Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 19:00 03-07-2023

Ֆրանսիայում առկա բողոքի ալիքը չունի արտաքին ուղղորդում. ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հունիսի 27-ից սկսած Ֆրանսիայի փողոցները կրկին անհանգիստ են, որի պատճառը Նանտերում պարեկային ծառայողի հրամանին չենթարկված 17-ամյա ալժիրցու գնդակահարությունից հետո։ Ամիսներ առաջ էլ Ֆրանսիայի փողոցները կրկին անհանգիստ էին՝ կապված նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ընդունված կենսաթոշակային բարեփոխումների օրենքի հետ, որով բարձրացվել էր կենսաթոշակի անցնելու տարիքը։

Ալժիրյան ծագմամբ երիտասարդի սպանությունից հետո երկրի տարբեր քաղաքներում ցուցարարները դուրս են եկել փողոցներ, այրվել է ավելի քան 1300 մեքենա, ևս 234 շենք հրկիզվել կամ վանդալիզմի է ենթարկվել։ Հայտնի է, որ անկարգությունների մեջ ներգրավված են բազմաթիվ երիտասարդներ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը բերման ենթարկվածների միջին տարիքը գնահատել է 17, սակայն նրանց թվում եղել են նաև 13 տարեկաններ։

Ֆրանսիայում անկարգությունների վեցերորդ գիերը բերման էր ենթարկվել 78 մարդ, որը զգալիորեն փոքր ցուցանիշ էր նախորդ օրերի համեմատ։ Նախօրեին հաղորդվել էր 719 բերման ենթարկվածի մասին:

Փորձագետների համոզմամբ՝ Ֆրանսիայում ներքաղաքական կյանքը եռում է, երկրի բնակչությունն այնքան էլ գոհ չէ իշխանություններից, չնայած այն բանին, որ նախագահ Էմանուել Մակրոնը մեկ տարի առաջ է վերընտրվել իր պաշտոնում և ամեն գնով ձգտում է կրքերը հանդարտեցնել։ Չնայած գնադակահարված երիտասարդի մայրը միայն պահանջում էր իր որդուն գնդահակարած ոստիկանի հանդեպ արդար դատաքննություն իրականացնել, սակայն այս հանգամանքը վրդովմունք առաջացրեց հատկապես Ֆրանսիայի ծագումով արաբ քաղաքացիների շրջանում։
Հատկանշական է, որ գործողությունների էպիկենտրոնը Նանտերից հասել է մինչև խոշոր քաղաքներ։

Միևնույն ժամանակ վերլուծաբանները հակված չեն կարծել, որ Ֆրանսիայում ընթացող զարգացումները պայմանավորված են արտաքին միջամտությամբ։ Սա ավելի շատ տեղի է ունենում ներքաղաքական դժգոհությունների արդյունքում, և չի բացառվում, որ Ֆրանսիայի քաղաքական շրջանակները փորձեն օգտվել այս իրավիճակից և դիվիդենտներ շահել։ Բացի այդ ընդդիմությունը կարող է օգտվել այն հանգամանքից, որ երկրի ուժային կառույցներն իրենց պարտականությունները պատշաճ կերպով չեն կատարում և արդեն իսկ առկա բողոքի գործողությունները վերածել դժգոհության լուրջ ալիքի՝ ընդհուպ մինչև հեղափոխության։

Ֆրանսիայում միևնույն ժամանակ չեն բացառում, որ երկրի իշխանությունները կարող են արտակարգ դրություն մտցնել, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Սակայն, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես Մակրոնին ամենայն հավանականությամբ կհաջողվի փոխզիջումային լուծում գտնել և իրավիճակը վերցնել իր ձեռքը։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Ֆրանսիայում տեղի ունեցող զարգացումներն առավելապես պայմանավորված են բնակչության ներքին խնդիրներով, և չունեն որևէ արտաքին ուղղորդում։ Ֆրանսիայում պարբերաբար նման բողոքի գործողություններ են տեղի ունենում, որոնք թեև իշխանություններին հաջողվում է վերցնել իրենց վերահսկողության տակ, սակայն դրանցից կարելի է ենթադրել, որ երկրի ներսում առկա են լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ և եթե դրանք վերացնելու ուղղությամբ համապատասխան քայլեր չձեռնարկվեն, ապա բողոքի ալիքներից որևէ մեկը իշխանությունների համար կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

Ամենից շատ դիտված