copy image url
Մշակույթ 10 ամիս առաջ - 20:29 29-06-2023

Հայ ռեալիստական թատրոնի հիմնադիրը․ այսօր Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է

Գաբրիել Սունդուկյանը համարվում է հայ ռեալիստական թատրոնի հիմնադիրը։ Նրան է պատկանում առաջին տեղը հայ թատրոնի պատմության մեջ։

Այսօր հայ դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է։

Ալեքսանդր Շիրվանզադեն իր հուշերում գրում է, որ նա խիստ բծախնդիր էր։ Սունդուկյանի բնավորության այս գծի պատճառով հատկապես շատ են տուժել գրաշարները։



«Առանձնապես խստապահանջ էր նա Թիֆլիսի բարբառը ճիշտ արտասանելու վերաբերմամբ: Այդ բարբառը վերին աստիճանի կոկորդային է շնորհիվ վրաց լեզվի ազդեցության: Կա մի բաղաձայն տառ, որ ավելի կոշտ է, քան մեր Ղ տառը: Սունդուկյանը պահանջում էր, որ այդ բաղաձայնը հնչվի ամենայն ճշտությամբ: Զավեշտական է այդ բաղաձայնի պատմությունը:

Սունդուկյանի 60 պիեսների առաջաբանում դուք կարող եք տեսնել հեղինակի բացատրությունները: Տպարանին նա պատվիրել էր ձուլել տալ առանձին տեսակի մի Ղ, որի հնչյունը պիտի համապատասխաներ վրաց մի բաղաձայնի հնչյունին: Հիշում եմ ծերունի տպարանատեր Հովհաննես Մարտիրոսյանցի գանգատը.

-Եղբայր, պատվիրել է, որ Ղ-ի վրա մի խազ (գիծ) դնեմ: Ադամ ու Եվայից սկսած Ղ-ն գլխաբաց է եղել, հիմա ինչո՞ւ պիտի նրա գլխին թուրքի չալմա դնեմ:

Կատարյալ տանջանք էր գրաշարների համար Սունդուկյանի գործերը շարելը: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ առնվազն տասնուհինգ անգամ Սունդուկյանը յուրաքանչյուր սրբագրություն նայում էր ինքը, բացի սրբագրողից, յուրաքանչյուր տառ նա զննում էր առանձին: Շատ անգամ եմ տեսել նրան իր գրաշարի հետ վրդովված վիճելիս այս կամ այն տառի վերաբերմամբ:

-Պարոն, ես ձեզ ասում եմ Հ-ի գլուխը ծուռ է, իսկ Լ-ի պոչը կոտրված, ուրեմն այդպես է, մի՛ վիճեք, փոխեցեք»:

Շիրվանզադեն հիշում է նաև, որ Սունդուկյանը կատարելապես տիրապետում էր նաև վրացերենին և իր պիեսներն ինքն անձամբ թարգմանում էր վրացերեն, լավ գիտեր նաև ֆրանսերեն, սակայն կաղում մայրենի գրական լեզվից։ Միգուցե հենց սա է պատճառը, որ նրան հատկապես մեծ փառք բերեցին իր՝ Թիֆլսի բարբառով գրվածքները։



Սունդուկյանի «Պեպոն», «Խաթաբալան» ոչ միայն հայ թատրոնի, այլև կինոյի պատմության մեջ չգերազանցված բարձունքներ են։

Սունդուկյանը շատ էր սիրում իր կերտած հերոսին՝ Պեպոյին, թեև հաճախ էր նկատում, որ Պեպոն իդեալականացված կերպար է, այնինչ իսկական կինտոն Կակուլին է։

1911 թ. օգոստոսի 15-ին Սունդուկյանը նամակ է ուղարկել «Մշակի» խմբագրությանը` հետևյալ բովանդակությամբ. «Մշակ» լրագրի խմբագրությանը: Խոնարհաբար խնդրում եմ տեղ տաք այս իմ կտակին ձեր պատվական լրագրում անմիջապես իմ մահից հետո՝ տալով մյուս լրագրերին իրավունք արտատպելու, եթե կամենան: Խորին հարգանոք` Գաբրիել Սունդուկյանց»:

Նամակում ասվում էր, որ իր մահվան ժամանակ կինը և երեխաները սևեր չհագնեն, լաց չլինեն, քանի որ իր համար շատ կարևոր է իր սիրելիներին տեսնել առողջ մարմնով, ուրախ սրտով ու հանգիստ հոգով։ Խնդրում է, որ իր համար ծաղկեպսակներ չբերեն, իր մարմինը դնեն դագաղում՝ հագցնելով իր սև կոստյումն ու գլխին դնելով սպիտակ գդակը։ Խնդրում է, որ հեռավորները չգան իր թաղմանը, որ իր սիրելի կնոջը՝ Սոֆիին և երեխաներին ևս մեկ անգամ չլացացնեն։ Սունդուկյանը ցանկություն էր հայտնել նաև, որ իր թաղմանը միայն մեկ քահանա մասնակցի, որևէ շարական կամ աղոթք չհնչեցվի, միայն խնդրում է․ «Ութ համալ ու ութ կինտօ մեձրեցէք, հիրթով ծտի պէս կու թռցնին ինձ: Կուլի նրանց մէջը ղուրթ Պէպօ էլ ռաստ գայ, էտ խիստ մինձ պատիւ կուլի իմ Պէպօի համա: ․․․․Գերեզմնիս վրայ վունչինչ արձան հարկաւուր չէ. մէ սիւ քար ու իմ ջանը: ․․․․Թէ սրտով վրէս արձան իք ուզում ու արժանի կու համարիք, էտ արձանը, իմ փոխանակ, Պէպօի համա կանգնեցրէք վուրդիոր կու սազ գայ: Սաղ բօով կանգնած ըլի բացր պատուանդանի վրայ իր հագուստով, գդակը ծածկած, մէ ձեռին Արութինի բարաթը, մէկէլ ձեռով վրէն գրածն ըլի ցոյց տալի նրան, վուր գլխաբաց ու սերթուկով սիւէրես կանգնած է կշտին: Տակը պատուանդանի վրայ գրած ըլի մէնակ էս խօսկիրը`

ՊԷՊՕ
«Էս քու կոտրած ձեռքով չի՞ս գրի՛…»



Սունդուկյանն իր կտակում խնդրում է նաև քելեխի արարողություն չկազմակերպել, այլ այդ գումարը հատկացնել Հայոց բարեգործական ընկերությանը։

Կտակը լավագույնս ցույց է տալիս մեծ դրամատուրգի ծայրաստիճան համեստությունը, սերը տիկնոջ ու երեխաների նկատմամբ, նվիրվածությունը ազգին, Թիֆլիսին ու բարեկամներին: Նրա հուղարկավորությունը կատարվեց այնպես, ինչպես պատվիրել էր` առջևից լուռումունջ ընթանում էին քահանան ու տիրացուն, իսկ աճյունը տանում էին ութ բեռնակիր և ութ կինտո: 87-ամյա դրամատուրգին հողին հանձնեցին Խոջիվանքի գերեզմանատանը: Չցանկանալով գերեզմանի վրա իր արձանը կանգնեցվի, նա ցանկություն էր հայտնել, որ այդպիսին դրվի ի պատիվ Պեպոյի, բայց և մարգարեաբար կանխատեսել էր. «Պէպօի արձանը շատ հիռու բան է. էստու համա օչով չնիղանաք հիմի ու անմիդ ժամանակ չկորցնիք»:



Իրոք, «շատ հիռու բանե ստացվեց»: 1975 թ. Երևանում, դրամատուրգի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի հարևանությամբ գտնվող զբոսայգում տեղադրվեց Պեպոյի արձանը (հեղ.` Գր. Ահարոնյան):

Իսկ ավելի վաղ` 1918-ի մայիսին, «Աստուծ վաթանի» արժանացրեց նրա «սիրելի ու պաշտելի ասկ»-ին:

Ամենից շատ դիտված