Տերյան
Միայն տոնածառի այրման գծով փորձագետ