Երևան +13°
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:00 13-06-2023

Աչքերը բաց, անգիտակից վիճակում պառկած է․ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետը շուրջ 4 տարի կոմայի մեջ է

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 թվականի սեպտեմբերի 17-ին դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը շուրջ 4 տարի անգիտակից վիճակում է գտնվում։

Մոտ 2 ամիս առաջ նրա վիճակը կտրուկ վատացել էր, տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Oragir.News-ն այսօր զրուցել է ծեծի ենթարկված փոխգնդապետի հոր՝ Սամվել Մխիթարյանի հետ, որը որդուն տեսակցության էր եկել։

«Ամեն օր Գյումրիից գալիս ենք տղայիս մոտ, առավոտվա 10-ից մինչև երեկոյան 7-ը մոտն ենք լինում։ Ես իմ երեխուն մենակ չեմ թողնի, իմ երեխեն անտեր չէ, ծնողներ ունի, եթե թույլ տան, գիշերն էլ կմնամ։

Տղաս անգիտակից վիճակում է, ոչ մի ռեակցիա չի տալիս, եթե երեխես մի հատ ախ անի, ես թքած ունեմ ամեն ինչի վրա, կվերցնեմ, կգնամ այս երկրից, տանեմ երեխուս բուժելու, միայն թե մի հատ ախ անի։ Աչքերը բաց, անգիտակից վիճակում պառկած է․ ոչ մի շարժ, ոչ մի ռեակցիա չի տալիս․․․»,- պատմեց սպայի հայրը։

Փոխգնդապետի մայրը՝ Սոֆիկ Մխիթարյանը, որ ամեն օր ամուսնու հետ Գյումրիից գալիս է որդուն տեսակցության, մեզ հետ զրույցում ասաց․ «Ամեն օր գալիս, կողքը նստում են, Աստված եմ կանչում, որ երեխուս դուրս բերի այս վիճակից։ Չեմ ցանկանա՝ ոչ մի մայր նստի իր երեխու կողքը ու առած աչքերին նայի։ Սա ապրել չէ, որ իմ երեխեն ու մենք ենք ապրում, սա կյանք չէ, որ տվեցին մեզ, իմ երեխեն սրան արժանի չէր։ Սա՞ է այս երկրի օրենքն ու կարգը։ Չգիտեմ՝ սիրտս շատ լիքն է, շատ բան կուզեմ ասել, բայց չեմ կարող»։

Հարցին՝ այս միջադեպի առնչությամբ ի՞նչ խոսք ունեք ուղղված իրավապահ համակարգին, Նիկոլ Փաշինյանին, փոխգնդապետի հայրը պատասխանեց․ «Հանգիստ նստեք տեղներդ, գլուխներդ մի բարձրացրեք ու նամուսից էլ մի խոսեք, եթե դուք նամուս ունենայիք, մինչև հիմա գոնե մի հատ զանգ կտայիք․․․»։

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչև օրս անգիտակից վիճակում է: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան՝ միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Տրդատ Սարգսյանն այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:

Մանրամասները՝ տեսանյութում

Ձեզ գուցե հետաքրքրի