Երևան +21°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:35 05-07-2023

Մինչև տարեվերջ նոր սահմանադրություն ունենալու վարչապետի հանձնարարականը ևս չի կատարվի

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Սահմանադրական բարեփոխումների խորհրուդում պրոցեսները շատ դանդաղ են ընթանում, հանրային հետաքրքրությունը շատ ցածր է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավոր» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Դա հիմնականում պայմանավորված է անվտանգային խնդիրներով, օրինակ, հաճախ, երբ հանրային քննարկում ենք կազմակերպում որևէ հարցի վերաբերյալ՝ դրան մի քանի հոգի են մասնակցում, շատ դժվար է մարդկանց ուշադրությունը գրավել որևէ այլ խնդրի վրա»։

Նա նշեց, որ փաստացի քննարկումները լինում են միջինում ամիսը մեկ անգամ։ «Դա, իհարկե, ցածր պարբերականություն է։ Մենք մինչև հիմա խնդիրներ ունենք մասնագիտական հանձնաժողովի հետ կապված, հանձնաաժողովը դեռ համալրված չէ։ Մասնագիտական հանձնաժողովում 5 հաստիք ունենք, որոնցից միայն 3-ն է, որ համալրված է։ Ես ուզում եմ հորդորել բարձրորակ իրավաբաններին, որպեսզի գան՝ դիմեն։ Ասեմ, որ հանձնաժողովի անդամների համար նաև բարձր աշխատավարձ է նախատեսվում, խորհրդի անդամները չեն ստանում, բայց հանձնաժողովի անդամները ստանում են բավական բարձր աշխատավարձ»։

Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ դիմել են, բայց խորհուրդը մերժել է նրանց, քանի որ այդ մարդկանց հայացքները խնդրահարույց են համարել։ «Խոսքը քաղաքական հայացքների մասին չէ, այլ աշխարհայացքի։ Մարդ կա՝ ասում է, որ Սահմանադրությունը պետք է 500 հոդված ունենա, այսինքն տարաձայնությունները ոչ թե քաղաքական են, այլ բովանդակային, քաղաքական հայացքները չեն էլ ստուգվում»։

Հարցին, թե հստա՞կ է արդյոք, թե ինչ ժամկետներում կունենանք Սահմանադրության նոր պատրաստի նախագիծ՝ նա պատասխանեց․ «Եկեք ազնվությամբ էլի ասեմ, եթե ես ձեզ ասեմ Հայաստանում կես տարուց այսինչ բանը կլինի՝ որևէ պրոցեսի հետ կապված՝ չե՞ք ասի, Դանիել , լուրջ մարդ ես էլի, ոնց ես կանխատեսում, թե կես տարուց ինչ է լինելու։ Հիմա այնքան պրոցեսներ են տեղի ունենում, որ դժվար է կանխատեսումներ անել»։

Դիտարկմանը, թե վարչապետի հանձնարարականով նախանշված ժամկետը մինչև տարեվերջ է՝ նա պատասխանեց, որ մինչև տարեվերջ հաստատ չի լինելու։ «Ինձ համար ակնհայտ է, որ այդ ժամկետները չեն պահպանվելու»։

Անդրադառնալով բովանդակային փոփոխություններին՝ նա նշեց, որ արդեն որոշում կա պետական կառավարման համակարգի հետ հետ կապված։ Միաժամանակ, նախնական որոշում կա, որ Սահմանադրության երրորդ գլխում նախատեսված սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանվածության մակարդակը պետք է բարձրանա և բերվի հիմնական իրավունքների պաշտպանվածության մակարդակի, որպեսզի քաղաքացիները այդ իրավունքների վիճարկումը կարողանան կատարել նաև Սահմանադրական դատարանում։

«Խորհուրդը որոշակի քննարկումներ ունի պետական գործառույթներն այսպես ասած՝ մասնավորին պատվիրակելու մեջ։ Այսինքն, խորհուրդը նախնական որոշում ունի, որ Սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ որոշ պետական գործառույթներ կարող են պատվիրակվել մասնավորին։ Հիմա նման պրակտիկա մենք ունենք կապված նոտարների հետ, այսինքն նոտարները հիմա մասնավոր են, բայց պետական ֆունկցիա են իրականացնում, օրինակ, իմ պատկերացմամբ դա կարող է լինել Հարկադիր կատարման ծառայությունը, կարող են լինել նաև այլ մարմինները, որոնք միգուցե ավելի էֆեկտիվ կգործեն, քան պետական մարմիններրը։
Առհասարակ, փորձը ցույց է տալիս, որ պետական մարմինները շատ ցածր էֆեկտիվությամբ են գործում, մասնավորի համեմատ։

Որոշակի նախնական քննարկումներ կան դատական համակարգի կառուցվածքի վերաբերյալ, կան քննարկումներ նախագահի գործառույթների հետ կապված, այսինքն, թե ինչ լիազորություններ պետք է ունենա նախագահը, այստեղ որոշ առաջարկություններ են ներկայացվել, որոնք մերժվել են։ Առայժմ որևէ բան փոխելու մասին որոշում չկա, բայց միայն առայժմ չկա։ Կարծում եմ, դեռ ինչ-որ բաներ կփոխվի, թե ինչ՝ կդժվարանամ ասել»։

Անդրադառնալով, սուպերվարչապետական համակարգի վերացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին՝ Իոաննիսյանն ասաց, որ սուպերվարչապետաության խնդիրներից մեկն այն է, որ Սահմանադրությամբ նախատեսված է կայուն մեծամասնության ինստիտուտ, որը շատ խնդրահարույց է։ «Որևէ նորմալ երկրի սահմանադրությունում չեք գտնի նման բան։ Ժամանակին կար Հունաստանում, հետո հույների խելքը հերիքեց, որ դա հանեն, կա Սան Մարինոյում, չգիտեմ Սան Մարինոն կարելի՞ է հիմա պետություն համարել, թե ոչ։ Սա պետք է հանվի, սրա առկայությունը հանգեցնում է նրան, որ կառավարությունը ոչ թե ձևավորվում է կոալիցիաների, կոնսենսուսի կամ համաձայնությունների միջոցով, այլ ուղղակի մեկ ուժի կողմից։ Նման համակարգի առկայության պարագայում բնականաբար ունենալու ենք սուպերվարչապետություն։ Հաջորդ բանը, որ պետք է արվի՝ խորհրդարանական ընդդիմության հնարավորությունների ընդարձակումն է, խորհրդարանական դեբատների ընդարձակումն է։ Այս ուղղությամբ էլ դեռ ոչինչ չենք արել, բայց քննարկումները հասունանում են»։