Երևան +18°
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 22:00 28-06-2023

Քեմալականների պատերազմներն ընդդեմ Հունաստանի և Հայաստանի. քեմալական շարժման հաղթանակը

Քեմալական շարժման մեկնարկից և այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից ակնհայտ էր, որ շարժման հետագա հաջողությունը պայմանավորված է լինելու պատերազմի դաշտում արձանագրված հաջողություններից։ Բնականաբար քեմալականներն իրենց պայքարն արևմուտքում ուղղեցին Հունաստանի, արևելքում՝ Հայաստանի, իսկ հարավում՝ Կիլիկիայի հայբնակչության դեմ, որտեղ այդ շրջանում հաստատվել էին ֆրանսիական զորքերը, և այս հանգամանքը նպաստել էր, որ հայ բնակչությունը վերադառնա Կիլկիա։

Փարիզի խաղաղության վեհաժողովի արդյունքում Հունաստանին իրավունք էր վերապահված վերագրավել վաղեմի հունական տարածքներ Արևելյան Թրակիան (բացի Կ.Պոլսից) և Փոքր Ասիայի արևմտյան շրջանները։ Այս նպատակով 1919 թվականի մայիսի 15-ին հունական զորքերն ազատագրեցին հին հունական Զմյուռնիա (թուրքական անվանումը Իզմիր) քաղաքը։ Հունական զորքերը 1920 թվականի ամռանը գրավեցին Բալըքեսիրը, Բրուսան, Ադրիանուպոլիսը (Էդիրնե)։

Չնայած Օսմանյան կայսրության սուլաթանական կառավարությունը 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրելէր Սևրի պայմանագիրը, որով, մասնավորապես, Թուրքիան Հունաստանին էր վերադարձնում Արևելյան Թրակիան՝ Ադրիանուպոլսի հետ, Գալլիպոլի թերակղզին և Զմյուռնիան, այնուամենայնիվ Անկարայում հաստատված քեմալականները չճանաչեցին Սևրի պայմանագիրը։ Քեմալականները սկսեցին խորացնել իրենց հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ և վերջինիցս ստանալ ահռելի մեծ քանակի նյութական օգնություն և զինամթերք։

1921 թվականի հունվարի 10-ին և մարտի 31-ին հունական Ինյոնյու գյուղի մոտ թուրքական զորքերը հաղթեցին հույներին, սակայն 1921 թվականի հուլիսին հունական բանակը գրավեց Էսքիշեհիրը, Աֆիոնքարահիսարը, օգոստոսին մոտեցավ քեմալականների կենտրոն Անկարային։

Սակայն թուրքական հրամանատարությունն օտարերկրյա մարտավարության օրինակով մշակեց հունական զորքերը ջախջախելու ծրագիր, որում առանցքային դեր ունեցավ Թուրքիայում գտնվող խորհրդային զորավար Մ.Վ. Ֆրունզեն։ Թուրքական և հունական ուժերի միջև վճռական ճակատաամարտը տեղի ունեցավ 1921 թվականի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 13-ը Սաքարիա գետի ափին, որտեղ Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպական պետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվեց։



1922 թվականի օգոստոսի 30-ին Դումլու Փընարի մոտ հունական բանակը նոր պարտություն կրեց։ Սեպտեմբերի 9-ին թուրքական զորքերը ներխուժեցին Զմյուռնիա, կոտորեցին տեղի հույն և հայ խաղաղ բնակչությանը, ջրասույզ արեցին այն նավերը, որոնցով հույն և հայ կանայք, երեխաները և ծերունիները փորձում էին փրկվել թուրք ջարդարարներից։ Այս ամենի արդյունքում մինչև սեպտեմբերի 18-ը հունական բանակը ստիպված եղավ լքել Փոքր Ասիան։



1922 թվականի հոկտեմբերի 11-ին Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում Թուրքիայի և Անտանտի երկրների միջև զինադադար ստորագրվե, որին հոկտեմբերի 13-ին միացավ Հունաստանը, իսկ թուրք-հունական տարածքային վեճերը վերջնական հանգուցալուծում կստանան 1923 թվականին ստորագրվելիք Լոզանի հաշտության պայմանագրում։

Քեմալականները անհաշտ մոտեցում էին որդեգրել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, քանի որ բացառում էին Արևմտյան Հայաստանի նահանգների անջատումը և դրանց փոխանցումը Հայաստանին։

1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա, սակայն այժ ժամանակ Խորհրդային Ռուսաստանը չէր աջակցում այդ մտադրությանը։ 1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։

Թուրքական կողմը պնդեց Հայաստանի Հանրապության վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում Նախիջևանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանի և այնտեղ գտնվող կարմիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիրը պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզ բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախտը։

Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ 1920-ի սեպտեմբերին Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում, որը հայկական հարցի լուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց «իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ»։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։

Նույնպիսի քարոզչություն էին իրականացնում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսամետությունից և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։

1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին քեմալականները Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտեմբերի 23-ին թուրքական զորքերը Քյազիմ Քարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Տնտեսական ծայրահեղ վիճակի, սովի, համաճարակի և ներքին տարաձայնությունների պայմաններում քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։



Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները փաստացի որևէ օգնություն չտրամադրեցին կենաց մահու պայքար մղող Հայաստանին։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։



Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին միջազգային մեկուսացվածությունը, դեռևս չվերականգված թույլ տնտեսությունը, քայքայիչ քարոզչությունից հայկական բանակի կազմալուծումը և դրա դիմաց թուրքական բանակի զինամթերքով հագեցվածությունը, շահագրգիռ կողմերի՝ Թուրքիային ցույց տված դիվանագիտական, նյութական և քաղաքական օգնությունը և այլն։ Սակայն պարտության մեջ դեր խաղացած գլխավոր հանգամանքը Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիան էր։

Այսպիսով Հայաստանի և Հունաստանի դեմ մղած պատերազմներում արձանագրած հաջողությունները նպաստեցին, որ միջազգային հանրությունը ճանաչի քեմալականների իշխանությունը, վերջիններիս հետ նստի բանակցությունների սեղանի շուրջ և նոր հաշտության պայմանագիր ստորագրվի, որով փաստացի ամբողջովին կչեղարկվի Սևրի հաշտության պայմանագիրը։

Ձեզ գուցե հետաքրքրի