Երևան +15°
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 21:00 12-06-2023

Մոսկվայում իրական օրակարգ չկա. Ադրբեջանը փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը հայտարարել է, որ Նախիջևան տանող հաղորդակցության վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։ Հատկանշական է, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ի պատասխան նշել էր, որ կողմերի միջև նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, անդրադառնալով կողմերի իրարամերժ հայտարարություններին, նշեց, որ նման իրարամերժ հայտարարությունները շատ տարօրինակ են և ըստ իս՝ խոսում են այն մասին, որ Մոսկվայում տեղի ունեցած փոխվարչապետների բանակցություններում փոխհամաձայնեցված օրակարգ չկա։ Նա նկատում է, որ իրարամերժությունը շատ կարևոր հարցի շուրջ է, քանի որ դա այդ հարթակում ընթացող բանակցություններում թիվ մեկ հարցն է։

Ստեփանյանն ընդգծում է՝ պետք է հաշվի առնել, որ մինչ այդ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ մեզ համար կարմիր գիծ է, և մենք կարող ենք այդ երթևեկությունը մեր երկրի տարածքով կազմակերպել միայն մեկ պայմանով, որ այնտեղ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության որևէ ներկայացուցիչ չի լինելու։ Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ գոնե այս փուլում Մոսկվայում իրական օրակարգ չկա, և իրականում հիմա Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել, որպեսզի ադրբեջանական օրակարգը, որի մասին խոսում էր Մուսթաֆաևը, դառնա իրականություն»,- նշեց նա։

Հարցին, թե Ադրբեջանի փոխվարչապետի հայտարարությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ Բաքուն համակերպվել է այն իրողության հետ, որ արտատարածքային միջանցք չի ստանալու, քաղաքագետը նշեց, որ վաղուց էր հայտնի, որ արտատարածքային միջանցք չի լինելու։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթում որևէ արտատարածքային միջանցքի մասին խոսակցություն չկա։

Քաղաքագետը նշում է, որ այս խոսակցությունների ամբողջ մեխը եռակողմ հայտարարության 9-րդ կետն է, համաձայն որի՝ այդ ճանապարհի վերահսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ «Հաշվի առնելով, որ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն կատարում այդ թղթի որևէ դրույթ, և միակ կողմը, որը մինչև այսօր կատարել է այդ թղթի դրույթները, Հայաստանն է, այսօր ՀՀ-ի դիրքորոշումը հետևյալն է՝ այնտեղ Ռուսաստանի ԱԴԾ-ն չպետք է լինի, դա պետք է լինի միայն մեր հսկողության տակ։ Այսինքն, ճանապարհը պետք է գործի այն նույն պայմաններով, որով, օրինակ, տեղի է ունենում հայկական տրանզիտը Վրաստանի տարածքով՝ միջազգային պայմաններով։ Խոսքը սրա մասին է, իսկ արտատարածքային միջանցքի մասին վաղուց խոսակցություն չկա»,- ընդգծեց նա՝ վերահաստատելով իր տեսակետն առ այն, որ Ռուսաստանը փորձելու է Հայաստանի վրա ճնշում գործադրել, որպեսզի 9-րդ կետն իրականանա այնպես, ինչպես դա գրված է այդ փաստաթղթում։

Մեր հարցին, թե արդյոք Հայաստանին կհաջողվի՞ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում դրանք պահել իր վերահսկողության տակ, քաղաքագետը պատասխանեց, որ եթե հայկական կողմը տեղի չտա ռուսական ճնշմանը, իսկ այսօր Ռուսաստանն ակնհայտորեն նման լծակներ չունի այդ ճնշումը կիրառելու համար, ապա կհաջողվի։ Նա նաև նշեց, որ եթե Հայաստանը տեղի տա, և ռուսական ու ադրբեջանական շահերն առաջ մղվեն, որոնք այս պարագայում իդենտիկ են, այդ դեպքում մենք կգործենք ի վնաս մեզ, և Ռուսաստանի ԱԴԾ-ն կարող է այնտեղ հայտնվել։

Դավիթ Ստեփանյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ղեկավարությունը կլինի վճռական, տեր կկանգնի իր ասածներին և կվարվի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, այլ ոչ թե Ռուսաստանը և Ադրբեջանը։

Դավիթ Գույումջյան