Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:46 25-06-2023

Բավականին համեստ և նվիրված մարդ էր Սերգո Երիցյանը. Հակոբ Ասատրյան

Oragir.News-ը զրուցել է լրագրող Հակոբ Ասատրյանի հետ, ով Սերգո Երիցյանի ընկերներից է։

Հակոբ Ասատրյանը պատմում է, որ Սերգո Երիցյանին ճանաչել է դեռ ուսանողական տարիներից, երբ սովորել է Մոսկվայի պետական համալսարանում։

«Նա արդեն ասպիրանտուրայում էր սովորում և իր թեկնածուական թեզը պետք է պաշտպաներ։ Նա առաջինն էր Հայաստանից, որ հեռուստատեսության գծով պետք է գիտական թեզ պաշտպաներ։ Մինչ այդ, եթե հիշողությունս չի դավաճանում, որևէ մեկը չէր պաշտպանել այդ ուղղությամբ։

Շատ պրպտող, շատ հետազոտող անձնավորություն էր դեռ այդ տարիներից։ Հետո, երբ վերադարձանք, արդեն Երևանում էինք շփվում»,- մեզ հետ զրույցում պատմեց Ասատրյանը։

Հակոբ Ասատրյանը պատմում է, որ Սերգո Երիցյանին հաջողվում էր իր «Կարծիք» հաղորդաշարի միջոցով այնպիսի լուրջ թեմաներ վեր հանել, այնպիսի սուր հարցադրումներ դնել, նույնիսկ քննադատական, որ այս ամենը նաև հասարակական կարծիք էր ձևավորում։ «Հետագայում արդեն նա անցավ մանկավարժական գործունեության, դասավանդում էր, զուգահեռ նաև աշխատում էր, բայց պետք է ասեմ հատկապես նրա գիտության և կրթության նախարար աշխատած տարիների մասին, որոնք քիչ էին՝ 3 տարի ընդամենը, նա բավականին կարևոր բարեփոխումներ սկսեց դպրոցական համակարգում։

Սրանից զատ իհարկե նախարարի պաշտոնից հետո աշխատեց լեզվի պետական տեսչությունում իբրև ղեկավար, այդ ընթացքում բավականին աշխատանք տարավ լեզվի մաքրության, հեռուստատեսության, եթերի, մամուլի, մամուլում սպրդող սխալների և այլնի մասին, բայց քանի որ լեզվի տեսչությունը լիազորված չէր որևէ պատժամիջոց կիրառելու լիազորությամբ, նա միշտ դժգոհում էր, որ չի կարողանում իր ֆունկցիան, իր պարտականությունը ամբողջությամբ կատարել»,- ասաց Ասատրյանը։

Հակոբ Ասատրյանն ասում է, որ հասարակական գործունեության ընթացքում բավականին մեծ էր նրա աշխատանքը Թումանյանի կյանքի և ստեղծագործության հանրայնացման, նրա ստեղծագործությունների տպագրման, ինչպես նաև հայ այլ մեծերի մասին գիտական կամ հանրամատչելի գրականության տպագրման գործում։

Ասատրյանն ասում է, որ որպես մարդ Սերգո Երիցյանը շատ ջերմ և անմիջական էր։ «Ընտանիքում և առօրյայում բավականին համեստ էր և նվիրված էր իր երեխաներին, կնոջը, շատ էր սիրում օգնել որևէ մեկին, ընկերներին, հարազատներին, նույնիսկ անծանոթներին։ Հետագայում շատ պատմություններ հայտնի դարձան, որ գիտության և կրթության նախարար և պատգամավոր աշխատած տարիներին որքան երիտասարդների է օգնել, որ իրենք կրթություն ստանան և հասնեն իրենց նպատակին, սակայն այդ ամենի մասին երբեք չի բարձրաձայնել։

Նա շատ կատակասեր էր և երբ ընտանիքներով հավաքվում էինք, միշտ հետաքրքիր պատմություններ էր պատմում»,- պատմում է Ասատրյանը։ Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Սերգո Երիցյանը չափից դուրս աշխատասեր էր և երբեմն զարմանալ կարելի էր, թե ինչ արագությամբ է նա կարողանում հրատարակչության պատրաստել գրքերը։

«Ամեն մարդ իր առաքելությունն է կատարում այս կյանքում, դժվար թե որևէ մեկը Սերգոյի ձևով, նման կատարած աշխատանքը լրացնի։ Ամեն մեկը մի անհատականություն է և ամեն մեկը իր ձևով է որևէ աշխատանք կատարում։ Իհարկե, նրա բացը կզգացվի...»,- ասաց Հակոբ Ասատրյանը։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան