Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 20:30 13-06-2023

Համոզված եմ՝ պետությունների միջև ծագող ցանկացած խնդիր, անձերի լուծման խնդիր է

Oragir.News-ը զրուցել է Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի լիիրավ ներկայացուցիչ, Պետդումայի Ազգային հարցերով հանձնաժողովի փորձագետ Արտյոմ Վարդանյանի հետ։ Վերջինս, նախքան Մոսկվա տեղափոխելը, ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո ծառայել է ՀՀ զինված ուժերում։

-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը, և ձեր համոզմամբ՝ այս իրավիճակը ի՞նչ գործոնների արդյունքում է առաջացել։

-Ընդհանրապես ցանկացած հարաբերություններ, անկախ նրանից՝ դրանք որ պետությունների միջև են ձևավորվել, այդ հարաբերությունների շարունակությունն իր վրա է վերցնում տվյալ պետության ղեկավարությունը։ Այսինքն՝ այլ խնդիր է, որ պետություններն ու ազգերն ունենան միմյանց հետ լավ հարաբերություններ, բոլորովին այլ խնդիր է, թե ովքեր են այդ հարաբերությունները կրողները, բանակցությունները վարողները։ Հայ-ռուսական հարաբերությունները դարեր շարունակ հայ և ռուս ժողովուրդների միջև գնահատվել են եղբայրական, կան և կլինեն։ Այլ հարց է, որ մենք ունենում ենք համապատասխան իշխանություններ, որոնք գուցեև որոշ բնագավառներում չեն կարողանում այդ հարաբերությունների հասցնել մինչև վերջ՝ ճիշտ նպատակին։

-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։ Ի՞նչ եք կարծում՝ այս և նմանատիպ այլ հակառուսական հայտարարություններն ինչպե՞ս են ընդունվում Մոսկվայում և ինչպե՞ս են ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա։

-Անկախ ղեկավարներից՝ Հայաստանի Հանրապետությունից արվող հայտարարություններից երբևէ դարեր շարունակ հայ-ռուսական հարաբերությունները (նկատի ունեմ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը) Ռուսաստանի Դաշնությունում հայ ժողովրդի նկատմամբ դիրքորոշումը չի փոխվել։ Հայ ժողովուրդը Ռուսաստանում ապրում է ինչպես իր տանը, և նրա նկատմամբ երբևիցե որևէ վատ դիրքորոշում չի ձևավորվել, համոզված եմ՝ չի էլ ձևավորվի։

Իսկ այն հարցին, որ նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններ են արվում, կարծում եմ, որ դա տեղին չէ, և ցանկացած հայտարարություն, որը կարող է խզել նմանատիպ հարաբերությունները՝ առավել ևս մեր ռազմական գործընկերոջ հետ, դա ճիշտ չէ։ Ցանկացած խնդիր, որը ծագում է պետությունների միջև, համոզված եմ, որ անձերի լուծման խնդիր է, այսինքն՝ կլինի դա վարչապետը, կլինեն նախկին նախագահները, թե ապագայում ովքեր որ կլինեն, յուրաքանչյուր հարաբերություն ձևավորվում է անձերի ունեցած հարաբերություններից։ Նույն այդ պետությունների ղեկավարներն էլ, որոնք կրում են այդ պատասխանատվությունը և պարտականությունը, բոլոր բանակցություների և հարաբերությունների հիմնումը կախված է նրանց անձերից։

-Տևական ժամանակ քննարկվում էր, որ 2021 թվականին Դուք եղել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանի թեկնածուներից մեկը։ Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ ի վերջո հենց Դուք չնշանակվեցիք դեսպանի պաշտոնում։

-Ես չեմ նշել, որ դեսպանի թեկնածու եմ եղել։ Այդ ժամանակ դա քննարկվում էր լրատվամիջոցներում, և դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպում ունեցա։ Այդ հանդիպումը հիմք դարձավ, որպեսզի հայկական լրատվականները տարածեն, թե իբրև թե մենք այդ հարցում համապատասխան պայմանավորվածություն ունենք։

