Ինչու է Հայաստանի Սահմանադրությունն անհանգստացնում Թուրքիային և Ադրբեջանին
copy image url

Ինչու է Հայաստանի Սահմանադրությունն անհանգստացնում Թուրքիային և Ադրբեջանին

Արտաքին 1 տարի առաջ - 19:00 05-07-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը մշտապես պայմանավորել են մեր երկրի կողմից իրեն ներկայացված բոլոր նախապայմանների անվերապահ կատարմամբ։

Հայտնի է, որ Հայաստանից պահանջվում է Արցախն ամբողջությամբ ճանաչել որպես Ադրբեջանի մաս, որը ցավոք Հայաստանի ներկայիս իշխանություններն արդեն կատարել են, Ադրբեջանին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տրամադրել, ճանաչել Թուրքիայի հետ ներկայումս գոյություն ունեցող սահմանները, որոնք ձևավորվել են 1921 թվականին ստորագրված Կարսի պայմանագրով, ինչպես նաև հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացից։

Սակայն բացի վերոհիշյալ պահանջներից Թուրքիան և Ադրբեջանը դժգհություններ ունեն նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրության նկատմամբ, քանի որ դրանում իրենց համար անընդունելի ձևակերպումներ կան։ Այս երկրները իրենց նախապայմանների հետ մեկտեղ մի քանի անգամ ակնարկել են, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար պետք է նոր սահմանադրություն ընդունի և հրաժարվի իրենց հանդեպ ունեցած «տարածքային պահանջներից»։

Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականին իրականացված 44-օրյա ագրեսիայի առաջին տարելիցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը, որում մի շարք սպառնալիքների հետ մեկտեղ նշել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ընդունի նոր սահմանադրություն։ Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս Սահմանադրության տեքստը հղումներ է պարունակում «Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին»:

«Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից»,- հայտարարում էր նա։

Կարծում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը դժգոհ է այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագրին, որը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ միանշանակ հղում է կատարվում նաև այն դրույթին, որն ասում է. «ՀՀ Սահմանադրությունը սատար է կանգնում Արևմտյան Հայաստանում և Oսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը»։

Այսինքն՝ Հայաստանի պետության հիմնադիր փաստաթղթում պետության ստեղծման հիմնական նպատակներից մեկն ամրագրվել է` Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման գործընթացին աջակցելու պարտավորությունը։ Սա փաստացի նշանակում է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, չնայած իր սահմանափակ կարողություններին, չի հրաժարվում իր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրավունքներից, որոնք կարող է վերականգնել աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների պայմաններում։

Թուրքիան և Ադրբեջանը բնականաբար այս ամենը շատ լավ գիտակցում են և դրա համար էլ նախքան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը փորձում են լուծել նաև այս խնդիրը։ Ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն այնքան են ձգտում այս երկրների հետ կարգավորել հարաբերությունները, որ պատրաստ են կատարել նաև այս պահանջը։

Նկատենք, որ Հայաստանում տևական ժամանակ է, ինչ սահմանադրական բարեփոխումների հարցով քննարկումներ են ընթանում, որոնք դեռևս չեն հանրայնացվել և դրվել հանրաքվեի, սակայն ամենայն հավանականությամբ, երբ սահմանադրության նոր տարբերակը պատրաստ կլինի դրանում կբացակայեն վերոհիշյալ ձևակերպումները, որպեսզի դրանք «չխոչընդոտեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»։

Հավելենք, որ եթե անգամ Հայաստանը կատարի Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացրած հերթական պահանջը, ապա դրանից հետո նույնպես Հայաստանի հանդեպ այս երկրների դիրքորոշումը չի փոխվելու։ Բազմիցս ենք նշել, որ թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարումը ոչ միայն չի նպաստելու այդ պահանջների նվազեցմանը, այլ նաև նպաստելու է նոր պահանջների ներկայացմանը։

Այս հարցում լավագույն օրինակը Արցախյան հակամարտությունն է, որտեղ երբ 2020 թվականի ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախի տարածքի 75%-ը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ, դրանից Հայաստանի հանդեպ պահանջները ոչ միայն չպակասեցին, այլև ավելացան՝ ի դեմս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և այլն։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի առաջին նախագահի պաշտոնավարման օրոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության հարցն ընդգրկված չէր Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների շարքում, սակայն դա որևէ կերպ չնպաստեց, որ Թուրքիան կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները։

Ամենից շատ դիտված