Արտաքին 3 տարի առաջ - 16:30 11-07-2023

Ինչ պայմաններով է Թուրքիան համաձայնել աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես արդեն տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Վիլնյուսում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի եռակողմ հանդիպումը, որից հետո Թուրքիայի նախագահը համաձայնել է աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին։ Ավելի ուշ Էրդողանը նաև հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Հանդիպումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարություն է տարածել, որից հայտնի է դառնում, թե Անկարան ինչ պայմաններով է համաձայնել աջակցել Ստոկհոլմի հայտին։

Հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից ի վեր Շվեդիան և Թուրքիան սերտորեն համագործակցել են անվտանգության շուրջ Անկարայի մտահոգությունները լուծելու համար: Նշվում է, որ այս գործընթացի շրջանակներում Շվեդիան փոխել է իր օրենսդրությունը, զգալիորեն ընդլայնել է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ պայքարը, ինչպես նաև վերսկսել է զենքի արտահանումը Թուրքիա՝ այսինքն կատարել է 2022 թվականին ստորագրված եռակողմ հուշագրով նախատեսված բոլոր քայլերը։

Շվեդիան և Թուրքիան համաձայնել են են շարունակել համագործակցությունը 2022 թվականին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստեղծված Եռակողմ մշտական համատեղ մեխանիզմի շրջանակում, ինչպես նաև Անվտանգության նոր երկկողմ համաձայնագրի շրջանակում։ Բացի այդ յուրաքանչյուր տարի երկու երկների միջև՝ նախարարների մակարդակով հանդիպումներ կլինեն, անհրաժեշտության դեպքում կստեղծվեն աշխատանքային խմբեր: Առաջին հանդիպմանը Շվեդիան ներկայացնելու է ճանապարհային քարտեզ՝ որպես ահաբեկչության դեմ պայքարի հիմք։

Միևնույն ժամանակ շվեդական կողմը վստահեցրել է, որ չի աջակցի Քուրդիստանի բանվորական կուսակցության տարբեր ճյուղերին, ինչպես նաև գյուլենական կազմակերպությանը, որոնք Թուրքիայում ճանաչված են որպես ահաբեկչական կազմակերպություններ։

Հայտարարությունում նշվում է, որ ՆԱՏՕ-ում գլխավոր քարտուղարի կողմից առաջին անգամ կստեղծվի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ համակարգողի պաշտոնը:

«Կողմերը հավատարիմ են սկզբունքին, որ դաշնակիցների միջև պաշտպանական ոլորտում առևտրի և ներդրումների համար չպետք է լինեն սահմանափակումներ, խոչընդոտներ կամ պատժամիջոցներ և աշխատելու են նման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։ Խոսքն այստեղ պաշտպանական ոլորտում Թուրքիայի դեմ առկա սահմանափակումները վերացնելու մասին է։

Շվեդիան և Թուրքիան նաև պայմանավորվել են ուժեղացնել տնտեսական համագործակցությունը Թուրքիա-Շվեդիա համատեղ տնտեսական և առևտրային կոմիտեի միջոցով: Շվեդիան նաև ակտիվորեն աջակցելու է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի ակտիվացմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացմանը և վիզային ռեժիմի ազատականացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի