Ռուս-թուրքական լարվածության խորացումը կարող է հանգեցնել իշխանափոխության
copy image url

Ռուս-թուրքական լարվածության խորացումը կարող է հանգեցնել իշխանափոխության

Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:00 12-07-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնության արդյունքն էր, որի խորհրդանիշն Աղդամում մոնիթորինգային կենտրոնի հիմնումն էր, որով երկու երկրները Հարավային Կովկասը համատեղ ազդեցության գոտի են ճանաչում։

Գրառման համաձայն՝ այս հայտարարությունը նաև Հայաստանում ՔՊ-ի իշխանության գրավականն էր, իսկ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը Ռուսաստանի և Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է։ Քաղաքագետը կարծում է, որ այդ կոմպրոմիսը ներկայումս սկսել է քանդվել՝ նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք հակառուսական քայլեր է ձեռնարկել։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Էրդողանը ներկայումս կրկնում է Աթաթուրքի քաղաքականությունը՝ ստանալով Ռուսաստանից այն, ինչ հնարավոր է, շարժվում է դեպի Արևմուտքն, այնտեղ ստանալու մյուս դիվիդենտներ։ «Այսպիսով, ՔՊ-ն եւ Փաշինյանը, իշխանությունը պահելու համար, ստիպված են որոշում կայացնել՝ ընդունել Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմաններն ու միանալ հակառուսական եւ հակաիրանական կոալիցիային»,- գրել է քաղաքագետը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը սկսում է կորցնել իր իշխանության արտաքին բալանսի ռեսուրսն, իսկ ներքին լեգիտիմությունը մինչ այդ էր կորցրել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ Ռուսաստանը ներկայումս չի ցանկանում սրել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, սակայն ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության միտում այնուամենայնիվ նկատվում է։

Նրա խոսքով՝ Թուրքիան ցանկանում է Արևմուտքից ավելի շատ բան կորզել, բայց նաև չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Քաղաքագետը նշեց, որ ռուս ռազմական փորձագետ Ստրելկովը մի միտք էր հայտնել, որ Էրդողանը ռուս-թուրքական հետաձգված պատերազմն է, այսինքն՝ Էրդողանի գոյությունը հետաձգում է պատերազմը։ Նա միևնույն ժամանակ չի բացառում, որ նաև Էրդողանի նախագահության շրջանում ինչ-որ շրջադարձեր լինեն՝ հաշվի առնելով նրա կողմից Արևմուտքի հետ ավելի մերձենալու ուղղությամբ կատարվող քայլերը։

«Ընդհանուր տրամաբանությունից ելնելով՝ ես ասել եմ, որ Փաշինյանի իշխանությունը ռուս-թուրքական համաձայնության արդյունք է, որի հիմքում նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, որն էլ իր հերթին ոչ թե հայ-ադրբեջանական համայնություն է, այլ ռուս-թուրքական։ Այս առումով նշել եմ, որ եթե ռուս-թուրքական հարաբերություններն ավելի սրվեն, ապա Փաշինյանի իշխանությունը կարող է իր լեգիտիմությունը կորցնել, իսկ հանրության ներսում վաղուց է կորցրել»,- կարծում է նա։

Դանիելյանն ընդգծեց, որ ռուս-թուրքական հարաբերություններում հնարավոր սրացումը կարող է Հայաստանում տեղի ունենալիք իշխանափոխության վրա ազդեցություն ունենալ, եթե Հայաստանի ընդդիմությունն ավելի համարձակ գործի և գոնե այդ հարցում միասնական լինի։ Հարցին, թե ինչո՞ւ Էրդողանը հենց հիմա սկսեց թեքվել դեպի Արևմուտք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ խոսվում էր, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակադակի վրա՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ Թուրքիան տարբեր ոլորտներում արդեն բավականին շատ բան է ստացել Ռուսաստանից, օրինակ՝ ռուսական S-400 համակարգերը և գազային հաբ դառնալու նախագիծը և այլն, սակայն այդ երկրում գոյություն ունի նաև ֆինանսական ճգնաժամ, որտեղ թուրքական լիրան կտրուկ արժեզրկվում է։

Նա ընդգծեց, որ այս առումով Էրդողանն Արևմուտքի աջակցության կարիքն ունի և այժմ փորձում է ստանալ այն, ինչ իրեն պետք է Արևմուտքից՝ հաշվի առնելով Արևմուտքի ֆինանսական հզոր հնարավորությունները։ Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանը ինչ վտանգների կարող է բախվել, եթե միանա հակառուսական և հակաիրանական կոալիցիաներին, ապա Ստեփան Դանիելյանն ընդգծեց, որ այդ դեպքում ՀՀ-ն պետք է ընդունի Ալիևի ուլտիմատումը, ինչի մասին նա հայտարարել է, և որոնք Փաշինյանը դեռևս բանավոր է ընդունել՝ անկլավների գոյությունը, Արցախն Ադրբեջանի կազմում, հնարավոր է նաև միջանցքի հարցը։

«Հիմա իրենից պահանջում են դա գրավոր անել և պաշտոնապես հաստատել։ Եթե ադրբեջանա-թուրքական, ինչպես նաև Արևմուտքի պահանջները ինքն արդեն ճանաչի, ապա բնականաբար կհայտնվի թուրք-ադրբեջանական կոալիցիայի մեջ։ Դրանից հետո հաջորդ փուլում Սյունիքի հարցը մեր վերահսկողությունից դուրս կգա և հնարավոր է՝ նաև ապագայում ռուս-թուրքական և թուրք-իրանական մեծ կոնֆլիկտ լինի հենց մեր տարածաշրջանում»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի