copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 22:00 11-07-2023

Վաղը կասեն` դժբախտ ու դժգույն ինստիտուտ է Մատենադարանը, և կփակեն․ Սերժ Սրապիոնյան

Աննա Սրապիոնյան

Լրագրող

ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Մատենադարանի վրա սև ամպեր են կուտակված։ Գրառման մեջ Դադոյանը նշել է, որ Հայաստանում նոր ժողովրդավարություն է հասունանում՝ նշաձողի իջեցման քաղաքականություն, որը նաև քմահաճ վերաբերմունք է ցուցաբերում գիտության հանդեպ։ Խնդիրը կայանում է նրանում, որ Մատենադարանում փոխվել է տնօրենի ընտրության կարգը։

Oragir.News-ի հետ զրույցում բանասեր և գրականագետ Սերժ Սրապիոնյանն, անդրադառնալով վերոնշյալին, ասաց, որ Մատենադարանում իրենք տնօրենի ընտրության կարգը փոխեցին, հոգաբարձուների խորհրդում դրեցին Մատենադարանից հեռու, գիտությունից, ազգային արժեքներից հեռու մարդկանց և հիմա ձգտում են Մատենադարանի տնօրեն դարձնել մեկին, որին շատ քիչ են հետաքրքրում Մատենադարանի արժեքները։

«Մատենադարանը իրենցով են անում, իսկ Մատենադարանը ազգային բացառիկ արժեքներ ունի՝ ձեռագրեր, մանրանկարչական պատկերներ, մատյաններ, որոնք ըստ էության գնահատման ենթակա չեն, թանկարժեք են։ Ժամանակին, երբ Հրաչյա Թամրազյանը Մատենադարանի տնօրենն էր, գումարներ էր ծախսում, ձեռք էր բերում հազվագյուտ հայկական ձեռագրեր, հարստացնում էր Մատենադարանի ֆոնդը։ Հրաչյա Թամրազյանից հետո այդպիսի բան տեղի չունեցավ, նույնիսկ պետությունը միջոցներ չէր տրամադրում, այսինքն այս իշխանություններին հայտնի չի Մատենադարանը ի զորու եղե՞լ է որևէ թանկարժեք մատյան գնելու, թե չի եղել, չկա դրա նման հաղորդագրություն։ Հիմա, ըստ էության, իրենք ուզում են ձեռք գցել Մատենադարանին, դա գիտության հզորագույն կենտրոն է, հանրագիտական կենտրոն է։ Մատենադարանը աշխարհին ներկայացնում է մեր պատմությունը, մեր հայագիտական նվաճումները, մեր ազգային ինքնությունը․․․Ինչպես մնացած տեղերում՝ բուհերում, դպրոցներում, գրադարաններում ոչնչացնում են հայկականությունը, այնպես էլ իրենք որոշել են, որ Մատենադարանը խոշորագույն կենտրոններից մեկն է, պետք է աստիճանաբար թուլացնեն, վերացնեն»,- ասաց գրականագետը։

Սրապիոնյանը նշում է, որ վաղը կամ մյուս օրը կասեն, որ դժգույն ու դժբախտ ինստիտուտ է Մատենադարանը և կփակեն, իսկ Մատենադարանը բացվել է խորհրդային տարիներին, երբ ազգային խնդիրները երկրորդական էին համարում, բայց նվիրյալ մարդիկ ամեն բան արեցին և բացեցին Մատենադարանը։

«Նպատակը դա է։ Հակառակ դեպքում Մատենադարանը պետք է միջնադարի, ձեռագրաբանի, գիտական մեծ աշխատանքներ կատարած մարդիկ էին մեծ ծառայություններ կատարած, մեծ ծառայություններ մատուցած, որոնք կարող էին Մատենադարանի արժեքը հասկանալ և հարստացման ճանապարհները գտնել։ Իրենք դա օրենք են ընդունել, որ նույնիսկ թեկնածու, որը ըստ էության, որովհետև իրնց մոտ չկա թեկնածու, որ բերեն դնեն, որովհետև թեկնածուի կոչում մի կերպ այստեղից-այնտեղից ձեռք գցածներ են, դնեն տնօրեն, որ սկսեն քանդել Մատենադարանը։ Մատենադարանից ժամանակին իրենք ասում էին, որ ձեռագրեր են կորել, բայց ապացույց, փաստարկ չունեն։ Հիմա ձեռագրերը հերթով կկորչեն, մանրանկարչական արվեստի գլուխգործոցները կկորչեն, սև շուկայում կվաճառեն, իրենք կհայտարարեն, որ Մատենադարանը աղքատ է, դժգույն է, ծախսերը շատ են, պահել պետք չէ, այդքան գիտնական պահել պետք չէ»,- ասաց Սրապիոնյանը։

Հիշեցնենք, որ Մատենադարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար հայտ են ներկայացրել կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը: Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը տնօրենին ընտրելու է հուլիսի 17-ին։