Երևան +15°
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:44 13-07-2023

Իրավաչա՞փ է միջազգային ատյաններում դատավորների նշանակման լիազորությունը տալ վարչապետին

ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով, ըստ որի` վարչապետն իրավասու է ձևավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաև հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը: Որոշման նախագիծը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Միջազգային իրավական հարցերի գծով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ դատավորի նշանակման ընթացակարգը, ինչպես նաև թեկնածուներին ներկայացվող պահանջները կարելի կլինի համակարգայնորեն կարգավորել հանրապետության վարչապետի որոշմամբ։ «Մասնավորապես, կառավարության ղեկավարի որոշմամբ կձևավորվի հանձնաժողով, որը կկազմակերպի և կիրականացնի ընտրության գործընթացը»,- ասել է Կիրակոսյանը։

Վերջինիս խոսքով Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ժամկետն ինը տարի է` համաձայն Կոնվենցիայի, և հաջորդ տարվա սեպտեմբերին լրանում է դատավորի պաշտոնավարման ժամկետը, հետևաբար, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսի ավարտը, ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի երեք հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակ, որը հետո արդեն, ըստ ներքին կանոնակարգերի և Կոնվենցիայի, պետք է անցնի ընտրության հերթական փուլերը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրավաչա՞փ է, որ վարչապետին է այդ իրավասությունը տրվում, այլ ոչ թե կառավարությանը, ինչին ի պատասխան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգայանն ասաց. «Եվրոպական դատարանի դատավորի ընտրության կարգում արդեն իսկ բավական շատ ֆիլտրող գործիքակազմ կա, և, ըստ էության, անկախ նրանից, թե պետությունն ինչպիսի ընթացակարգ ունի, եվրոպական դատարանն ունի իր չափանիշները։ Եվ մեր փոփոխությունները կատարվում են հենց այդ չափանիշների պահպանմամբ»։

Եղիշե Կիրակոսյանն էլ նշեց, որ կարծում է՝ վարչապետի արտաքին քաղաքականության ընդհանուր համակարգման լիազորությունից ուղղակիորեն բխում է այս լիազորության նախատեսումը, իսկ կառավարությանը նման լիազորություն վերապահելը ավելորդ բարդացում է։

Ձեզ գուցե հետաքրքրի