Արծրուն Հովհաննիսյանի ասածը սուտ ու կեղծիք է, նպատակը հանրությանը մոլորեցնելն է. Հայկ Նահապետյան
copy image url

Արծրուն Հովհաննիսյանի ասածը սուտ ու կեղծիք է, նպատակը հանրությանը մոլորեցնելն է. Հայկ Նահապետյան

Խոսք Ներքին 1 տարի առաջ - 19:00 10-07-2023

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն օրեր առաջ հերթական սենսացիոն հայտարարությունն է հնչեցրել, որը մեր երկրում իրարամերժ քննարկումների պատճառ է դարձել։ Մասնավորապես, Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը 1994 թվականից սկսած որևէ հարձակողական զորավարժություն չի անցկացրել՝ նույնիսկ կորպուսի մակարդակով։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը հայտնեց, որ զորավարժություններն իրականացվում են պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից։ Փորձագետն ընդգծեց, որ Արծրուն Հովհաննիսյանը նախևառաջ ճիշտ չի ասում։ Նահապետյանը նշեց, որ 2000 թվականի հոկտեմբերի վերջին տասնօրյակում, երբ ինքը պատասխանատու է եղել ՊՆ-ի լրատվական սպասարկման համար, Հայաստանի և Արցախի սահմանին մեծ զորավարժություններ են անցկացվել։

Նա ասաց, որ զորավարժությունների վերաբերյալ շատ տեղեկություններ չի կարող հրապարակել, սակայն նշեց, որ դրանք եղել են հարձակվողական, դրանցում ընդգրկված է եղել մեծ թվով անձնակազմ և զինտեխնիկա, ինչպես նաև ռուսական լրատվամիջոցներ էին ժամանել՝ զորավարժությունները լուսաբանելու համար։

Նահապետյանը նաև հայտնեց՝ ավելի ճիշտ կլինի, որ այս հարցը մեկնաբանի պաշտպանության նախկին նախարարը և գլխավոր շտաբի պետը, քանի որ պլանավորումն իրականացնում էին իրենք, իսկ հաստատումը՝ գերագույն գլխավոր հրամանատարը։

Նրա խոսքով՝ Արծրուն Հովհաննիսյանին պետք է երկու հարց տալ. ինչու՞ է ապատեղեկատվություն տարածում, և արդյոք ինքն իրավասո՞ւ է նման հայտարարություն անել, թե՞ ոչ։ «Օրինակ՝ 1994 թվականին ինքը որտե՞ղ էր, 1995 թվականին ի՞նչ պաշտոն էր զբաղեցնում և արդյոք ենթադրենք զինված ուժերում, կամ ուսումնական հաստատությունում ուսումնառության ժամանակ ինքը կարո՞ղ էր այդպիսի տեղեկատվության տիրապետել, թե՞ ոչ։ Նման հայտարարություն հնչեցնելու համար ինքն առնվազն պետք է փակ տեղեկատվության տիրապետի՝ 1994 թվականից սկսած իրականացված բոլոր զորավարժությունների, դրանցում ընդգրկված ստորաբաժանումների, անձնակազմի քանակի և դրվող մարտական խնդիրների վերաբերյալ»,- նշում է նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Արծրուն Հովհաննիսյանը հիմա նման հայտարարություն անում՝ Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ Հովհաննիսյանը նման հայտարարությամբ ցանկանում է ասել, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի զինված ուժերը ու նրանց հրամանատարական կազմը՝ ներառյալ բանակի հրամանատարները, պաշտպանության նախարարները և հանրապետության նախագահները օրակարգում նման խնդիր չեն դրել, ինչը կեղծիք է և սուտ է։

«Ես գոնե կարող եմ ասել այնքանով, որքանով իրազեկ եմ։ Սա ենթադրությունների հարց չէ, քանի որ ինքը դա ասում է որպես փաստ։ Ինքս ասում եմ՝ անձամբ մասնակցել եմ և նշում եմ, թե դա երբ է տեղի ունեցել՝ 2000 թվականի հոկտեմբերի վերջին տասնօրյակին։ Ես չգիտեմ՝ ինքն այդ ժամանակ ի՞նչ էր անում, որտե՞ղ էր, ի՞նչ կարգավիճակ ուներ, բայց ես մասնակցել եմ»,- նշեց նա։

Հայկ Նահապետյանը վստահեցրեց, որ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը հասարակությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում։ «Ցանկանում է ասել, որ հներն այդքան վատն էին, որ անգամ որևէ հարձակվողական զորավարժություն չեն անցկացրել՝ անգամ կորպուսի մակարդակով, իսկ մենք եկանք ու բանակը փրկեցինք, տռուսիկ-մայկա, ելակ ու դոլմա բերեցինք։ Նման ապատեղեկատվության տարածումը նպատակ ունի այն տարիների բանակին և նրա ղեկավար կազմին վարկաբեկել»,- ընդգծեց նա։

Ռազմական փորձագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ցանկացած զորավարժություն նպատակ ունի բարձրացնել անձնակազմի մարտական ոգին, բարոյահոգեբանական վիճակը, բարելավել մասնագիտական ունակությունները, ինչպես նաև զորքերի կառավարումը և այլն։

Նրա խոսքով՝ այս ամենը նույնպես միջոց է, ոչ թե նպատակ, իսկ նպատակն այն է, որ ցանկացած ռազմական գործողության կամ բախման ժամանակ բանակը հաղթող դուրս գա։

Նահապետյանն այս համատեքստում հիշեցրեց, որ 1994-2018 թվականներին հայկական բանակը կատարել է իր մարտական խնդիրները և ճնշել է Ադրբեջանի բոլոր սադրանքները՝ կլինեին դրանք դիվերսիոն-հետախուզական, կլինեին ավելի լայնածավալ, ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմը։

Նա հավելեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանն այլ բան էր պլանավորել, սակայն հայկական բանակի գործողությունների արդյունքում ձախողվեցին, և իրենք առաջինը խնդրեցին Ռուսաստանի Դաշնության ԳՇ պետին, որպեսզի վերջինս միջնորդի, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, քանի որ եթե Ադրբեջանը չկանգնեցներ պատերազմը, հայկական կողմն անցնելու էր լայնածավալ ռազմական հակահարձակման։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով