Ինչպես ցանկացած երկիր, այնպես էլ Թուրքիան ունի արտաքին և ներքին թշնամիներ, որոնք սպառնում են տվյալ պետությանը, իսկ պետությունն իր հերթին այնպես է ձևավորում իր քաղաքականությունը, որպեսզի հնարավորինս չափ հակազդի այդ սպառնալինքներին, կամ առավել հաջող պետությունների դեպքում՝ չեզոքացնի դրանք։ Թուրքիայում վերջին տարիներին տեղի ունեցող զարգացումների արդյունքում, երբ պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը աստիճանաբար անցում էր կատում դեպի ավտորիտար իշխանության վերջինիս նաև չափազանց անհրաժեշտ էր արտաքին թշնամու կերպար ունենալը, որի դեմ պայքարի շուրջ կկարողանար միավորել երկրի բնակչության հիմնական մասին։
Այս համատեքստում Թուրքիայի հասարակության մի զգալի շերտի մոտ վերջին տարիներին աճել են հակաամերիկյան տրամադրությունները և արտաքին թշնամու կերպարում ԱՄՆ-ի ընկալումները։ Սրան նպաստել է նաև 2012-2013 թվականներից սկսած Թուրքիայի նախագահ Էրդղոանի և ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող, Թուրքիայում հետևորդների մեծ բանակ ունեցող հոգևոր և հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարաբերությունների սրումը, ով մի ժամանակ հանդիսանում էր Էրդողանի գաղափարակիցներից մեկը։ Լարվածության պատճառ դարձավ այն հանգամանքը, որ քրդական համայնքների դեմ ընթացող դատական գործընթացի ժամանակ գործը վարող մի շարք դատախազներ, ովքեր կապեր ունեին Գյուլենի հետ, պարզեցին, որ ներկայումս Թուրքիայի ԱԳ նախարար նշանակված, իսկ այն ժամանակ երկրի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը կառավարության անունից գաղտի բանակցություններ է վարել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։
Գյուլենական շարժման համար այս բացահայտումը հավասարազոր էր պետական դավաճանության, քանի որ շարժումը երկար ժամանակ համագործակցում էր ծայրահեղ ազգայնամոլական շրջանակների հետ։ Երբ դատախազությունը Ֆիդանին կալանավորելու հրաման արձակեց, կառավարությունն անմիջապես արձագանքեց, և նույն օրը խորհրդարանն օրենք ընդունեց, որով ԱՀԾ-ին զրկեց քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորութնից, իսկ գործի վարույթով զբաղվող դատախազները հեռացվեցին։
Էրդողանի և Գյուլենի միջև լարվածությունը խորացավ հատկապես 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ, երբ Գյուլենը հանդես էր գալիս երկխոսության և բռնությունը մերժող կոչերով, մինչդեռ Էրդողանը ամեն կերպ իր հայտարարություններով սրում էր իրավիճակը։
Էրդողան-Գյուլեն հակամարտությունը հատկապես լարվեց 2013թվականի դեկտեմբերի 17-ին։ Թուրքիայի արդարադատության համակարգում ամենախոշոր սկանդալներից մեկը համարվում է «Դեկտեմբերի 17-ի հարցաքննությունը» կամ «2013-ի կոռուպցիոն սկանդալը»։ Այդ օրը Թուրքիայում ձերբակալվել է 5 տասնյակից ավելի մարդ, որին հետևել են այս գործի քննությամբ զբաղվող ուժային կառույցների ներկայացուցիչների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարվում է թուրքական կառավարության իրականացրած պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։ Հիմնականում Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ոստիկանների կողմից ձերբակալվել էին Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և Քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկի» գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլք։ Նրանք մեղադրվում էին Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն անելու, ֆինանսական այլ բնույթի գործողություններ կատարելու համար։
