Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 20:00 06-07-2023

Վրաստանում լողալը վտանգավո՞ր է. պարզաբանում է մասնագետը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես հայտնի է, հունիսի 6-ին պայթեցվել է Ուկրաինայի Խերսոնի շրջանում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, որի համար Մոսկվան և Կիևը միմյանց փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում, սակայն մինչև այժմ դեռևս հայտնի չէ, թե որ կողմն է իրականացրել ամբարտակի պայթյունը։ Պայթյունի հետևանքով Դնեպր գետից ջուրը անվերահսկելիորեն հոսել է դեպի հարակից բնակավայրեր, ինչպես նաև լցվել է Սև ծով, որը ծովի ափին գտնվող երկրների համար լուրջ խնդիրներ է առաջացրել։

Ամբարտակի պայթեցման հետևանքով տեղի ունեցած ջրի աղտոտումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, այդ իսկ պատճառով Ուկրաինայի իշխանություններն ամեն օր ստուգում են ջրի որակը։ Այս հետազոտությունների արդյունքում Դնեպրի ջուրն օգտագործման համար ոչ պիտանի է ճանաչվել։ Բացի այդ՝ ուկրաինացիներին խորհուրդ է տրվում օգտագործել ջրի ախտահանման համար նախատեսված հաբեր, դրանք տեղական իշխանություններն են բաժանում, և վերջիններիս խոսքով՝ նշված դեղերի պակաս չկա։

Մինչև այժմ Ուկրաինայի տարածքում իրականացված փորձաքնությունների արդյունքում ջրի նմուշներում լուրջ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել, սակայն մասնագետները կարծում են, որ իրավիճակը կարող է փոխվել։ Մինչ օրս հաղորդվել է երկաթի մակարդակի նկատելի ավելցուկի և ծովի ջրի աղիության նվազման մասին։

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտարարել է, որ Դնեպրում ջրի աղտոտվածության մակարդակը, տարբեր ցուցանիշների համաձայն, 28 հազար անգամ գերազանցում է նորման։ Սրանից ելնելով՝ Կիևի իշխանությունները բնակիչներին արգելել են գետում ձկնորսություն իրականացնել, ինչպես նաև հորդորել են չխմել գետի ջուր, այն չտալ անասուններին և չլողալ այնտեղ։ Լյաշկոյի խոսքով՝ լողալու համար պիտանի չէ ամբարտակից ներքև գտնվող ողջ ջրային տարածքը, այդ թվում՝ Սև ծովի ուկրաինական ափը։

Ուկրաինայի տարերային աղետների հետևանքների վերացման շտաբը հայտնել է, որ ամբարտակի պայթեցման պատճառով Սև ծովի աղիությունը կտրուկ նվազել է։ Փորձարկումների արդյունքների համաձայն՝ Օդեսայի մոտ ծովի աղիությունը նվազել է գրեթե երեք անգամ, ինչը պայմանավորված է ամբարտակի պայթեցմամբ, որը բացվում է քաղցրահամ ջրի մուտքով ծով։

Միևնույն ժամանակ փորձագետները զգուշացնում են, որ ամբարտակի պայթեցումը վնասել է ոչ միայն Ուկրաինային, այլ նաև Սև ծովի ափամերձ մյուս երկրներին՝ այդ թվում նաև Վրաստանին։ Քանի որ հայ հասարակության մի զգալի հատվածը իր ամառային հանգիստը նախընտրում է անցկացնել Վրաստանի ծովափնյա հանգստավայրերում, վրացական ափերի հնարավոր աղտոտվածությունը անհանգստացնում է նաև Հայաստանի բնակչությանը։

