Երևան +20°
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 20:00 11-07-2023

Միջազգային իրավական բոլոր հիմքերը կան անգամ Արցախի անկախությանը հասնելու համար

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախորդ շաբաթ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում անհրաժեշտ է ներառել Արցախի ինքնավարության հարցը, քանի որ ԼՂԻՄ-ն ունեցել է այդպիսի ինքնավարություն։

Օսկանյանը պնդում է, որ սա միջազգային հանրության համար ընկալելի կլինի, իսկ Ադրբեջանի կողմից մերժվելու պարագայում կհանգեցնի արտաքին ինքնավարության հարցի բարձրացմանը՝ այն է Հայաստանին միանալու ճանապարհով։

Հայաստանի նախկին արտգործնախարարը միևնույն ժամանակ առաջարկել է անձամբ պատասխանատվություն ստանձնել այս առաջարկի իրականացման համար, իսկ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանից և իր քաղաքական թիմի անդամներից պահանջում է պարզապես երկու-երեք ամիս չխոսել այս թեմայով՝ բանակցային գործընթացին չվնասելու համար։

Հայաստանի իշխանությունները մերժել են նախկին արտգործնախարարի առաջարկը, սակայն մերժման հիմքում որևէ արժանահավատ փաստարկ չեն ներկայացրել։ Միևնույն ժամանակ իշխանությունները և վերջիններիս կից փորձագիտական և լրատվական շրջանակները հասարակության շրջանում տարածում են այն քարոզչական թեզը, թե Օսկանյանի առաջարկը կհանգեցնի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր ագրեսիայի լեգիտիմացմանը։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ առաջարկի իրատեսական լինելու կամ չլինելու վերաբերյալ եզրահանգումներ կատարելը սխալ կլինի։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այն պնդումները, համաձայն որոնց Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ընդ որում լուծարված կարգավիճակով, և դա է միակ հնարավոր տարբերակը, սխալ մոտեցում է և նման հայտարարություններ չի կարելի անել։

Օրբելյանն ընդգծում է, որ բանակցություններն անհրաժեշտ է վարել ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, իրավական փաստաթղթերը, ինչպես նաև միջազգային իրավական նորմերը։ Նրա խոսքով՝ միջազգային իրավական բոլոր հիմքերը կան՝ ընդհուպ մինչև Արցախի անկախությունը հաստատելու համար։ «Դրանցից որը ինչ ծավալով կօգտագործվի, ինչ ծավալով չի օգտագործվի, որ գործիքակազմը կօգտագործվի, դա արդեն դիվանագիտական կորպուսի և կառավարության ձեռքերում է։ Եթե ամբողջ գործիքակազմն օգտագործվի, հարաբերությունները ճիշտ կառուցվեն, չկրկնենք ադրբեջանական թեզերը և դրանց պատշաճ կերպով արձագանքենք, ապա կարծում եմ, որ բանակցությունների շատ լայն հնարավորություն կա»,- կարծում նա։

Միջազգային իրավունքի մասնագետը շեշտում է՝ պետք չէ ակնկալել, որ միջազգային հանրությունը հենց այսօր ինչ ընկալում կունենա, որովհետև միջազգային հանրության մոտեցումները զգալիորեն փոփոխվում են՝ կախված կողմերի մոտեցումներից, արգումենտներից և հիմնավորումներից։ Նա կարծում է, որ միջազգային կարծիքը պետք չէ ընդունել որպես միասնական և քարացած և չփոփոխվող։

Նա նշեց, որ տարբեր միջազգային խաղացողների դիրքորոշումները, ելնելով տարբեր ազգային շահերից, միջազգային իրավունքի՝ այդ պահին մեկնաբանման գերակա մոտեցումներից, կարող են զգալիորեն փոփոխվել։ Անդրադառնալով այն քարոզչական թեզերին, թե Հայաստանի կողմից նման պահանջի առաջ քաշումը միջազգային հանրության շրջանում կարող է լեգիտիմացնել Ադրբեջանի նոր ագրեսիան՝ մեր զրուցակիցը ընդգծեց, որ այդ տերմինալոգիան ինքն իրենով ապօրինի է, և նման ձևակերպումներ օգտագործողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի մեջ ուժի կիրառման լեգիտիմություն կոնցեպտը գործել է մինչև ոչ ավելի ուշ, քան 1928 թվականը, երբ պատերազմն արգելվել է որպես միջազգային քաղաքականության գործիք։ Նրա խոսքով՝ այնպիսի ձևակերպումներն, ինչպիսին օրինակ պատերազմի պատճառն է (casus belli), կիրառելի էին այն ժամանակ, երբ պատերազմն ինքնին օրինական էր։ Իսկ այժմ լեգիտիմ ագրեսիա ձևակերպումը համարժեք է սպիտակ-սև, գույնզգույն-սև-սպիտակ և նմանատիպ այլ ձևակերումներին, որոնք իրականության մեջ գոյություն չունեն և հակասում են իրար։

Արամ Օրբելյանը նշեց, որ ուժի օգտագործումը որոշ դեպքերում կարող է լինել լեգալ, իրավաչափ, սակայն դա միջազգային իրավունքում վերաբերում է շատ սպեցիֆիկ դեպքերի։ Նրա խոսքով՝ երբ զինված ուժերի օգտագործումը լեգալ է, այդ ժամանակ էլ լեգիտիմ է։ «Չկա որևէ տարբերակ, երբ ուժի օգտագործումը լինի ոչ լեգալ, բայց լեգիտիմ, իսկ ագրեսիան դա զինված ուժերի օգտագործմամբ ակնհայտ ապօրինի դրսևորումն է»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության անունից նման ձևակերպումների հնչեցումը ենթադրում է, որ անհրաժեշտ է չբանակցել, քանի որ հակառակ դեպքում լեգիտիմացնում ենք ուժի կիրառումը։

Միջազգային իրավունքի մասնագետը կարծում է, որ նա, ով ասում է, որ ագրեսիան կարող է լինել լեգիտիմ, վերջինս հանցագործություն է կատարում Հայաստանի Հանրապետության դեմ։ Նրա համոզմամբ՝ եթե Ադրբեջանը խնդիրը լուծելու համար ուժ է օգտագործելու, ապա Հայաստանն այդ դեպքում ունի մի հնարավորություն՝ փորձել ձևավորել համարժեք պատասխան տալու հնարավորություն։ «Հիմա եթե Ադրբեջանը սրանից հետո ասի, որ ցանկանում է Զանգեզուրի միջանցք կոչվածը, Հայաստանը չհամաձայնվելու դեպքում կլեգիտաիմացնի՞ ուժի կիրառմամբ միջանցքի բացումը, հետո անկլավների խնդիրը և այլն։ Շատ կարևոր է, որ տերմինալոգիայի առումով լինենք արդար և հետևենք համապատասխան միջազգային իրավաբանության, քաղաքագիտության, դիվանագիտության և ռեալ պոլիտիկի բոլոր դետալներին։ Այժմ եթե մենք չենք կարողանում բանակցենք, և բանակցություներում ինչ-որ մարդ իրեն գժի տեղ է դնում և փորձում է դրանով բանակցել, դա չի գործում։ Պետք է ունենալ պրոֆեսիոնալ բանակցային թիմ, որը պետք է կարողանա այդ բանակցային գործընթացը որոշակի ուղղությամբ տանել՝ այնպիսի տրամաբանությամբ, որ կոնֆլիկտը լուծվի միջազգային տրամաբանությանը համապատասխան և այլն»,- նշեց նա։

Օրբելյանն ընդգծեց, որ խնդրի հանգուցալուծման համար պետք է վերականգնվի Մինսկի խմբի ձևաչափը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում պետք է փորձել տարանջատել հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական հակամարտության տարրերը, քննարկման առարկա դարձնել նաև Արցախի կարգավիճակի հարցը և այլն։ Նա նաև կարևորում է, որ որոշ հարցերի կարգավորումը, որոնց շուրջ չի հաջողվում համաձայնության հասնել, Հայաստանը տեղափոխի միջազգային արբիտրաժային դատարան և այլն։

«Այսինքն, եթե մենք ամեն դեպքում պետք է հանձնվենք՝ վախենալով, որ հակառակ պարագայում մեր դեմ զորք են օգտագործելու, առնվազն պետք է օգտագործենք այն հնարավորությունը, որ հարցը լուծվի միջազգային իրավական տեսանկյունից։ Եթե միջազգային արբիտրաժային դատարանը կամ այն մեխանիզմը, որը կգտնի, որ դա Ադրբեջանի տարածք է եղել, խնդիրը կլուծվի ի վնաս մեզ, սակայն դա ավելի մեծ հնարավորություն կտա, քան ուղղակի զիջելը»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ պայմանական ասած միջազգային հարաբերությունները, դիվանագիտությունը հնարավորի արվեստն են, իսկ միանգամից ամբողջ գործընթացը փակելը հակապրոդուկտիվ է։ Նա նաև հիշեցրեց Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության օրինակը՝ նշելով, որ միջազգային հանրության համար նրա գոյությունը լեգիտիմ չէ, բոլորը նշում են, որ չպետք է ճանաչել այդ երկիրը և այլն, սակայն այն շուրջ 50 տարի է ինչ գոյություն ունի, չնայած որոշակի սահմանափակումներին։

«Պետք է աչքի առաջ ունենանք նաև «Արևմտյան Զանգեզուրի հանրապետության» ռիսկը։ Այսինքն եթե մենք մտածում ենք, որ Արցախը կտանք, որ ուժի կիրառում չլինի, պետք է շատ լավ պատկերացնենք, որ ուժի օգտագործում տեղի է ունենալու, և դա տեղի է ունենալու Սյունիքում և Երևանում։ Ակնհայտորեն Ադրբեջանը շատ հստակ հայտարարում է իր ակնկալիքների և սպասելիքների մասին՝ սկսած Կոնդի ադրբեջանական պատկանելիությունից ընդհուպ մինչև Գեղարքունիքի և Սյունիքի հարցը և այլն։ Հետևաբար խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է հասկանանք ցանկանու՞մ ենք այս բոլոր տարածքները հայաթափենք և հանձնենք, Ադրբեջանը դիրքավորվի մեր բարձրունքներում հետո հարձակվի Հայաստանի վրա, թե՞ մենք պատրաստ ենք արիություն ցուցաբերել և հստակ բարձրաձայնել այն թեզերը, որոնք ունենք»,- նշեց նա։

Արամ Օրբելյանը նաև հավելեց, որ Ադրբեջանը շատ ավելի մեծ տարածքներ ստացել է պայմանական ասած վախերի արդյունքում, քան գրավել է պատերազմի հետևանքով։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանին շատ ավելի մեծ տարածք հանձնվել է պատերազմից հետո, որոնք որոշ դեպքերում եղել են անառիկ և լեռնային տարածքներ, և դրանց գրավումը զգալիորեն շատ բարդ կլիներ։