Գործի շրջանակներում հայտնի էր դարձել, որ իրավապահները գաղտնալսել էին Թուրքիայի նախագահի և վարչապետի հեռախոսները։ Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել էր որպես խափանման միջոց ընտրել կալանքը, մյուս մասն ազատ էր արձակվել։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ թուրք պաշտոնյաների այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, որոնք ներթափանցել են Թուրքիայի ուժային կառույցներ։ Էրդողան-Գյուլեն հակասություններն էլ ավելի սրվեցին վերջին շրջանում, երբ Թուրքիայում փակվեցին որոշ լրատվամիջոցներ, որոնք համարվում էին Գյուլենական շարժման խոսափողները։
Հաջորդող տարիներին այս լարվածությունը ավելի խորացավ և իր գագաթնակետին հասավ 2016 թվականի հուլիսի 15-ին, երբ Թուրքիայում հեղաշրջման փորձ տեղի ունեցավ, սակայն Էրդողանին հաջողվեց պահպանել իր իշխանությունը։ Էրդղանը հեղաշրջման փորձի համար մեղադրեց Գյուլենին՝ ԱՄՆ-ից պահանջելով արտահանձնել վերջինիս, սակայն Վաշինգթոնը մինչև այսօր հրաժարվում է կատարել այդ պահանջը։ Այս հանգամանքը ակտիվորեն շահարկվում է Էրդողանի և վերջինիս մերձ քաղաքական գործիչների շրջանում, ովքեր բացահայտ, կամ տողատակերով բնակչության փորձում են համոզել, որ հենց ԱՄՆ-ն է կանգնած 2016-ի հեղաշրջման փորձի հետևում, ինչի համար էլ հրաժարվում է արտահանձնել Գյուլենին։
Միևնույն ժամանակ այս տրամադրությունները խրախուսվում են նաև Ռուսաստանի կողմից, քանի որ Թուրքիայում կա ընկալում առ այն, որ 2016 թվականին հենց Ռուսաստանի Դաշնության նախագահն է օգնել Էրդողանին պահպանել սեփական իշխանությունը։ Մասնավորապես թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում ակտիվորեն քննարկվում այն վարկածը, որ հեղաշրջման փորձի օրը Էրդողանը սպասվող հեղաշրջման փորձի մասին իմացել է դրանից րոպեներ առաջ, երբ նրան զանգահարել է ՌԴ նախագահը։ Այս վարկածը չափազանց իրատեսական է, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հեղաշրջման փորձից հետո Ռուսաստանի նկատմամբ Էրդողանի հռետորաբանությունը անհամեմատ մեղմվեց, իսկ ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք 2015 թվականի նոյեմբերից հետո չափազանց լարված էին, աստիճանաբար սկսեցին կարգավորվել։
Ինքը Գյուլենը լրտավամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Էրդողանը դեռ տարիներ առաջ էր ծրագրել հեղաշրջման փորձը, պարզապես հարմար պահի էր սպասում: Նրա խոսքով՝ մի շարք փաստեր ապացուցում են իր պնդումը: Նա կարծում է, որ Թուրքիայի նախագահը հեղաշրջման փորձն օգտագործել է՝ իր համար անցանկալի մարդկանց պաշտոնանկ անելու և կալանավորելու համար` այդպիսով ուժեղացնելով սեփական իշխանությունը:
Անդրադառնալով իր երբեմի գաղափարակից Էրդողանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառներին` Գյուլենն ասել է. «Էրդողանը հույս ուներ, որ իրեն հռչակելու էինք բոլոր մուսուլմանների առաջնորդ և աշխարհով մեկ աշխատելու էինք այդ ուղղությամբ: Տեսնելով, որ դա չի իրականանում, մեր դեմ դուրս եկավ»:
Գյուլենը հերքել է իրեն հասցեագրվող մեղադրանքները և խոստացել Թուրքիա վերադառնալ այն դեպքում, եթե միջազգային հանձնաժողովի հետաքննության արդյունքում ապացուցվի իր մեղքը: «Հեղաշրջման փորձը նախաձեռնելու վերաբերյալ մեղադրանքները պետք է ապացուցվեն: Եթե Միացյալ Նահանգները որոշի ինձ արտահանձնել, ապա ես կվերադառնամ Թուրքիա», - ասել է նա։
Միևնույն ժամանակ նկատենք, որ Թուրքիայում վերջին շրջանում նկատվում է մի միտում, երբ երկրում առկա բոլոր անհաջողությունների համար մեղադրում են բացառապես Ֆեթուլլահ Գյուլենին և վերջինիս հիմնադրած շարժմանը։ Այս միտումը խրախուսվում է երկրի իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից, որոնք արտաքին թշնամու դեմ պայքարի համատեքստում փորձում են միավորել երկրի բնակչությանը, ինչպես նաև մարդկանց ուշադրությունը շեղել մի շարք կարևոր խնդիրներից։ Այլ կերպ ասած Գյուլենը դարձել է «Թուրքիայի Սորոսը», ով մեղավոր է այդ երկրի բոլոր անհաջողություններիի համար՝ անկախ այն բանից, որևէ մասնակցություն ունի դրանում, թե՞ ոչ։