Երևան +12°
copy image url
Մշակույթ 11 ամիս առաջ - 14:19 17-06-2023

Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից․ Պարույր Սևակի հիշատակի օրն է

«Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից»,- գրել է Մարտիրոս Սարյանը իր դարի մեծագույն զավակի՝ Պարույր Սևակի մասին։

Այսօր հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի հիշատակի օրն է։



52 տարի առաջ հենց այս օրը տեղի ունեցավ այն ողբերգական ավտովթարը, որը խլեց դարի հանճարի կյանքը․․․

«Այն տունը, որտեղ ես ծնվել եմ․․․ Բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերավոր իմաստով․ եթե իմ պապերի հսկայական գրադարանից մնացեր էր միայն Նարեկը՝ հրդեհի սպին կաշվե դեմքի վրա և որբացած՝ զրկված ընթերցողից, ապա նրանց երկհարկանի տնից էլ մնացել էր լոկ այն, ինչ չի վառվում՝ գետնափոր նկուղը։ ․․․Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»,- Չանախչիում գտնվող հայրենի տան, մոր մասին գրել է Սևակը։



Պարույր Ռաֆայելի Ղազարյանին Սևակ ազգաննունն է տվել արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը։

Ռուբեն Զարյանը պատմում է․ «Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական գրականություն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները (բանաստեղծությունները, ոչ անուն-ազգանունը): Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաև գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սևակ, Պարույր Սևակ: Չէ՛, շատ լավ է հնչում»:

Երիտասարդ բանաստեղծը նոր թարմություն բերեց գրականություն, նրա համարձակ խոսքը գերեց բազմաթիվ ընթերցողների։



Պարույր Սևակը մեծ ժողովրդականություն վայելեց հատկապես «Անլռելի զանգակատուն» պոեմի շնորհիվ։

«․․․Մոսկվայում, մի սարսափելի սառնամանիքային օր։ Նոր էի վերջացրել իմ «Մարդը ափի մեջ» ժողովածուն և հարյուրավոր ծխախոտներ ծխելուց հետո դուրս էի եկել սառնամանիքի մեջ մի բաժակ գարեջուր խմելու։ Եվ աղմկոտ, կեղտոտ, ցուրտ, ծխաշատ գարեջրատանը, հեռավոր Մոսկվայում, հանկարծ ռադիոյից հնչեց կոմիտասյան երգը։ Ինձ համար ամեն ինչ պարզվեց մի վայրկյանում․ պարզվեց նախ՝ վերնագիրը՝ «Կոմիտասյան համանվագ», հետո՝ «Հայոց երգարան», հետո՝ «Զարմանալի զանգակատուն», հետո՝ «Անլռելի զանգակատուն»։
Այդ օրը եղել է 1957 թ․-ի սեպտեմբերի 11-ը։ Տուն դառնալով՝ բանաստեղծն անմիջապես թուղթ ու գրիչ է վերցնում և կատարում առաջին սևագրությունը։

1971 թվականի հենց այս օրը՝ հունիսի 17-ին, հարազատ գյուղից Երևան գնալիս մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը և նրա կինը` Նելլի Մենաղարիշվիլին, ավտովթարի ենթարկվեցին և մահացան։



Պարույր Սևակն ունեցել է ոչ միայն ժամանակից շուտ, այլև ոչ բնական մահով մեռնելու ներքին տագնապ: Բանաստեղծական մի շարք պատկերներում Սևակը շոշափելիության չափ զգացել է նաև կոնկրետ մեքենայի վթարը՝ «Գուցե վթարվել մեքենայի պես, մաշվում եմ անվերջ», «Իսկ այս հուշե՜րը ...Ինչո՞ւ չեն կարող հանկարծ ենթարկվել ավտոաղետի...», «Մարդ պիտի մեռնելու էլ բախտ ունենա, ուր մնաց թե ապրելու: Որովհետև կա նաև սպանվել-հիմար մահով՝ մեքենայի վթարից»:

Ամառային այդ չարագուշակ օրվանից ընդամենը 14 օր առաջ՝ հունիսի 3-ին, Հայաստանի Գրողների միության համագումարում ներկաներին խնդրում էր իր թեկնածությունը հանել ՍՍՀՄ գրողների կայանալիք համագումարի պատվիրակների կազմից, այն պատճառաբանությամբ, թե ինքը «ֆիզիկապես ի վիճակի չի լինի մասնակցելու համագումարին»:



Սևակի մահը առեղծված են համարում շատերը, ոմանք էլ այն պարզապես դժբախտ պատահարի հետևանք են համարում։ Տարիների հեռավորությունից դժվար է օբյեկտիվ գնահատական տալ պատահածին։

«Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից…Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով»,- իր գրչակից ընկերոջ մասին գրել է Համո Սահյանը:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