Երևան +18°
copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 16:55 14-06-2023

Եթե հարձակվեն, Ստեփանակերտի չորս կողմում ադրբեջանական գերեզմանոց է լինելու․ Մարտին Եսայան

Թշնամին երեկ Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Պաշտպանության բանակը առավոտյան հայտնեց, որ հայկական կողմը կորուստներ չունի․ «Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 14-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։

Արցախյան 3 պատերազմի մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասաց՝ ժողովուրդը վճռական է տրամադրված․ «Եթե ինչ-որ տեղից նորություններ են հասնում, թե Արցախի ժողովուրդը կարող է հանձնի, նման բան չի լինելու։ Այո՛, Ադրբեջանն իր ձեռագիրը չի փոխել ու չի փոխելու, բայց ամեն դեպքում, ինչ որ կատարվում է, դրա պատասխանը ստանում է։

Իրենք շատ լավ գիտեն, թե Արցախի ներսում ինչ է կատարվում, դրա համար էլ մի քանի օր է՝ կրկին սադրանքների են գնում և դրա պատասխանը ստանում են։ Ադրբեջանը կարծում է, որ մի օր Արցախի Հանրապետությունը սպիտակ դրոշ է ցույց տալու, որ պատրաստ է ինտեգրվել, բայց նման բան չի լինելու․․․

Այսօր աշխարհում լուրջ զարգացումներ են ընթանում, այդ թվում Ադրբեջանում և Թուրքիայում։ Եթե չեմ սխալվում, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները երեկ Ադրբեջանում էին, Ալիևը ելույթ ունեցավ, որ տեսեք՝ ինչ է կատարվում Եվրոպայում, Ուկրաինայում, որ այսօր ուժն է հարց լուծում, որ իրենք դիմել են՝ իբր իրենց տարածքները վերադարձնեն, չեն վերադարձրել, դրա համար էլ ուժով են վերցրել։ Այս հայտարարությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ալիևը պատրաստվում է գնալ ուժի կիրառման»։

Մարտին Եսայանը նկատում է, որ մեր տարածաշրջանում հիմնական դերակատարը Իրանն ու Ռուսաստանն են, և որ իշխանությունները պետք է հենց այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանեն․ «Սա այն նույն իրավիճակն է, ինչ ստեղծվել էր 1988-1992 թվականներին։ Հիմա տարածաշրջանում ասողը լինելու է Իրանը և Ռուսաստանը, պետք է հենց այդ ուղղությամբ շարժվենք»։

Ինչպե՞ս եք գանահատում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, հարցրեցինք Մարտին Եսայանին․ «ՀՀ այսօրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը ադրբեջանամետ է, թուրքամետ է։ Այսօրվա իշխանությունը երես է թեքել Արցախից։ Իրենք ուզում են գլուխները տանել, թուրքի յաթաղանի տակ դնել, բայց նման բան չի լինելու, եթե Աստված չանի, բայց Ռուսաստանի Դաշնությունը կռիվը պարտվի, իսկ ես որպես ռազմական փորձագետ դա չեմ տեսնում, իրենք մի օր անգամ չեն սպասելու, հարվածելու են Սյունիքին, Գեղարքունիքին, Տավուշին, Երասխին ու խորանալու են, հասնեն Արարատյան դաշտավայր։

Կրկին ասում եմ՝ ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականությունը տանում է անդունդ, ես չգիտեմ՝ ի՞նչ է մտածում ՀՀ ժողովուրդը, թող դրան հանեն, թող հրաժարական տա Փաշինյանը, մի նորմալ մարդ գա, որը այս վիճակից կհանի երկիրը։

Նիկոլը 10-15 օր հետո էլ ընդհանրապես այլ գաղափարներ է առաջ քաշելու, ժողովրդին ասելու է՝ սա էլ պետք է տանք, որ Թուրքիային սիրաշահենք և այլն։

Ի՞նչ սիրաշահել, դու մեր հազարամյա պատմությունը տալիս ես թուրքերին։ Դրա ինքնաթիռը Թուրքիայից հետ չպետք է գար, Հայաստանում չպետք է վայրէջք կատարեր, ի՞նչ է մտածում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»։

Հնարավոր համարո՞ւմ եք, որ թշնամին առաջիկայում Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների գնա, հարցրեցինք Մարտին Եսայանին․ «Ոչ, քանի որ այստեղ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերն են տեղակայված, իրենք լայնածավալ գործողությունների չեն գնա, նման գործողությունների կարող են գնալ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի ուղղությամբ, իրենք գլխավոր կորիզը տեսնում են այդտեղ, իրենց թվում է, որ այստեղ ամեն ինչ վերջացած է։

Նորից եմ կրկնում՝ մենք այստեղ ապրել ենք, ապրում ենք ու ապրելու ենք։ Արցախի 90 տոկոսը վճռական է տրամադրված, մենք պատրաստ ենք գնալ մահվան, ապրում ենք՝ ապրում ենք, չենք ապրում՝ գնալու ենք մահվան։ Իրենք թող լավ իմանան, եթե նման քայլի գնան, ապա Ստեփանակերտի բոլոր կողմերում ադրբեջանկաան գերեզմանոցներ են լինելու»։