copy image url
Խոսք Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 19:00 29-06-2023

Ռուսաստանը գուցե չի ուղղորդում Ադրբեջանին, սակայն նաև չի կանխում վերջինիս սադրանքները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի զինված ուժերն Արցախի ուղղությամբ հերթական անգամ խախտել էին հրադադարի ռեժիմի, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել էր չորս զոհ։

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ ադրբեջանական կողմի գործողություններն ուղղորդված էին Ռուսաստանի կողմից, քանի որ վերջինս խանդով է վերաբերվում արևմտյան հարթակում անցկացվող բանակցություններին և նման քայլերով փորձում է խոչընդոտել դրանց։

Նման տեսակետի կողմնակիցները նաև պնդում են, որ Արցախի խորհրդարանի վերջին հայտարարությունը նույնպես կատարվել էր Մոսկվայի ուղղորդմամբ, որով Ստեփանակերտը Երևանին կոչ էր անում անհապաղ ընդհատել բանակցությունները և վերադառնալ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ընդգծեց, որ ինչպես բոլոր գործողությունների, այնպես էլ վերջին զարգացման դեպքում Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում։ Նրա համոզմամբ՝ նպատակներից մեկը Հայաստանի նկատմամբ ճնշման ահագնացումն է, որպեսզի բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանն ավելի կոշտ դիրքերից հանդես գա և ժողովրդական լեզվով ասած՝ Հայաստանի աչքը վախեցնի։

Քաղաքագետը նշում է, որ Ադրբեջանի նպատակներից մեկն էլ այն է, որ Հայաստանը դուրս գա բանակցություններից կամ բոյկոտի դրանք, որոնք այս պահին կարծես թե այնքան էլ Ադրբեջանի սրտով չեն ընթանում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ունի նաև այլ կողմնակի նպատակներ՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ճնշման ուժեղացումը, միջազգային հանրությանը համապատասխան ուղերձների փոխանցումն առ այն, որ իրենք պատրաստ են կրկին ուժի դիմել, եթե իրենց պահանջները չբավարարվեն և այլն։ «Անհրաժեշտ է հասկանալ, որ սա այն միջավայրն է, և սա այն թշնամին է, որի դեմ մենք սպիպված ենք գործել ու կապ չունի՝ դիվանագիտական դաշտում, թե ռազմի դաշտում։ Ի վերջո պետք է սովորենք դրան, սկսենք աշխատել՝ պատասխաններ ձևավորելու ուղղությամբ»,- նշեց նա։

Հարցին, թե որքանով են իրատեսական այն պնդումները, որ Ադրբեջանն իր հերթական սադրանքն իրականացրել է Ռուսաստանի ուղղորդմամբ, և վերջինս փորձում է այդ կերպ խոչընդոտել վաշինգտոնյան բանակցություններին՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ այնքան էլ հակված չէ հավատալու, որ Ադրբեջանի գործողությունները ամբողջապես կապված են Ռուսաստանի կողմից խնդրանքի կամ թույլտվության հետ։

Նա ընդգծեց, որ շատ մեծ հավանականություն կա, որ ռուսական կողմը հնարավորություն ունի կանխելու նման դրսևորումները, սակայն դրանով չի անում։ «Հասկանալի է, որ նման աշխարհաքաղաքական իրավիճակում Արևմուտքի և Ռուսաստանի միջև բոլոր հարթակներում ընթացող գործողությունների հետ կապված խանդ գոյություն ունի, որն առկա է նաև Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հարցում»,- կարծում է նա։

Ռոբերտ Ղևոնդյանի համոզմամբ՝ կան իրավիճակներ, որտեղ պարտադիր չէ, որ կողմերն ինչ-որ գործողություններ կատարեն, որպեսզի իրենց շատերին համապատասխանի այդ իրավիճակը։ Նա ընդգծեց, որ այդ դեպքում Ռուսաստանը պարզապես ոչինչ չի անում և այսպիով իր շահերին համապատասխան իրավիճակ է ստանում։

Անդրադառնալով Արցախի խորհրդարանի վերջին կոչին և դրանում Ռուսաստանի հնարավոր ազդեցությանը՝ քաղաքագետը նկատեց, որ փաստեր չկան, սակայն դրանում կարելի է նկատել ռուսական ազդեցություն։ Նա ընդգծեց, որ Արցախն այս պահին սուբյեկտայնություն ձեռք բերելու հուսահատ փորձեր է կատարում, և այս իրավիճակում ցանկացած գործողություն, որն իրենց մասին աղաղակող ինչ-որ մի բան իրենից կներկայացնի, ընդունելի է, ու կարելի է թույլ տալ (նկատի ունի Երևանից-խմբ), որ Արցախը նման քայլ կատարի։

«Եթե այդպես է, նույնիսկ եթե ռուսների մղումով կամ հանձնարարականով է այդ կոչն արվել, նորմալ է, թող Արցախն անի այդ կոչը, դրան համապատասխան էլ Հայաստանը կարող է նույնիսկ շատ դեպքերում շատ ավելի կոշտ դիրքավորում ընդունել Արցախի նկատմամբ։ Այնուամենայնիվ, այս պահին ես գտնում եմ՝ դրական է, որ որոշ դեպքերում Հայաստանի և Արցախի մոտեցումները չեն համընկնում, և նրանք խոսում են տարբեր լեզուներով։ Սա հենց այն է, ինչին ձգտում է Հայաստանը, որպեսզի Արցախը կարողանա առանձին իր խնդիրները ներկայացնել և ղարաբաղյան խնդիրը չկապվի Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հետ»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Հայաստանը չի ցանկանում Արցախի հարցը կապել հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, ապա քաղաքագետը նշեց, որ միջազգային դրությունն այս պահին ակնհայտ բացասական է։ Նա հավելեց, որ եթե Արցախի խնդիրը կապվի Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հետ և դառնա տարածքային վեճ, ապա այդտեղ մեր շանսերը մոտենում են զրոյի։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները