copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 12:30 24-06-2023

Գյումրիում ՏԻՄ ուզուրպացիան շարունակվում է․ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը քաղաքապետ է դառնալու

44-օրյա պատերազմից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ուժային միջամտությամբ սկսեց ուզուրպացնել ՏԻՄ իշխանությունը։ Նմանատիպ սցենար եղավ նաև Գյումրիում։

Նախ՝ ՔՊ-ի և Գյումրիի այն ժամանակվա քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև եղավ պայմանավորվածություն, որով իշխանությունը թույլ տվեց, որ Բալասանյանը մասնակցի հոկտեմբերին անցկացվող ՏԻՄ ընտրություններին, սակայն ինչպես հայտնի է, այդ պայմանավորվածության գլխավոր պայմանն այն էր, որ անձամբ Սամվել Բալասանյանը չպիտի հավակնի քաղաքապետի պաշտոնին։ Այդպես այն ժամանակվա քաղաքապետ Բալասանյանի ընտրությունը կանգ առավ Վարդգես Սամսոնյանի վրա, որը 2012թ սկսած Գյումրիի քաղաքապետարանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, իսկ 2018-2021թթ. եղել է Գյումրիի «Գյումրիի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենը։

Կորոնավիրուսի պատճառով ընտրարշավին չմասնակցած, բայց Բալասանյան-ՔՊ պայմանավորվածությամբ քաղաքապետ դարձած Վարդգես Սամսոնյանը իրականում իրական իշխանություն չի ունեցել Գյումրիում․ առաջին օրվանից էլ քաղաքի համար կարևոր որոշումները կայացված են ՔՊ-ի կողմից՝ հիմնականում Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության կաբինետում։ Բայց իշխանության դե ֆակտո ուզուրպացիան այլևս չի բավարարում ՔՊ-ին։

Oragir.News-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ՔՊ-ն առաջիկայում պատրաստվում է ազատվել Վարդգես Սամսոնյանից, որովհետև հիմա ոչ թե նրանց պետք է դրածո քաղաքապետ, այլ իրենց մարդը, այս դեպքում Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Գյումրիի փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Որպեսզի ոչ մեկի համար գաղտնիք չմնա, թե ով է իսկական տանտերը, Նիկոլ Փաշինյանը սկսել է մասնակցել Մկրտչյանների ընտանեկան միջոցառումներին։

Oragir.News-ի տեղեկություններով` առաջիկայում չի բացառվում, որ իշխանությունը Վարդգես Սամսոնյանի վրա ինչ-որ քրեական գործ կարի, մասնավորապես խոսվում է նոր «տուշոնկա շոուի» մասին, որը վերաբերելու է փողոցաշինության ծրագրերին և քաղաքի լուսավորությանը, և ամենևին էլ պատահական չէր, որ օրերս ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջե կատարողականի նախնական քննարկմանը գյումրեցի, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը ՏԵԿ փոխնախարար Վաչե Տերտերյանին խնդրեց վերահսկել Գյումրի քաղաքին հատկացվող սուբվենցիոն ծրագրերը։

Առուշանյանը շեշտեց, որ Գյումրիի ավագանին կայացած ինստիտուտ չէ և շատ դեպքերում կատարում է այն, որը համայնքի ղեկավարն է հարմար գտնում․ Առուշանյանի ընդհանուր առոգանությունն այնպիսին էր, կարծես Ազգային ժողովը կայացած ինստիտուտ է, և ՔՊ պատգամավորները Նիկոլ Փաշինյանի հլու-հնազանդ կամակատարները չեն, և իր հենց այդ ելույթը Հակոբյան-Մկրտչյանները չէին պատվիրել։

Ամեն դեպքում, ըստ մեր տեղեկությունների, Գյումրիի քաղաքապետին փոխելու որոշումը կայացված է․ գլխավոր խնդիրն այն է, որ դե յուրե ուզուրպացիան բավահայտ հակասելու է ՀՀ Սահմանադրությանը, բայց ինչպես բազմիցս տեսել ենք, ՀՀ Սահմանադրությունը շրջանցելը անձամբ Նիկոլ Փաշինյանի համար խոչընդոտ չէ։

Ամենից շատ դիտված