Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել էր Թուրքիա, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ։
Հատկանշական էր, որ Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ուկրաինան արժանի է, որ անդամակցի ՆԱՏՕ-ին։ Միևնույն ժամանակ Զելենսկու այցը նշանավորվեց ոչ միայն այս հայտարարությամբ, այլ նաև այն հանգամանքով, որ Զելենսկու հետ միասին Ուկրաինա վերադարձան նաև «Ազով» գումարտակի 5 հրամանատարները։
Մարիուպոլի «Ազովստալ» հսկա գործարանի պաշտպանները նախորդ տարի հանձնվել էին, իսկ գումարտակների հրամանատարները Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել էին Թուրքիա, որտեղ պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։ Այսպիսիով վերջիններս շուրջ 10 ամիս անց վերադարձան Ուկրաինա, նրանց թվում էր նաև «Ազովի» հրամանատար Դենիս Պրոկոպենկոն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ էր հրապարակել, որտեղ վերջիններս իր հետ միասին նստում էին Ուկրաինայի նախագահական օդանավը։ Լվովի օդանավակայանում, որտեղ վայրէջք կատարեց օդանավը, Պրոկոպենկոն հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալ ռազմաճակատ։ «Իհարկե։ Մենք դրա համար ենք վերադարձել Ուկրաինա»,- ասել էր նա լրագրողներին։
Ռուսական կողմը բավականին կոշտ է արձագանքել Թուրքիայի իշխանությունների այս քայլին։ Մինչ ռուսաստանցի ազգայնական բլոգերները «Ազովի» հրամանատարների վերադարձը Ռուսաստանի ստորացում են համարել, իսկ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը որոշումը համարել է Թուրքիայի վրա ՆԱՏՕ-ի ճնշման արդյունք։ Այս հարցը իրենց հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը, որտեղ, ըստ ռուսական կողմի Լավրովն Անկարայի ուշադրությունը հրավիրել է կուրսի ապակառուցողականության վրա՝ կապված Կիևին ռազմական տեխնիկայի շարունակական մատակարարման հետ՝ ասելով, թե նման քայլերը կարող են հանգեցնել միայն բացասական հետևանքների։
Նշենք նաև, որ լրատվամիջոցներում տևական ժամանակ շրջանառվում էր այն վարկածը, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Թուրքիան «Ազով» գումարտակի հրամանատարներին ի վերջո հանձնելու է Ռուսաստանի Դաշնությանը։
Չնայած ռուս-ուկրաիանական պատերազմի սկզբից ի վեր Թուրքիան զգուշավոր չեզոքություն էր պահպանում՝ չվնասելով իր հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, այնուամենայնիվ այս քայլից հետո այդ երկիրը որոշակի խնդիրներ կունենա հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում և դժվար թե կարողանա հավակնել չեզոք միջնորդի դերին, ինչը տևական ժամանակ Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում ներկայացվում էր որպես Էրդողանի պրոֆեսիոնալ դիվանագիտության հաջողություն։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել էինք Թուրքիայում նոր կառավարության ձևավորման ժամանակ, Էրդողանը վերընտրվելուց հետո ձգտում է ամեն գնով կարգավորել իր հարաբերությունները արևմուտքի հետ, քանի որ արևմուտքի հետ ունեցած լարվածության հետևանքով երկիրը զգալի կորուստներ է կրել հատկապես տնտեսական ոլորտում։ Հիշեցնենք, որ Էրդողանի նոր կաբինետում բացակայում էին ընդգծված հակաարևմտյան տրամադրություններ ունեցող գործիչները, ինչ նույնպես վկայում է արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու Էրդողանի ցանկության մասին։
Առհասարակ Թուրքիայի և արևմուտքի միջև լարվածության պատճառներից մեկն այն էր, որ Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ՌԴ-ի դեմ մինչև այժմ պատժամիջոցներ չի սահմանել, և ավելին խորացնում է հարաբերություններն այդ երկրի հետ։ Բացի այդ լարվածությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Թուրքիան մինչև օրս հրաժարվում է հաստատել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը և դա անելու համար առաջ է քաշում մի քանի նախապայմաններ՝ մասնավորապես Շվեդիայում ահաբեկչական կազմակերպությունների առկայության հարցը։
Սակայն նկատենք, որ վերջին շրջանում Էրդողանն այս հարցում նույնպես մեղմացրել է իր հռետորաբանությունը և չի բացառում, որ Թուրքիան կհաստատի նաև Շվեդիայի անդամակցության հայտը։ Այստեղ առանցքային դերակատարություն է ունեցել հատկապես ԱՄՆ-ն, որի նախագահ Ջո Բայդենը վերջերս հավանություն էր տվել Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու նախագծին։ Սա նույնպես Թուրքիայի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող խնդիր էր, որի լուծմանն այդ երկիրը տևական ժամանակ փորձում էր հասնել։
Բացի այդ նկատենք, որ վերջին շրջանում Թուրքիայում վերջին շրջանում կրկին ակտիվորեն քննարկում է ԵՄ-ին լիիրավ անդամակցելու հնարավորությունը։ Թուրքիայում իշխանամետ շրջանակները չեն բացառում, որ Անկարան կարող է հաստատել Շվեդիայի անդամակցության դիմումը՝ փոխարենը պահանջելով, որ ԵՄ անդամ երկրները հաստատեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հայտը։
Այսպիսով կարող ենք փաստել, որ Թուրքիան արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռված քաղաքականությունից թեքվում է ավելի շատ դեպի արևմուտք, որը պայմանավորված է մի շարք գործոններ։ Այստեղ չափազանց մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանին տևական ժամանակ է ինչ չի հաջողվում ուկրաինական ռազմաճակատում նշանակալի հաջողություններ արձանագրել, իսկ հունիսի 24-ին այդ երկրում տեղի ունեցած խռովությունը վնասել է նաև երկրի միջազգային հեղինակությունը։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ Թուրքիան դեռևս չի պատրասվում նվազեցնել Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մակարդակը, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից, և երկու երկրներն էլ ունեն միմյանց կարիքը։