Ներքին 3 տարի առաջ - 22:19 04-07-2023

Գյումրիում օպտիմալացման պատճառով փակված հիվանդանոցների շենքերը կա՛մ ջրի գնով վաճառում են, կա՛մ դատարկ են մնում

Դեռ 2020թ.-ից գործող իշխանությունը լծված է հիվանդանոցների օպտիմալացմանը, և իշխանության որոշումը բացատրվում է նրանով, որ հիվանդանոցների օպտիմալացումով առանցքային հարց է լուծվում, այսինքն՝ ծախսերն են կրճատվում։ 2020թ.-ից սկսած գործընթացով Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում իրար հետևից փակվեցին մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես` ծննդատներն ու մասնագիտացված հիվանդանոցները։

2021թ.-ի օգոստոսին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը միացավ Գյումրիի բ/կ-ին, հիմա երկհարկանի շենքն ու հարակից բոլոր կառույցները դատարկ են, միայն իր տեղում շարունակում են աշխատել ռենտգեն և ֆլյուրոգրաֆիկ բաժինները, սարքավորումները դեռ տեղում են։ Իսկ ի՞նչ են լինելու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքն ու հարակից կառույցները, պարզվում է, որ հստակ առաջարկներ դեռ չկան։

Հարկ է նշել, որ դատարկ և անօգտագործելի տարածքների են վերածված նաև Գյումրիի նախկին վիրաբուժական, նախկին Սամարիթեր և «Ճերմակ» հիվանդանոցների շենքերը, իսկ վերջին մեկուկես տարում նաև ուռուցքաբանական հիվանդանոցը։

Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի եռահարկ շենքը կառավարության որոշմամբ հատկացվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին, չորս տարի անց բացի փաստաթղթային ձևակերպումներից գործնականում ոչինչ արված չէ։ Հիմա 3500 քմ ընդհանուր տարածքով շենքի մի հատվածը՝ 1200 քմ-ը դառնալու է առողջապահական, այն հատկացվում է թիվ մեկ պոլիկլինիկային, որի այժմյան շենքը «Կումայրի» արգելոցի կառույց է, ճարտարապետական արժեք ու հեռու չէ նախկին վիրաբուժականի շենքից։ Իսկ ինչ վերաբերվում է Գյումրիի «Ճերմակ» հիվանդանոցին, ապա պետք է նշել, որ դեռևս անցած տարի Գյումրիի ավագանու կողմից որոշվել էր հիվանդանոցի շենքը վարձակալության տրամադրել: Ավելին՝ հանրային լսում էր տեղի ունեցել, քննարկվել 3 հայտ։

Առաջարկվում էր շենքը որպես բուժհաստատություն շահագործել, իսկ մեկի դեպքում՝ որպես հյուրանոց: Քաղաքապետարանի կողմից անցած տարվա մայիս ամսին լսել են երեք հայտատուների առաջարկներն էլ, բայց այդպես էլ չեն գտել ամենաշահավետ առաջարկը, որի հիմքում հանրային շահը կլիներ։ Նախորդ տարվա որոշումից ամիսներ անց Գյումրիի քաղաքապետարանն ավագանու հաստատմանն է ներկայացրել «Ճերմակ» հիվանդանոցի շենքը ոչ թե վարձակալության տրամադրելու, այլ աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին սահմանելու հարցը:

«Ճերմակ» հիվանդանոցի հարցն էլ է դեռևս օդում կախված մնում։ Որոշ փակված բուժհաստատությունների շենքեր ոչ մի նպատակով չեն օգտագործում, իսկ իրենցից պատմամշակութային արժեք ներայացողներն էլ քաղաքային իշխանության համար դարձել են առևտրի առարկա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից