Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:01 08-06-2023

«ՀայաՔվեն» սկսել ենք մեկ նպատակով՝ հակադրվելու և վերահաստատելու մեր ազգային գոյության իրավունքը․ Չալաբյան

Այն գործը, որն այսօր սկսում ենք, դա իսկապես բառի բուն իմաստով մեծ ազգային նախագիծ է՝ հայկական քվե։ Մենք այսօր մեր քվեով փորձում ենք կանխորոշել մեր ապագան։ Այս մասին այսօր հրավիրված հավաք-քննարկմանն ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Այսօր մենք պետք է իսկապես որոշենք մեր ճակատագիրը։ Մեր առաջ կա շատ հստակ, աներկբա ընտրություն՝ ընտրել ազգ լինելու ճանապարհը, թե ձուլվել ու կուլ գնալ շրջակա աշխարհի պարտադրանքին»,- ասաց Չալաբյանը՝ հավելելով, որ հատկապես վերջին 1 տարվա ընթացքում մեզ փորձում են ներարկել մի գիտակցություն, որ մենք չկանք, մեր տեսակը չկա, պետք է ապացուցենք դեռ։

«Մենք այսօր եկել ենք մի հանգրվանի, երբ մեզնից փորձում են մեր հիմնարար իրավունքը խմել՝ մեր ազգային գոյության իրավունքը, և մենք դրան պետք է հակադրվենք։ ՀայաՔվեն մենք սկսել ենք այդ նպատակով՝ հակադրվելու և վերահաստատելու մեր ազգային գոյության իրավունքը։ Քանի որ ինչ-որ իմաստով օկուպացված վարչակարգի տակ ենք ապրում, մենք ստիպված ենք մեզ սահմանափակել օրենքի շրջանակներում, ուստի մտածել ենք ինչպես է հնարավոր փորձել այս ամենին խոչընդոտել։ Կան կարմիր գծեր, որոնք չի կարելի անցնել,և մենք քրեականացնելու ենք այդ կարմիր գծերը»,- ասաց Չալաբյանը։

Վերջինիս խոսքով՝ երկար մտածելուց հետո հասկացել են, որ օրենքի մեջ փոփոխություն է պետք մտցնել․ «Դեռևս 1992թ․ հուլիսի 8-ին, ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է կարևորագույն որոշում ԼՂ-ում իրավիճակի հետ կապված, որի 3 կետերից 2-րդը բացահայտ կերպով հայտարարում է, որ ՀՀ-ի համար անթույլատրելի է ցանկացած փաստաթուղթ, որով ԼՂ-ն կարող է նշված լինել Ադրբեջանի կազմում։ Նույնիսկ օրենսդրական կարգավորման մակարդակով հարցը ֆիքսված է, բայց մենք կարծում ենք, որ պետք է մի քայլ էլ առաջ գնալ, այդ որոշումը խախտելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն։ Որպեսզի դա տեղի ունենա, պետք է ԱԺ մտցնել համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, հասնել նրան, որ ԱԺ-ն դա ընդունի, և եթե դա տեղի չի ունենում, հարցը տանել հնարաքվեի»։

Չալաբյանի խոսքով Սահմանադրությունը տալիս է այդ հնարավորույունը, իսկ 2018 թվականին ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքը դրա համար սահմանել է հստակ ընթացակարգ, ըստ որի քաղաքացիական նախաձեռնությամբ խումբն իրավունք ունի դիմել ԿԸՀ, ներկայացնել օրենքի նախագիծ, ստանալ համապատասխան թույլտվություն և համաքաղաքացիների 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում օրենքի ուժով նախագիծը ներկայացել ԱԺ քննարկման, իսկ եթե ԱԺ-ն մերժում է, կամ գործող ԱԺ-ի դեպքում՝ խուսափում է օրենքի քննարկումից, ապա նախաձեռնող խումբն իրավունք ունի դիմելով ԿԸՀ-ին, վերահաստատել նախաձեռնության շարունակութունը և ևս 300 հազար ստորագրություն հավաքելով, օրենքի պարտադիր ուժով օերնքի նախագիծը բերել հանրաքվեի։

Նրա խոսքով՝ «Հայաքվե»-ի նպատակը Քրեական օրենսգրքի Սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործությունների բաժնում երկու հոդված ավելացնել է, առաջինով քրեական պատասխանատվություն է սահմանվում ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում:

«Երկրորդ հոդվածով քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար»,-ասաց Չալաբյանը: վ

Մանրամասները՝ տեսանյութում․