Չնայած փորձագետների զգուշացումներին և մտավախություններին՝ այնուամենայնիվ Վրաստանի իշխանությունները և համապատասխան մասնագետները պնդում են, որ ամբարտակի պայթյունի հետևանքով վրացական ափերը չեն տուժել, և Վրաստանի տարածքում լողալն անվտանգ է։ Վրացի բնապահպան, «Երկրի ընկերներ» կանաչների շարժման նախագահ Նինո Չխոբաձեն հայտնել է, որ Վրաստանն այս փուլում ներառված չէ ռիսկային գոտում, քանի որ ծովային հոսանքն անցնում է հարավից հյուսիս։

Վերջինս հայտնել է, որ Վրաստանը Սև ծովի ափին ամենամաքուր ջուրն ունի, ինչի մասին վկայում է նաև ձկնորսության իրականացումը։ Նա նշել է, որ ձկներն ապրում են միայն մաքուր միջավայրում, և այս փուլում ձկները լողում են Վրաստանի տարածքային ջրերում։ Վերջինս միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ սա չի նշանակում, որ ամեն բան լավ է, Վրաստանին ոչինչ չի սպառնում։

Չխոբաձեն հայտնել է, որ Վրաստանը Կախովսկայա ՀԷԿ-ի կործանման ազդեցությունը կզգա 5-6 ամիս անց, իսկ մինչ այս ժամանակահատվածը Սև ծովը, հաշվի առնելով առողջ էկոհամակարգերը, կկարողանա վերականգնել իր հավասարակշռությունը։ Փորձագետը պնդում է, որ այս փուլում գլոբալ աղտոտվածության որակի և չափի վերաբերյալ պաշտոնական ուսումնասիրություններ չկան, և պետությունների կողմից հիմնական առաջարկը մոնիտորինգի ուժեղացումն է։

Բնապահպանը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ընդհանուր առմամբ Սև ծովում վտանգ կա, քանի որ ափամերձ վեց երկրներն էլ հարձակման են ենթարկվել, սակայն Վրաստանին այս պահին վտանգ չի սպառնում։ Վերջինս կարևորել է նաև այս հարցով Բուխարեստի հանձնաժողովի նիստի հրավիրումը, քանի որ գոյություն ունի Սև ծովի պաշտպանության կոնվենցիա, և այն պետք է որոշի, թե ինչ կոնկրետ խնդիրներ պետք է կատարեն երկրները և ինչպես շարունակեն իրենց աշխատանքներն այս ուղղությամբ։


«Վրաստանի կողմից այժմ էլ հնարավոր է ակտիվացնել Շրջակա միջավայրի պահպանության գործակալության կողմից անցկացվող մոնիտորինգը: Նրանք պետք է քրտնաջան աշխատեն և բնակչությանը տեղեկատվություն տրամադրեն գոնե սոցիալական ցանցերում խուճապը մարելու համար»,- ասել է նա։

Չխոբաձեն նաև ասել է՝ փորձագետներն ի սկզբանե գիտեին, որ ջրի հոսքը գնալու է ոչ թե Վրաստանի, այլ Օդեսայի ուղղությամբ, և այժմ դա պաշտոնապես հաստատվել է։ Նա նշել է, որ պայթունի հետևանքով մեծ քանակությամբ քաղցրահամ ջուր լցվեց ծով, ինչի հետևանքով ջրի աղիության աստիճանը նվազեց։ Փորձագետը պարզաբանել է, որ այժմ մասնագետները հնարավորություն ունեն ակտիվ մոնիտորինգ իրականացնել, քանի որ Սև ծովի աղիությունը շատ կարևոր է՝ բակտերիալ վարակի տարածումը կանխելու համար։ Փորձագետի համոզմամբ՝ սևծովյան էկոհամակարգն այնքան ուժեղ է, որ կարող է դիմակայել այն թափոններին, որոնք մարդիկ իրենք են նետում ջուրը։

Հաղորդվում է նաև, որ վրացի մասնագետները Աջարիայի ափամերձ հատվածում մանրէաբանական ուսումնասիրություններ են անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ ջուրը համապատասխանում է բոլոր սահմանված չափանիշներին։