Հայատյացությունն Ադրբեջանի գոյության գրավականներից է. ինչու է Բաքուն ձգձգում
copy image url

Հայատյացությունն Ադրբեջանի գոյության գրավականներից է. ինչու է Բաքուն ձգձգում

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:30 11-07-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի խաղաղության պայմանագիր ստորագրել և կարագավորել միջպետական հարաբերությունները։ Ադրբեջանական կողմը տարածում է այն քարոզչական թեզը, թե իբր Ադրբեջանին հաջողվել է շուրջ 30 տարի չլուծված հակամարտությունը լուծել ռազմի դաշտում, և այժմ որևէ խոչընդոտ չկա, որ երկու երկրները կարագավորեն իրենց հարաբերությունները։

Թվում է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին հաջողվել է հասնել իր բոլոր նպատակների իրականացմանը՝ մասնավորապես Բաքվի վերահսկողության տակ են անցել ոչ միայն հայտնի 7 շրջանները, այլ նաև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի գրեթե կեսը, այդ թվում Շուշի քաղաքը, և ներկայումս այս երկիրը ամեն կերպ ձգտում է օրինականացնել պատերազմի միջոցով իր արձանագրած հաջողությունները, իսկ հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումը կապահովի այդ ամենը։ Բացի այդ այս պահի դրությամբ ամենատարբեր հարթակներում իրականացվող բանակցություններից կարելի է ենթադրել, որ լուծման ինչպիսի տարբերակ էլ, որ լինի Արցախի ամբողջ տարածքը՝ անգամ այն հատվածը, որը ներկայումս գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ անցնելու է Ադրբեջանին, իսկ միակ բանը, որը Ադրբեջանից պահանջվելու է դա Արցախի բնակչության իրավունքներն և անվտանգության ապահովումն է ու այն նպատակով միջազգային որևէ մեխնիզմի ստեղծումը։

Սակայն ադրբեջանական կողմը չնայած իր իսկ կողմից հնչող հավաստիացումներին 44-օրյա պատերազմին հաջորդած երեք տարիների ընթացքում գործնականում ամեն կերպ խոչընդոտել է հարաբերությունների կարգավորմանը։ Պատերազմից մեկ ամիս անց Բաքուն հերթական սադրանքն իրականացրեց և օկուպացրեց Հադրութի շրջանի հայկական մնացած վերջին երկու գյուղերը՝ Հին Թաղերը և Խծաբերդը, 2021 թվականի մայիսից սկսած մի քանի անգամ ներխուժել է Հայաստանի տարածք և օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, նախորդ տարվա դեկտեմբերից փակել է Լաչինի միջանցքը և շրջափակել Արցախի 120 հազար բնակչությանը, Հայաստանի և Արցախի հետ սահմաններին պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը և այլն։

Այլ կերպ ասած Ադրբեջանը ձգտում է միջազգային հանրությանը ամեն գնով համոզել, որ իրականում ինքը խաղաղություն է ցանկանում, իսկ Հայաստանն ամեն կերպ խոչընդոտում է այդ ջանքերին և փորձում է ռևանշի հասնել։ Նկատենք, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքները մշտապես իրականացվում են այն ժամանակ, երբ երկարատև բանակցություններից հետո թվում է թե կողմերը մոտեցել են որևէ փաստաթղթի ստորագրմանը, կամ նախաստորագրմանը, իսկ նման գործողություններից հետո բանակցային գործընթացը կրկին մտնում է փակուղի։

Այս համատեքստում մի շարք փորձագետներ պնդում են, որ Ադրբեջանին այս պահին անհրաժեշտ չէ, որ Արցախի հարցը վերջնականորեն լուծվի, չնայած այն բանին, որ այդ երկիրն այժմ ունի դրան հասնելու բոլոր հնարավորությունները։ Առհասարակ ներկայիս Ադրբեջանն իր ողջ պետական քաղաքականությունը կառուցել է հայատյացության հիմքի վրա, իսկ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ատալեությունը Ադրբեջանի հասարակությանը միավորելու և երկրում առկա բազմաթիվ ներքին խնդիրներից շեղելու շատ լավ միջոց է։

Առհասարակ հայատյացության շնորհիվ Ադրբեջանը, որն իրականում ամբողջովին արհեստածին պետակն ձևավորում էր, ներկայումս վերածվել է սուբյեկտի, որը կարողանում է օգտվել աշխարհաքաղաքական դերակատարների միջև առկա տարաձայնություններից և իր համար ցանկալի զիջումներ կորզել նրանցից՝ հիմնականում Հայաստանի հաշվին։ Եթե չլիներ Արցախյան հակամարտությունը և դրա արդյունքում տասնամյակներ շարունակ իրականացված հայատյացության քաղքականությունը, ապա Ադրբեջանը վաղուց կբախվեր փլուզման վտանգին, քանի որ որևէ այլ տարբերակով չէր կարող պահպանել երկրի քաղաքական ամբողջականությունը։

Այսպիսով կարող ենք փաստել, որ հայ ժողովուրդը Արցախյան հիմնահարցի միջոցով փորձում էր ապահովել իր հազարամյա բնօրրանում սեփական գոյության իրավունքը, մինչդեռ Ադրբեջանի համար այն դարձավ լավ միջոց՝ ամուր պետականություն ստեղծելու համար։ Միևնույն ժամանակ Ադրբեջանին դեռևս ամբողջովին չի հաջողվել ամրապնդել իր պետականության հիմքերը, և եթե չլինի հայատյացության բարձր մակարդակը, ապա Ալիևի ռեժիմը կարող է լրջագույն խնդիրներ ունենալ սեփական երկրի ներսում։

Նկատենք, որ քանի դեռ Ադրբեջանին չի հաջողվել վերջնականապես կարգավորել վերոհիշյալ խնդիրը՝ այսինքն քանի դեռ այդ երկրում ամուր պետականության առկայությունն անշրջելի չի լինի, Բաքուն ամեր կերպ կձգձգի ինչպես Արցախյան հիմնահարցի, այնպես էլ Հայաստանի հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Այլ կերպ ասած հայտյացությունը դարձել է Ադրբեջան պետության գոյության գրավականներից մեկը, և այն դեռևս երկար ժամանակ անհրաժեշտ կլինի այդ երկրին։

Միևնույն ժամանակ սա Հայաստանի համար կարող էր չափազանց լավ հնարավորություն լինել, որպեսզի վերականգներ իր զինված ուժերի մարտունակությունը և որակապես նոր բանակ ստեղծեր՝ հետագայում բարենպաստ իրավիճակի դեպքում 2020 թվականին կրած կորուստները որոշ չափով վերականգնելու համար, սակայն ինչպես հայտնի է Հայաստանի ներկայիս իշխանությունները համառորեն շարժվում են դեպի խաղաղության դարաշրջանի բացում, չնայած այն բանին, որ դա իրենցից կախված չէ, և առաջնորդվում են որևէ կերպ պատերազմ չհրահրելու տրամաբանությամբ, որն ավելի է մոտեցնում նոր պատերազմի վտանգը։

Ամենից շատ դիտված