Երևան +13°
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 16:30 29-06-2023

Հայաստանի կողմից «Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս» ճանաչելու ֆոնին Մակրոնի հայտարարությունները խոչընդոտում են խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք «միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին և չեն արտացոլում ճշմարտությունը», անընդունելի են։ Այս մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում, որտեղ պաշտոնական Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարություններին։

Ադրբեջանական կողմը պնդել է, որ Մակրոնն Արցախյան 44-օրյա պատերազմի և հետպատերազմական շրջաններում բազմիցս «հակաադրբեջանական հայտարարություններ է հնչեցրել, սակայն երբեք չի կարողացել հասնել իր նպատակներին։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին պնդումները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երևակայության արդյունքն են։

«Ադրբեջանի Հանրապետության նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվել։ Նախագահ Իլհամ Ալիևն իր գործունեության ընթացքում միշտ հաջողությամբ պաշտպանել է Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»,- ասվում է հայտարարությունում։

Պաշտոնական Բաքուն հայտնել է, որ Մակրոնի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «նա գործիք է Ֆրանսիայի հայկական լոբբիի ձեռքում»։ Ադրբեջանական կողմը նաև հիշեցրել է, որ տեղի հայ համայնքի այն անձը, ում հետ զրույցում Մակրոնը հակաադրբեջանական հայտարարություններ է հնչեցրել, այն «արմատական անձանցից է», որոնց մուտքն արգելված է Հայաստան։

«Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղի տարածաշրջանը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման կողմնակալ հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը, այլ նաև նպաստում են անջատողականությունը և ահաբեկչությունը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ինքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրում, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել և գործադրում, քան նույն ինքը՝ Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»,- ասել էր նա։


Ձեզ գուցե հետաքրքրի