Երևան +11°
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 18:00 28-06-2023

Ադրբեջանը փաստաթուղթ չի ստորագրի, քանի դեռ այն ամբողջովին չի արտացոլում իր տեսակետը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Վաշինգտոնում կայացել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հերթական հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։

Նախքան եռակողմ հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հանդիպումներ էր ունեցել։

Երևանն ու Բաքուն վաշինգտոնյան հարթակում վերջին անգամ բանակցություններ էին վարել մայիսի 1-4-ը՝ կրկին ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ։ Միրզոյանի և Բայրամովի վաշինգտոնյան հանդիպումը պետք է կայանար դեռևս հունիսի 12-ին, սակայն ադրբեջանական կողմի խնդրանքով այն հետաձգվել էր։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը հայտնեց, որ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը սկսեց սադրանքներ իրականացնել Արցախում, որն, ըստ էության, ստվերում է այս հանդիպումը, քանի որ հանդիպման նպատակը խաղաղության համաձայնագրին նախապատրաստումը և դրա կետերի համաձայնեցումը, սակայն Ադրբեջանը միևնույն ժամանակ կրակում է, սպանում է հայ զինվորների։

Նրա խոսքով՝ այս ամենը փաստում է, որ բանակցություններն Ադրբեջանի համար միայն շղարշ են՝ իր կողմից ծրագրված գործողություններն իրականացնելու համար։ Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից կիրառվող այսպես կոչված հակաահաբեկչական գործողություններ ձևակերպման վրա՝ նշելով, որ այս հանդիպումների ֆոնին նման ձևակերպումը սադրիչ է, և այն փաստում է, որ բանակցություններն Արցախի մասով որևէ դրական և շոշափելի արդյունք չեն ապահովում։

Անդրադառնալով հնարավոր խաղաղության պայմանագրի մյուս կետերի համաձայնեցմանը՝ նա նշեց, որ մինչև այսօր այս կամ այն կետերը համաձայնեցնելու վերաբերյալ հնչած հայտարարությունները բովանդակային իմաստով կամ գործնական հողի վրա էական արդյունք չեն տվել, և բանակցություններից հետո մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրարամերժ հայտարարություններ ենք լսել։

«Հետևաբար կարծում եմ, որ այս պահին ավելին ասել հնարավոր չէ, որովհետև դրանք պետք է արտացոլվեն գործնական հողի վրա, որոնք գոնե այսօրվա դրությամբ նկատելի չեն»,- կարծում է նա։

Հարցին, թե Ադրբեջանին առհասարակ անհրաժե՞շտ է, որ այս պահին խաղաղության համաձայնագիր ստորագրվի՝ հաշվի առնելով վերջինիս կողմից հրադադարի ռեժիմի խախտումները՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ բոլոր դեպքերում եթե համաձայնագիր ստորագրվի, այն չի շոշափելու Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, և դա լինելու է բացառապես Ադրբեջանի շահերը սպասարկող համաձայնագիր։

Նրա համոզմամբ՝ քանի դեռ այդ համաձայնագիրն ամբողջովին չի արտացոլում ադրբեջանական կողմի տեսակետը և ամբողջովին չի հենվում Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանության վրա, Բաքուն չի գնալու փաստաթղթի ստորագրման։

Արա Պողոսյանն ընդգծեց, որ հաջորդ մտահոգիչ հանգամանքը Ադրբեջանից պարբերաբար հնչող այն հայտարարություններն են, համաձայն որոնց Հայաստանը 30 տարի շարունակ բանակցություններ վարելով նպատակ է ունեցել հետաձգել Արցախի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ ներկայումս Ադրբեջանը, իր կողմից Հայաստանին վերագրվող բանաձևը կիրառելով, ինչպես նաև ռազմական ուժի և սողացող պատերազմի միջոցով, ձգտում է հասնել իր համար կարևոր այն պահանջների կատարմանը, որոնց, կարծում է, որ բանակցությունների միջոցով չի կարող հասնել։

«Այս մասին են վկայում նրանց բոլոր գործողությունները։ Ընդ որում՝ այդ գործողությունները ոչ միայն վաշինգտոնյան կամ բրյուսելյան հարթակներում տեղի ունեցող բանակցություններին են նախորդում կամ հաջորդում, այլ նաև մոսկովյան հանդիպումներին։ Այսինքն՝ անկախ նրանից, թե բանակցությունները որ հարթակում են տեղի ունենում, որպես կանոն արդեն ձևավորված պրակտիկա է, որ դրա նախօրեին, կամ հաջորդող օրերին ռազմական գործողություններ են տեղի ունենում, և դրանց միջոցով Ադրբեջանը լոկալ մակարդակում փորձում է ռազմավարական խնդիրներ լուծել, մասնավորապես, վերցնելով կարևոր բարձրունքներ, կարևոր դիրքեր, վերջերս նաև Հակարիի կամրջի դեպքերը, դրան նախորդող շրջանում Տեղի գյուղի հետ կապված միջադեպը և այլն»,- նշեց նա։

Քաղաքագետը շեշտեց, որ այս ամենը մեկ ընդհանուր շղթայի մաս են կազմում, որն Ադրբեջանը փորձում է պարբերաբար կիրառել և բանակցությունների ընթացքում հասնել նրան, որպեսզի այդ բանակցությունները չշոշափեն Ադրբեջանի կողմից արդեն իսկ ռազմական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով ձեռք բերված հաջողությունները։

Նա հիշեցրեց, որ Բաքվից պարբերաբար կրկնում են, որ այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը չի կարող շոշափել Հայաստանի Հանրապետության այն սուվերեն տարածքները, որոնք արդեն իսկ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։

Վերջինս նաև ուշադրություն հրավիրեց վերջին շրջանում Երասխի տարածքում առկա ինտենսիվ փոխհրաձգության վրա, որոնք Բաքուն այս անգամ պայմանավորում է օտարերկրյա ֆինանսավորմամբ ձեռնարկություն հիմնելու հանգամանքով։

Նա ընդգծեց՝ Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ ստիպում է Հայաստանի ներքին հարցերը համաձայնեցնել իր հետ։ «Դա է վկայում նաև այդ գործարանի հիմնադրման հետ կապված Ադրբեջանի այն հայտարարությունները, թե դա պետք է քննարկվեն և համաձայնեցվեն իր հետ, քանի որ կարող են բնապահպանական ինչ-ինչ խնդիրներ առաջացնել։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ միջամտություն կամ միջամտության փորձ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին»,- ընդգծեց նա։

Արա Պողոսյանը հավելեց, որ այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հակված չէ թույլ տալու Հայաստանի ինքնիշխան և սուվերեն զարգացումը, կենսունակ պետություն դառնալու հեռանկարը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը սրանից ելնելով պարբերաբար Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար փորձում է հիմքեր ստեղծվել։

«Այսինքն՝ փորձում է Հայաստանի կենսունակ պետություն դառնալու հեռանկարը ի դերևս դարձնել»,- եզրափակեց նա։