Եթե էս երկիրը կորսնցուցինք, ես իմ ազգանունը փոխելու եմ․ Կարո Քահքեջյանի հիշատակի օրն է
copy image url

Եթե էս երկիրը կորսնցուցինք, ես իմ ազգանունը փոխելու եմ․ Կարո Քահքեջյանի հիշատակի օրն է

Ներքին 1 տարի առաջ - 15:53 26-06-2023
Սիրիա, Լիբանան, Գերմանիա, Նիգերիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ․․․ Որտեղ ասես որ չէր թափառել Կարոն, ո՞վ կպատկերացներ, որ երբևէ Մայր հայրենիքը չտեսած այս քաջորդին պիտի իր վերջին հանգրվանը հենց հայրենի հողում գտներ։ Կարո՞ղ էր արդյոք իր իսկական հայրենիքի մասին չերազել, երբ այս երկիրներից և ոչ մեկն իր համար տուն չէր դարձել․․․

1988 թ․, աղետալի երկրաշարժ․․․ Աշխարհով մեկ շրջած այս երիտասարդը վերջապես ոտք դրեց հայրենի հողում, մեկնեց տուժածներին օգնելու, բայց մասնակցեց Նոյեմբերյանի սահմանային մարտերին։ Ընկերները պատմում են՝ նշանածը՝ Մարոն, դեմ էր եղել Կարոյի որոշմանը, ընդդիմացալել էր, թե իրենք աղետի գոտում օգտակար լինելու համար են Հայաստան եկել, նույն պահին Կարոն հանել է մատանին և տվել աղջկան՝ ասելով, թե ինքն այսուհետ իր հայրենիքի հետ է ամուսնացած։



Կարոն վերադառնում է ԱՄՆ, վաճառում տունն ու ավտոմեքենան, զինամթերքով ու դեղորայքով զինված վերադառնում Արցախ․․․

Տարիներ շարունակ մի կտոր հող էր փնտրում, որն իրեն հայրենիք պիտ դառնար։ Եվ այդ հողը Արցախ աշխարհն էր․․․

Կարոն իր անձը հայրենիքի զոհասեղանին դնել սովորել էր դեռ պապից ու հորից։ Դեռ Բեյրութում ապելու տարիներին նա զենքը ձեռքին պաշտպանում էր քաղաքի հայկական թաղամասերը Լիբանանի քաղաքացիական կռիվների ժամանակ։



Նրա պապենական տները մնացել էին Արևմտյան Հայաստանում՝ Մուշում ու Կիլիկիայում։ Քահքեջյանների տոհմի գլխավորին՝ Սահակին, դեռ երիտասարդ տարիներին Ասլան պատվանունն էին տվել՝ իր ուժի և խիզախության համար։ Ասլան պապը հայությանը թուրքերից պաշտպանել էր Կիլիկիայում։ Նրա որդին՝ Հայկը, երազում էր կորսված հայրենիքի վերադարձի մասին և Դրոյի թիկնապահն է եղել․․․

Իր Ասլան պապի գլխաշորն առած գլխին, պապի սրաշեղբ դանակը գոտիկին՝ երգ ու պարով մարտի էր իջնում Ասլան Կարոն։ Իր հիմնադրած «Խաչակիրներ» ջոկատում ընդամենը երկու տասնյակ մարտիկներ կային, բայց նրանք սարսափ էին տարածում շուրջբոլորը։ Փոքրիկ այս ջոկատն այնքան պրոֆեսիոնալ էր գործում, որ այն Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի հատուկ նշանակության ջոկատ դարձրին։ Ջոկատի կնքահայրը դարձավ Պարգև Սրբազանը։



Խիստ էին հրամանատարի պահանջները․ «Խաչակիրներ» ջոկատը համալրելու պատվին ամեն մեկը չէր կարող արժանանալ։ Քահքեջյանի զինվորը օրինակելի պիտի լիներ իր կեցվածքով, կենցաղով, արի ոգով։

Հունիսի 26-ի վաղ առավոտյան 8 խաչակիրներ գրոհեցին բարձունքը։ Հարվածն այնքան շեշտակի էր, որ ադրբեջանցիներին թվաց, թե իրենց վրա մի մեծ ջոկատ էր գրոհել, և խուճապահար նահանջեցին։

«Բարձունքը վերցված էր, սկսե՛ք գրոհը»,- մռնչած Ասլան Կարոն․․․ Բայց օգնությունն ուշանում էր։



Լուսաբացին թուրքերը բացահայտեցին իրողությունը։ Իսկ օգնությունն ուշանում էր ու ուշանում։ Կարոյին նաև Սպիտակ Արջ էին անվանում, ինքն էլ սպիտակ հագուստ էր սիրում։ Սպիտակ զրահաբաճկոնն անմիջապես առանձնանում է բարձունքը գրաված քաջազունների մեջ։

Մարտում, զենքը ձեռքին չհաղթված ընկավ Սպիտակ Արջը, իսկ նրա մարտիկները չզիջեցին բարձունքը։ Եվս երեք ժամ, և հայկական ջոկատները մտան ազատագրված Մարտակերտ։

Օվսաննա Իսրայելյան