-Միևնույն ժամանակ ՀՀ իշխանությունները դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումներ են կատարում, և անգամ իրենք են դա ընդունում։ Ձեր կարծիքով դա ճի՞շտ գործելաոճ է, մասնավորապես այնպիսի երկրի դեպքում, ինչպիսին Ռուսաստանն է։

-Ռուսաստանի Դաշնությունում ապրում է հայ ժողովրդի ամենամեծ հանրությունը՝ սփյուռքը, եթե մենք ՌԴ-ում ապրող հայերին անվանենք սփյուռք։ Այստեղ ավելի քան երեք միլիոն հայեր են ապրում։ Անկախ դրանից դեսպան կնշանակվի քաղաքական, թե դիվանագիտական գործունեությամբ զբաղվող անձը, գոյություն ունի մեկ կարևոր փաստ՝ դեսպանը, ով նշանակվում է տվյալ երկրում, պարտավոր է իմանալ այդ երկրում ապրող հայերի հոգսը, ցավը, նրանց մշակութային և հասարակական կյանքը։ Այսինքն, նա պետք է արդեն իսկ տեղյակ լինի այդ երկրում իր հայրենակիցների իրավիճակին, բացի այդ՝ լինի այն անձը, ով կարող է այդ հարաբերությունները թե՛ դիվանագիտական, թե՛հասարակական շրջանակներում բերի այն աստիճանի, որպեսզի ցանկացած իրավիճակում այդ հնարավորություններն ուղղվեն մեր երկրին։

Հասարակ մի օրինակ․ եթե մենք համարում ենք, որ ՌԴ-ում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը, ապա վերջին մի քանի տարիներին մենք լավ ենք գիտակցում, որ Ռուսաստանում ապրող հայերի շրջանում բավականին ձևավորված, բավականին մեծ, հսկայական բիզնեսմենների խմբեր ունենք, մեծ մասնագետներ ունենք և այլն։ Հաշվի առնելով այս ամենը՝ այն դեսպանը, կամ հանձնակատարը, ով որ կլիներ, նրա հիմնական նպատակը պետք է լիներ այդ բոլորի համախմբումը և դա մեր հայրենիքի զարգացմանն ուղղելը։

-Ձեր համոզմամբ՝ ներկայիս դեսպանին դա հաջողվո՞ւմ է անել։

-Ճիշտն ասած՝ եթե դա հաջողվեր, մենք դրա ականատեսը կլինեինք՝ թե՛ դիվանագիտական ոլորտում, թե՛ հասարակության հետ շփումներում։

-Ձեր վերջին հարցազրույցում խոսել էիք նաև համազգային միասնության անհրաժեշտության մասին։ Ի՞նչ եք կարծում դա ներկայիս իշխանության և ընդդիմության պարագայում հնարավո՞ր է ապահովել՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից իրար ուղղված փոխադարձ մեղադրանքները, անհանդուրժող կեցվածքը, որոնց մասին նաև խոսել էիք։

-Նախ՝ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմությունը միայն Հայաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը չեն։ Այսինքն՝ ընդդիմություն լինելը մենաշնորհ չէ։ Այն քաղաքական ուժերը, որոնք պայքարում են զուտ աթոռի համար, և իրենց նպատակը հանուն երկրի բոլորին միավորելը և քայլեր ձեռնարկելը չէ, ուրեմն նրանք պարտավոր են զիջել այդ ամեն ինչը։ Իսկ եթե բոլորը գոնե մեկ վայրկյան մտածեն մեր երկրի վաղվա օրվա մասին, ապա հնարավոր է։ Եթե հարցնեք, բոլորն էլ կասեն այո, մենք մտածում ենք երկրի համար, բնականաբար տալու են նույն պատասխանը, սակայն նրանք, եզրեր չեն գտնում, քանի որ իրենց անձերը, իրենք եսերը և իրար մեջ ունեցած խնդիրներ չեն դնում մի կողմ, իսկ պետության շահը դա ամենաբարձր շահն է, որը կարող լինել ցանկացած անձի մեջ։

Դավիթ Գույումջյան