Երևան +17°
copy image url
Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 19:30 16-06-2023

Ճոպանուղին ժամանակին զբոսաշրջային գրավչություն էր, այժմ՝ էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց

Առհասարակ երբ խոսք է գնում ճոպանուղու մասին, մարդիկ առաջին հերթին պատկերացնում են, որ դա վերաբերում է տարբեր զբոսաշրջային վայրերում գործող ճոպանուղիներին, որոնք նախատեսված են ժամանցի և զվարճանքի համար։ Սակայն վերջին տարիներին աշխարհի բազմաթիվ քաղաքներում ճոպանուղիները դարձել են համաքաղաքային տրանսպորտի անբաժանելի մասը, և մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ բնակչության մի զգալի հատվածն իր նախապատվությունը տալիս է հենց այս փոխադրամիջոցին։ Նրանցից շատերը նշում են՝ ճոպանուղիները, որոնք ժամանակին համարվում էին զբոսաշրջային գրավչություն, այժմ դառնում են էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց։

Պատմաբանները պարզել են, որ հնագույն ժամանակների զարգացած քաղաքակրթություններում, ինչպիսիք են ացտեկները, մայաները և Եգիպտոսը, օգտագործվել են այսօրվա ճոպանուղիների նման միջոցներ: Այնուամենայնիվ ոլորտի մասնագետները կարծում են, որ տարբեր դժվարությունների պատճառով մինչև 1800-ական թվականներն անհնար էր ճոպանուղու իրական համակարգ ստեղծել։ Էլեկտրաէներգիայի հայտնաբերումը նպաստեց, որ ամբողջ աշխարհում ճոպանուղին լայն տարածում գտնի։ 1919 թվականին Կոլումբիայի Լա Դորադա շրջանում կառուցվել է աշխարհում առաջին միջքաղաքային ճոպանուղին, որի երկարությունը կազմում էր 74 կիլոմետր։

Կոլումբիայի Մեդելին քաղաքը 2004 թվականին դարձավ աշխարհում առաջին քաղաքն, որն ամբողջությամբ ինտեգրեց ճոպանուղիներն իր տրանսպորտային համակարգում: Քաղաքում, որը մեծությամբ Կոլումբիայի երկրորդ քաղաքներ էր, տասնամյակներ շարունակ առկա էր հանցավորության բավականին բարձր մակարդակ, իսկ քաղաքի բնակիչները զրկված էին աշխատանքի գնալու հնարավորությունից, քանի որ դրա համար մեծ ջանքեր և ժամանակ էր պահանջվում։ Սակայն 2004 թվականից ի վեր քաղաքային իշխանությունները ներդրումներ են կատարել այս բարձրադիր թաղամասերը քաղաքի մնացած մասերի հետ կապելու համար։ Այս ներդրումները նպաստեցին նաև քաղաքում հանցավորության մակարդակի նվազեցմանը։

Այդ ժամանակից ի վեր, ամբողջ աշխարհում բազմաթիվ քաղաքային իշխանություններ սկսեցին ճոպանուղիներ կառուցել՝ մարդկանց առաջարկելով տեղափոխելու մաքուր, համեմատաբար էժան և նորարարական մեթոդ: Վենեսուելական Կարակասից մինչև Ալժիրի Կոնստանտին, Նյու Յորքից մինչև Նիժնի Նովգորոդ, տեղական իշխանությունները համատարած կերպով սկսեցին ճոպանուղիների կառուցել՝ ընդհանուր տրանսպորտային մարտահրավերները հաղթահարելու նպատակով։

Ճոպանուղիներ կառուցող ընկերությունները քաղաքային պլանավորողներին առաջարկում են ճոպանուղին անցկացնել դժվար տեղանքով, ինչպիսիք են զառիթափ բլուրներն ու գետերը: Սակայն սա ճոպանուղիների միակ առավելությունը չէ. ճոպանուղիներն առաջարկում են նաև այլ առավելություններ: Նրանք հանգիստ են, օդի ուղղակի աղտոտվածություն չեն իրականացնում և ի տարբերություն նոր երկաթուղիների, թունելների կամ կամուրջների՝ դրանց կառուցումը զգալիորեն ավելի էժան է:

Ճոպանուղիների մեկ այլ առավելություն էլ լեռնոտ և դժվարամատչելի տարածքները միացնելու նրանց կարողությունն է։ Սա ձեռնտու է նաև տնտեսապես ավելի քիչ զարգացած քաղաքների համար, որոնք չեն կարող քաղաքային տրանսպորտային ցանցի զարգացման համար զգալի միջոցներ հատկացնել։ Բացի այդ՝ ճոպանուղիների առկայությունը զգալիորոեն թուլացնում է քաղաքներում երթևեկության գերբեռնվածությունը, որն այս համակարգի գլխավոր առավելությունների մեկն է։

Համաշխարհային բանկի քաղաքային ճոպանուղիների ուսումնասիրությունը փաստում է, որ այսօրվա ճուպանուղային համակարգի ճանապարհորդության միջին երկարությունը կազմում է 2.7 կմ, որտեղ կայարանները գտնվում են 800 մետր և ավելի հեռավորության վրա, իսկ արագությունը սովորաբար հասնում է 10-20 կմ/ժ-ի։ Ճոպանուղիները մեկ ժամում կարող են յուրաքանչյուր ուղղությամբ տեղափոխել մինչև 2000 մարդ։ Կախված քաղաքից և դրա շրջանների առանձնահատկություններից՝ մեկ ճոպանուղու գիծը կարող է օրական ավելի քան 20000 ուղևոր տեղափոխել: Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում մեկ գիծը 24 ժամում տեղափոխում է մինչև 65000 ուղևոր։

Քաղաքային ճոպանուղիների մեկ էլ այլ առավելություն էլ նրանց զբոսաշրջային գրավչությունն է, որն էլ իր հերթին նպաստում է տնտեսական աճին։ Աշխարհի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մեդելինը և Լա Պազը, ճոպանուղով զբոսանքը համարվում է հիմնական տեսարժան վայրերից մեկը: Աշխարհի ամենաերկար մետրոյի ճոպանուղու համակարգը՝ ավելի քան 16 կմ, գտնվում է Բոլիվիայի Լա Պազ քաղաքում: Ճոպանուղային ցանցը գործում է որպես Լա Պազի հիմնական հասարակական տրանսպորտի համակարգ։

Երևանում նույնպես ժամանակին գործում էր ճոպանուղի, որը կառուցվել էր 1967 թվականին և աշխատեց մինչև 2004 թվականը։ Երևանի ճոպանուղին կապել է Նոր Նորքը Հերացու փողոցի հետ՝ օրական տեղափոխելով մոտ 500 ուղևորի։ Ճոպանուղու ուղևորները հիմնականում ուսանողներ էին, քանի որ նրա Կենտրոն թաղամասի կառամատույցը մոտ էր մի շարք համալսարաններին։ 1990-ական թվականներին ճոպանուղին չի աշխատել ընդամենը 6 ամիս։ Սակայն 2004 թվականի ապրիլին տեղի ունեցած վթարից հետո, որը տեղի էր ունեցել անօրակ և ստանդարտներին չհամապատասխանող նյութերով վերանորոգում իրականացնելու հետևանքով, ճոպանուղու գործունեությունը դադարեցվեց։

Նկատենք նաև, որ ներկայումս աշխարհի ամենաերկար ճոպանուղին գտնվում է Հայաստանում և կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը, սակայն այն կիրառվում է հիմնականում զբոսաշրջության նպատակով։ Ճոպանուղին հայտնի է «Տաթևի թևեր» անվանումով: Ճոպանուղու երկարությունը 5.7 կիլոմետր է, առավելագույն արագությունը` ժամում 37 կիլոմետր, մեկ ուղղությամբ ուղևորության Ճոպանուղին հայտնի է «Տաթևի թևեր» անվանումով: Ճոպանուղու երկարությունը 5.7 կիլոմետր է, առավելագույն արագությունը` ժամում 37 կիլոմետր, մեկ ուղղությամբ ուղևորության տևողությունը` 11 րոպե: Ճոպանուղու առավելագույն բարձրությունը 380 մետր է, այն շահագործման է հանձնվել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին։

Հայ հասարակության նաև հայտնի է նաև Թբիլիսիի ճոպանուղին ,որը նույնպես օգտագործվում է առավելապես զբոսաշրջության նպատակով։ Ճոպանուղու արժեքը բավականին մատչելի է՝ մոտ 3 վրացական լարի, և դրանից օգտվում են ինչպես Թբիլիսիի բնակիչներն, այնպես էլ քաղաք այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկները։

Հայաստանի հեղափոխական իշխանությունը դեռևս 2018 թվականին Երևանում կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր քաղաքում մետրո և ճոպանուղի կառուցել, սակայն եթե մետրոյի դեպքում առնվազն քննարկումների մակարդակով այսպես ասած սայլը գոնե տեղից շարժվել է, ճոպանուղի կառուցելու խոստումը մոռացության է մատնվել, և որևէ մեկը չի խոսում դրա մասին։ Ներկայումս Երևանում ճոպանուղի կառուցելու ծրագրի մասին հայտնել է Ապրելու Երկիր կուսակցությունը, որը մտադիր է մասնակցել սեպտեմբերին կայանալիք Երևանի ՏԻՄ ընտրություններին։

Ամենից շատ դիտված