Երևան +19°
copy image url
Խոսք Ներքին 10 ամիս առաջ - 17:27 05-06-2023

Ես մեքենայից դուրս եմ թռել, որովհետև չէի կարող այլ կերպ դուրս գալ․ Աշոտ Փաշինյան

Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանքի տնային կալանքով փոխարինելու որոշումը կբողոքարկի։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, դատական նիստի ժամանակ հայտարարեց գործով մեղադրող դատախազը։

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն օրինական և պատճառաբանված չէ, ինչի համար վճռաբեկ բողոք կներկայացվի։ Խափանման միջոց կալանքի հիմքերն առկա են՝ նոր հանցանք կատարելը։ Միայն կալանքն է ի զորու սույն փուլում ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Մարտիրոսյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ զոհված զինծառայողների ծնողներից մեկը՝ Վիգեն Ազատյանը, զանգահարել է Աշոտ Փաշինյանին և հորդորել ԶԼՄ-ներով հայտարարել մեջբերում եմ․ «իրենց հետ կապ չունես, որ մեր խոսքը համապատասխանի»։

Բացի այդ, Աշոտ Փաշինյանին ասել են, որ եթե այս անգամ չի հաջողվել նրան տեղափոխել «Եռաբլուր», մյուս անգամ կտանեն»,- ասաց դատախազը։

Աշոտ Փաշինյանը զերծ մնաց Հակոբյանի խափանման միջոցի հարցով դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ դա իրավաբանների գործն է։

«Հաստատում եմ, որ ինձ զանգահարել է Վիգեն Ազատյանը, ով այդ օրը եղել է դատարանի բակում Գայանե Հակոբյանի հետ։ Հաստատում եմ, որ եղել են փորձեր իմ նկատմամբ դիմումս հետ վերցնելու համար»,- նշեց Փաշինյանը։

Նշենք, որ ավելի վաղ դատարանում Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ ապրում է Գարեգին Նժդեհ փողոցում (այսինքն՝ ծնողներից առանձին) եւ չի աշխատում։

Աշոտ Փաշինյանն ասաց՝ ես մեքենայից դուրս եմ թռել, որովհետև չէի կարող այլ կերպ դուրս գալ։

«Իմ կամքին հակառակ ինձ պահել են մեքենայի ներսում և փորձել են տեղափոխել։ Ես դուրս թռչելուց յոթ րոպե առաջ արդեն ասել եմ, որ արգելակի»,- ասաց նա։

Փաշինյանը չպատասխանեց, թե ավտոմեքենայում իր հասցեին մահվան սպառնալիքներ հնչել են, թե ոչ։
«Այս պահին Քննչական կոմիտեն մեղադրանք ունի առևանգման մասով, մնացածը հայտնի կլինի ավելի ուշ»,- նշեց նա։

Հարցին, թե կողմ է, որ Գայանե Մարտիրոսյանը մնա կալանքի տակ, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «Հայաստանում հանցագործությունները պետք է պատշաճ գնահատակններ ստանան։

Եթե ես խափանման միջոցի վերաբերյալ բան չեմ ասում, դա չի նշանակում, որ պաշտպանական կողմը պետք է մաքսիմալիստական մոտեցումներով հարցին մոտենա:

Նույնիսկ քննարկման ենթակա չէ, տեղին չէ ասելը, որ խափանման միջոց կալանքից պետք է անցում կատարվի ազատության»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի շատ հայտարարություներ չեն համապատասխանում իրականությանը. «Տիկին Գայանեն շատ աղմկահարույց դեպքերի հետ է կապվել: Այդ միջադեպը, որ տեղի է ունեցել, այդ պահին ինքը դատարանից էր դուրս գալիս այն պատճառով, որ ինքը պաշտոնատար անձանց մուտքը արգելել էր «Եռաբլուր»։ Ի՞նչ վարքագծի մասին է խոսքը: Այն խումբը, այն կազմակերպությունը, որի անունը ես ինքս չգիտեմ, որոնք այդ պահին գտնվում էին այդտեղ, այդ կազմակերպությունը հայտնի է հանրային սպառնալիքներ, մանկապարտեզներ պայթեցնելու հայտարարություններ անելով, ու պաշտպանական կողմը եկել, այնպես է նրանց մասին խոսում, կարծես ակադեմիկոսների ու գիտնմականների մասին է խոսքը, որոնք ամբողջ օրը մաթեմատիկայով են զբաղված»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը խափանման միջոցի հետ կապված առաջարկություն չունի, Աշոտ Փաշինյանն ասաց. «Չունեմ այն պատճառով, որ ենթադրում էի, որ պաշտպանական կողմն ավելի համագործակցող մոտեցում ցույց կտա և կարիք չի լինի դրան անդրադառնալ: Եթե պաշտպնական կողմն այս մոտեցումն է որդեգրել, շատ բարի, ուրեմն իմ մոտեցումն այն է, որ նույնիսկ տնային կալանքը կարող է նաև մեղմ համարվել»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ տեղի ունեցած ծանր հանցագործություն է, որը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում:

Ամենից շատ դիտված